[ARM]     [RUS]     [ENG]

Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

 

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:

Արարողությանը մասնակցող զինվորականները, Մայր Աթոռի միաբանները և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցները միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար։

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ընդունելություն, որի ժամանակ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների։

Զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։