[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

 

Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտել են այսօր՝ ժամը 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծեով ադրբեջանական դիրքերը։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։
Այս կեղծիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խորապես արհամարհում է միջազգային հանրության կարծիքը՝ բացահայտ ստեր տարածելով Հայաստանի՝ իբր ագրեսիվ գործողությունների մասին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային։