[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018

Հաղորդագրություն

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:


 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ  կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

Այցելություն մայրաքաղաքի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային

 համալիրի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:


 

 

 

 

Հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:


Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

 

ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանի մասնաճյուղ Մեծ Թաղերի Ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի անվան թանգարանն այսօր ոչ բարվոք պայմաններում է գտնվում, ահազանգում է թանգարանի տնօրեն Արծիվ ԼԱԼԱՅԱՆԸ:


 Տնօրենի տեղեկացմամբ, թանգարանը հիմնադրվել է 1980թ. մայիսի 9-ին, թեկուզ շենքը կառուցվել է ավելի վաղ` 1975-ին: Կահավորման, ցուցանմուշների ապահովման, մարշալի կիսանդրու ստեղծման հարցը լուծվեց այդ հինգ տարիների ընթացքում: Եվ երբ բրոնզե կիսանդրին պատրաստ էր, տեղադրվեց թանգարանի շենքի առջև: Նշված տարեթվին տեղի ունեցավ կիսանդրու հանդիսավոր բացումը: Միջոցառման նշանակությունը մեծ էր այնքան, որ անգամ ներկա էր մարշալի ընտանիքը:

ՙԿիսանդրու հեղինակը Արցախում հայտնի քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է,- նշում է տնօրենը: -Ցուցասրահների ձևավորումը կատարել է նկարիչ Սուրեն Պետրոսյանը, ով նաև յուղաներկով արված երեք կտավներ է ստեղծել թանգարանի համար: Այդ կտավներում լեգենդար ռազմական գործիչը ներկայացված է տարբեր միջավայրերում` մարտադաշտում, խաղաղ պայմաններում: Ցուցասրահների ձևավորման գործում  իր մասնագիտական փորձն է ներդրել ազգագրագետ Շահեն Մկրտչյանը: Մի քանի տարի անց Գրոզնի քաղաքից հաջողվեց տեղափոխել ՄԻԳ-17 ռազմական ինքնաթիռ, որն էլ 1984 թվականին տեղադրվեց թանգարանի բակում: Այս ամենն իրականություն դարձավ շնորհիվ սովխոզի տնօրինության թե՜ բարոյական և թե՜ ֆինանսական աջակցության՚:

Այսպես հարստացնելով ցուցանմուշների հավաքածուն` թանգարանը բավականին հաջող գործունեություն էր ծավալում: Սակայն Արցախյան պատերազմի թեժ տարիներին դադարեց նրա գործունեությունը: Եվ 1992-93թթ. թանգարանը վերածվեց զինվորական շտաբի: Նմուշների որոշ մասը տեղափոխվեց գյուղապետարանի մի սենյակ, մյուս մասն այդ տարիների ընթացքում փոշիացվեց, իսկ կտավները գյուղում ապրող մարշալի բարեկամները պահեցին իրենց տներում: Այս տխուր իրավիճակը տևեց շուրջ 10 տարի:

2001 թվականին թանգարանը վերաբացվեց: Սակայն շենքը վատթար վիճակում էր. ցուցանմուշները հնարավոր չէր տեղափոխել: Նոր նշանակված տնօրենը` Նիկոլայ Թումանյանը, պարզապես կարգի էր բերում ցուցանմուշները, խնամք տանում:

Շենքը վերանորոգվեց 2003-ին, տնօրեն նշանակվեց մասնագիտությամբ իրավաբան, հոգու կանչով նկարիչ Արծիվ Լալայանը: Նրա ղեկավարությամբ պահպանված ցուցանմուշները տեղափոխվեցին թանգարանի շենք, իսկ եղած հավաքածուն հարստացավ նորերով: Տնօրենին հաջողվեց մարշալի բարեկամներից մեկին համոզել ` թանգարանին վերադարձնել Սուրեն Պետրոսյանի հեղինակած կտավը, որտեղ Ա. Խանփերյանցը պատկերված է մարտադաշտում: Բայց մյուս երկու կտավները տակավին պահվում են բարեկամների տանը: Նրանց առայժմ չի հաջողվել համոզել, որ հատուկ թանգարանի համար ստեղծած այդ կտավները ետ բերվեն: Սակայն Ա. Լալայանը հույսը երբեք չի կորցնում, գիտի, որ մի գեղեցիկ օր այդ կտավներն իրենց իսկական տեղը կգտնեն թանգարանում:

Ինչպես արդեն նշել ենք, նորանշանակ տնօրենի օրոք թանգարանի հավաքածուն հարստացավ նոր ցուցանմուշներով: 2003-2004թթ. նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը թանգարանի համար ձևավորեց 14 վահանակ, որոնցից 10 նվիրված էր լեգենդար հերոսին, իսկ 4-ը` Երկրորդ աշխարհամարտում զոհված, անհայտ կորած մեծթաղերցի սպաներին ու զիվորներին: ՙԲանն այն է,- բացատրում է տնօրենը,- որ 288 զոհված և անհայտ կորած մեծթաղերցիներից 145-ի անունը, լուսանկարների բացակայության պատճառով, ոչ մի տեղ չի նշված՚: Ահա թե ինչու մի առանձին վահանակ նվիրված է նրանց, այսինքն` առանց լուսանկարների վահանակի վրա գրված են այդ զոհված կամ անհայտ կորած 145 համագյուղացիների անուններն ու ազգանունները: Երկու վահանակ ձևավորել է նկարիչ-քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը: Դրանք նվիրված են Արցախյան գոյամարտում զոհված և՜ զինվորների և՜ խաղաղ բնակիցների հիշատակին:

Հաջորդ տարիներին թանգարանի հավաքածուն համալրվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված ևս երկու վահանակներով, որտեղ ներկայացված են Մեծ Թաղերի և շրջակա պատմամշակութային հուշարձանների մասին ամփոփ տեղեկություններ: Մեկ վահանակ էլ ձևավորեց հենց ինքը` տնօրենը, որը նվիրված է Արցախյան ազատամարտի թե՜ զոհված և թե՜ ողջ մնացած ակտիվ մասնակիցներին:

Ա. Լալայանի նախաձեռնությամբ, թանգարանում իրենց տեղն են գտել մի քանի նոր հավաքածուներ, որոնք պարունակում են հնագիտական, կիրառական մշակույթի և ազգագրական իրեր:

ՙՑավոք,- ափսոսանքով վկայում է տնօրենը,- այս տարիներին կուտակված նյութերի, ցուցանմուշների պահպանման հարցը մտահոգման առիթ է տալիս, քանի որ պայմանները բարվոք չեն: Բանն այն է,- պարզաբանում է նա,- որ թանգարանի շենքն ունի կիսանկուղային հարկ, որի հյուսիսային պատն ամբողջությամբ հողի մեջ է: Խոնավության հետևանքով բորբոսնում են պատերը, փտում է փայտե հատակը: 2-րդ հարկը ևս ունի խնդիրներ: 15 տարի է անցել վերջին վերանորոգումից, ընդ որում` ոչ հիմնովին արված: Պատերի ներկի շերտը ճաքճքված է, պատուհանների փայտե փեղկերը քայքայված: Անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգում, հատկապես խոնավությունը վերացնելու նպատակով՚: 

-Ի դեպ,- վերհիշում է մեր զրուցակիցը,- 2016-ին, մինչև ապրիլյան պատերազմը, մի խումբ նախագծողներ եկել էին գյուղ` թե՜ հանրակրթական դպրոցի և թե՜ դպրոցի բակում գտնվող թանգարանի չափագրումներն անելու` այդ երկու շենքերը հետագայում հիմնանորոգելու նպատակով: Բայց պատերազմից հետո այդ աշխատանքները չեն շարունակվել: 2017-ին հուշարձանն է փոքր-ինչ նորոգվել, սակայն` ոչ պատշաճ մակարդակով: 

Անշուշտ, շեշտում է տնօրենը, թանգարանի նման պայմանների մասին վերադաս մարմինները տեղեկացված են: Հասկանալի է, երկրում բազմաթիվ են խնդիրները: Սակայն մեծթաղերցի լեգենդար հերոսի անվամբ, թանգարանի՝ նրա կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցանմուշները չպետք է բարձիթողի վիճակում լինեն: Ա. Լալայանը հուսով է, որ առաջիկա տարիներին հարցը վերջապես դրական լուծում կստանա:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆԸ

 

 

 

Դեկտեմբերի 24-25-ը Արցախում էր ՀՀ ՙՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՚ հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ:


Արցախի պետական համալսարանում ՙՈրակի ապահովման համակարգ. ինստիտուցիոնալ հավատարմագրում՚ թեմայով տեղի ունեցավ աշխատաժողով, որին ներկա էին Արցախում գործող համալսարանների ռեկտորները, բուհերի ինքնավերլուծություն իրականացնող խմբերի ներկայացուցիչները: 

Նշենք, որ  ԱՀ կառավարության որոշմամբ` մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը Արցախում գործող բոլոր բուհերը պարտադիր պետք է անկախ կառույցի կողմից անցնեն հավատարմագրման:  Նման կառույցը  Հայաստանում  ՈԱԱԿ-ն է, որը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի անդամ է, գրանցված է Բարձրագույն կրթության որակի ապահովման գրանցամատյանում /EQAR/, և նրա կողմից հավատարմագրված բուհերը տեսանելի են եվրոպական կրթական տարածքում: 

ՀՀ  ՈԱԱԿ-ը  երկրորդ անգամ էր աշխատաժողով կազմակերպում Արցախում: Առաջինն այս տարվա հունիսին էր, որի ժամանակ Ռ. Թոփչյանի ղեկավարած պատվիրակությունը պարզաբանեց բուհերի հավատարմագրման էությունը, նշանակությունը, անհրաժեշտ քայլերը, անցկացրեց սեմինար բուհերի վերլուծություն իրականացնող խմբերի հետ: 

Աշխատաժողովի մասնակիցներին  ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ հավատարմագրման գործընթացը մեծ ծավալի աշխատանք է բուհի ներսում պահանջում և շնորհակալություն հայտնեց ՀՀ ՈԱԱԿ-ի անձնակազմին` ցուցաբերած մասնագիտական աջակցության համար: Նախկինում Արցախի և ՀՀ պետական բուհերը հավատարմագրում չունեին, քանի որ ընդունված էր, որ եթե հիմնադիրը կառավարությունն է, դրա անհրաժեշտությունը չկա: Իսկ եթե այսօր բուհը  հավատարմագրված չէ, կորցնում է իր գործունեության լիցենզիան:

Ռ. Թոփչյանը նաև տեղեկացրեց, որ աշխարհում  հավատարմագրումը երկու գործընթացից է բաղկացած` ինստիտուցիոնալ  և ծրագրային: Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնելով,  սկսել են ինստիտուցիոնալ հավատարմագրումից: Ընդ որում, Հայաստանում  հավատարմագրման երկրորդ շրջափուլն  է արդեն սկսվել, իսկ  Արցախում այն առաջին անգամ պետք է իրականացվի: 

Ռ. Թոփչյանը ներկայացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման մեխանիզմները, դրան ներկայացվող չափանիշներն ու չափորոշիչները:

Աշխատաժողովի առաջին մասում նա ներկայացրեց հավատարմագրմանն անհրաժեշտ հիմնական դրույթները: Այսօրվա մրցակցության պայմաններում յուրաքանչյուր բուհ ցանկանում է պահպանել իր տեղը, իսկ դրա համար նա պետք է իր առջև հստակ նպատակներ դնի և իրատեսական ռազմավարություն մշակի դրանց հասնելու համար` ելնելով երկրի պահանջներից և սեփական ռեսուրսներից: 

Ռ. Թոփչյանը պարզաբանեց, որ որակի ապահովումը  հենց այն մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ  բարեփոխել կրթական համակարգը: Բուհի խնդիրը ոչ միայն մասնագիտական կրթություն տալու մեջ է, այլև  քննադատական-վերլուծական, նորարարական, ստեղծագործելու, մարդկանց կառավարելու, միմյանց հետ համաձայնեցված գործելու, դատողություններ անելու և որոշում կայացնելու, բանակցելու, ճկուն մտածողությամբ կարողություններ ձևավորելու մեջ է: ՙԱյս կարողությունները պետք է ներառել ուսուցման ձևերի մեջ, և դա կլինի որակի բարելավման ձեր ռազմավարությունը: Որակն այն է, որ դուք պետք է դնեք նպատակ, և այդ նպատակին հասնելու համար համապատասխան  գործողության դիմեք՚,-ասաց Ռ. Թոփչյանը: 

Ռ. Թոփչյանը կարևորեց  բուհերում աշխատանքային պլաններ ունենալու հանգամանքը, անդրադարձավ դասախոսների վերապատրաստմանը, կրթական ծրագրերի ցանկի վերանայմանը և այլ խնդիրների, պատասխանեց տրված հարցերին: Օրվա երկրոդ կեսին պատվիրակության անդամներն աշխատեցին ԱրՊՀ-ում նախօրոք ստեղծված հանձնաժողովի հետ:Հաջորդ օրը նույն օրակարգով աշխատանքները շարունակվեցին ինչպես ԱրՊՀ-ում, այնպես էլ ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում: ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանը պատրաստվում է ՀՀ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին հրավիրել մի փոքր ավելի ուշ:

 Այն մասին, թե հաջորդ այցն երբ է նախատեսվում, Ռ. Թոփչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, բուհերի համաձայնության դեպքում, մայիսին կանցկացնեն փորձնական հավատարմագրում: Առայժմ դեռ նախատեսված չէ ծրագրային հավատարմագրումը, քանի որ դա կամավոր է, և բուհերը դեռ չեն դիմել ՈԱԱԿ-ին: Իսկ թե ինչքան ժամանակով է կատարվում հավատարմագրումը,  պատասխանեց, որ հավատարմագրումը շնորհվում է որոշակի ժամկետով: Կան համալսարաններ, որոնք խնդիրներ ունեն,  երկու տարով են ստանում հավատարմագրումը, կան, որ ավելի շատ ժամանակով:  Բոլոր դեպքերում այդ ժամկետն ավարտվելուց հետո բուհերը պետք է նորից դիմեն ՈԱԱԿ-ին և վերահավատարմագրվեն: Դա շրջափուլային գործողություն է: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ    

 

 

 

 

 

 

 

ՀՈՒՅՍԻ, ԼՈՒՅՍԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ

Շուտով Ամանոր է. աշխարհի ամենաբարի  տոնը՝ լի ապագայի սպասումներով ու հավատով։ 


 Ամանորին անիրականանալին անգամ կարող է իրականանալ։ 

Սովորաբար ընդունված է Ամանորը դիմավորել ամբողջ ընտանիքով, սեփական հարկի տակ։ Իրականում կան մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են մենության եզրին: Բայց նույնիսկ նման կարգավիճակում հայտնված մարդկանց համար կա լույս թունելի վերջում։ 

Այսօր Ստեփանակերտում գործում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն իր տանիքի տակ է առել միայնակ տարեցների, հաշմանդամների։  Այն նաև ժամանակավոր կացարան է անօթևանների համար։ 1995 թվականից Ստեփանակերտում գործող տուն-ինտերնատը ղեկավարում է Իրինա Սարգսյանը, ով երկար տարիների աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծել է մի յուրահատուկ ընտանիք, որի բնակիչները, արյունակցական կապեր չունենալով հանդերձ, դարձել են միևնույն հարկի տակ ապրող մեկ միասնական ընտանիք։ Ընտանեկան ջերմության ու բարի վերաբերմունքի կարիք ունեցող տուն-ինտերնատի բնակիչների համար տիկին Իրինան դարձել է հարազատ մի անձնավորություն:

Ամենուրեք տիրող նախաամանորյա շունչը ներթափանցել է նաև նրանց մեծ ընտանիքը: 

Ուրախալի է, երբ զգում ես, որ նախատոնական այս օրերին տուն-ինտերնատի յուրաքանչյուր բնակիչ համակված է ամանորյա շնչով, նրանց կարոտով լեցուն սրտում տիրում է ուրախություն։ Մանկությունից եկող ամանորյա հրաշքի մասին երևակայական պատկերները դեռ ապրում են նրանց հոգում։ 

ՙԴժվարին ճանապարհ անցնելով` նրանք չեն հուսահատվել, նրանց աչքերում անկեղծ ուրախություն կա՚,- նշում է տիկին Իրինան: 

 Եվ, իսկապես, նրանց հոգու խորքից եկող ժպիտի մեջ կա և՜ երախտագիտություն, և՜ ներողամտություն։ 

Հայկուշ տատիկն, ով արդեն երեք տարի է, ինչ դարձել է տուն-ինտերնատի ընտանիքի անդամ, խոստովանում է. ՙՄեր տանն այնպես չեմ ապրել, ինչպես այստեղ։ Նոր տարին երբևէ այնպես չեմ դիմավորել, ինչպես վերջին տարիներին այստեղ։ Արժանանում ենք ամենաջերմ ու հոգատար վերաբերմունքի թե՜ տիկին  Իրինայի, թե՜ մյուս բոլոր աշխատակիցների կողմից։ Չի անտեսվում և ոչ մի մանրուք։ Ուշադիր ու նրբանկատ են ցանկացած հարցում՚։ 

Իսկ տիկին Լաուրան ժպիտով շարունակում է. ՙՄեր սիրելի տիկին Սարգսյանը մեզ շատ լավ է նայում։ Բավարարում է մեր պահանջը, կազմակերպում հետաքրքիր առօրյա։ Հաճախ են մեզ այցելում տարբեր երաժշտական համույթներ։ Այս նախատոնական օրերին, բարի ավանդույթի համաձայն, երկրի պետական կառույցների ուշադրությանն ենք արժանանում, ուսանողներն են նաև զանազան նվերներով պարբերաբար մեզ այցելում, շնորհավորում բոլորիս Նոր տարին։  Ոգևորվում ենք, շոյվում՚։ 

Բնակիչների վկայությամբ` տուն-ինտերնատի տոնական միջոցառումները սովորաբար համեմվում են Արմեն պապիկի ուրախ կատարումներով։ 

Ինչ ցանկություն ունեն գալիք տարում հարցին՝ նրանցից յուրաքանչյուրը պատասխանում է գրեթե նույնը՝ երկրին` խաղաղություն, մատաղ սերնդին՝ երջանկություն։

Բարություն, ազնվություն, անմիջականություն, ինչո՞ւ չէ, լավատեսություն` հատկանիշներ, որոնք բնորոշ են տուն-ինտերնատի բնակիչներին։ 

Իսկ թևածող աղավնիները, որոնց խնամում են հենց այս ընտանիքի անդամները, այնտեղ տիրող բարի ու խաղաղ մթնոլորտի խորհրդանիշն են։ 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

 

 

 

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Դեկտեմբերի 24-ին` Արհմիութենական աշխատողի օրը, հրավիրվեց ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի տարեվերջյան նիստը` հանրապետությունում գործող 5 ճյուղային հանրապետական և 8 քաղշրջանային արհմիությունների ղեկավար կազմի մասնակցությամբ:


Միջոցառումը, բնականաբար, սկսվեց շնորհավորանքներով: Օրվա կապակցությամբ հանրապետության ամենազանգվածային ՀԿ-ին շնորհավորանքի ուղերձ էր հղել պետնախարար Գ. Մարտիրոսյանը։ Նիստում լսվեց ԱՖ-ի կողմից մեկ տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, որով հանդես եկավ Ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը: 

Ըստ բանախոսի` արհմիությունների պահանջը մնում է նույնը` սոցիալական արդարություն, արժանավոր աշխատանք և աշխատավարձ: Անցնող տարվա ցուցանիշները վկայում են նախորդի համեմատությամբ արհմիությունների կայուն առաջընթացի մասին: Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործում է 695 արհկազմակերպություն` 21780 անդամների ընդգրկմամբ: 2018թ. ստեղծվել է  9  նոր կազմակերպություն:

Արհմիությունների նկատմամբ վստահության ամրապնդման վկայություն է դիմում¬բողոքների թվի աճը. այս տարի ԱՖ-ն ստացել է 1475 դիմում: Ա. Ղահրամանյանի խոսքով` չկա որևէ դիմում (գրավոր թե բանավոր), որում բարձրացված հարցերն օրենքի սահմաններում լուծված չլինեն: Դիմումների զգալի մասը  վերաբերում է ԱՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտումներին: ԱՖ-ն միշտ էլ կարևորել է գործատուների կողմից Աշխատանքային օրենսգրքի պահանջների կատարման վերահսկողությունը: Վաղուց գործում է հաստատված պլան` գործատու-աշխատող հարաբերությունների  կարգավորման  ուղղությամբ:  Տարվա ընթացքում հաջողվել է աշխատանքում վերականգնել արհմիության 7 անդամի, 376 արհկազմակերպություններում ստուգվել են աշխատողների աշխատանքային պայմանագրերը, 62 կազմակերպություններում`  աշխատավարձերի և արձակուրդների հետ կապված խնդիրները: 824 արհանդամների տրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Բանախոսի տեղեկացմամբ` տարբեր ատյաններ են ուղարկվել թվով  60  առաջարկություններ: Ստուգվել են   առևտրի և հացաթխման 66 օբյեկտներ, 139 դպրոցներում և համայնքային բուժկետերում ստուգվել են առաջին անհրաժեշտության դեղորայքի առկայությունը, ձմռան նախապատրաստությունը: Տարին հագեցած էր նաև պետական այրերի հետ կազմակերպված հանդիպումների ու քննարկումների առումով: Հանրապետության Նախագահի, ԱԺ խոսնակի, պետնախարարի, ինչպես նաև ԱԺ կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են օրախնդիր հարցեր: ՙՀամագործակցելով պետնախարարի և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ՝ հաջողվել է կասեցնել ՙՂարաբաղ-Տելեկոմ՚ ՓԲԸ-ի աշխատողների կրճատման դեպքերը,-մանրամասնել է բանախոսը:- Բարձրաձայնել ենք բաժանորդների բողոքները սպասարկման կետերում գոյացող հերթերի վերաբերյալ, համացանցի արագության հետ կապված խնդիրներ: Աշխատողներից երեքը վերականգնվել են: Ապագայում կներդրվեն համապատասխան սարքավորումներ,  հունվարից կբարելավվի ինտերնետ կապը՚:

Ըստ Ա. Ղահրամանյանի` անելիքները, չլուծված խնդիրները ևս քիչ չեն: Թեկուզ կան հաջողություններ արհանդամների առողջարանային հանգիստը կազմակերպելու գործում, այնուամենայնիվ, առայսօր կան բողոքներ, որ այդ ծառայություններից օգտվում են նույն արհանդամները, այդպիսով ստվեր գցում արհմիության գործունեության վրա:  ԱՖ նախագահը կոչ արեց առավել ուշադրություն դարձնել դիմում-բողոքներին, սահմանված կարգի համաձայն քննարկել արհկոմում` հրավիրելով գործատուին, հասկանալ խնդրի էությունը, որից հետո քննարկել վերադաս կազմակերպությունում, անհրաժեշտության դեպքում ուղարկել այլ ատյաններ: 

Նիստը բավարար գնահատեց Ֆեդերացիայի  մեկ տարվա կատարած աշխատանքը: Լսվեցին նաև 2018թ. ԱՖ բյուջեի կատարողականի և 2019թ. բյուջեի հաստատման, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,  հաստատվեց նոր` 2019թ. աշխատանքային պլանը:  

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

ՀԵՔԻԱԹԻՆ ԱՎԵԼՈՐԴ ՙՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ՚ ՊԵՏՔ ՉԵՆ

Ամանորն ու Սուրբ Ծնունդը մանկության և հեքիաթների հետ զուգորդվող տոներ են, որոնց մի առանձին ակնկալիքով ենք սպասում:


Չնայած այս պատրաստությունները բավական ժամանակ և եռանդ են խլում, այնուամենայնիվ, դրանք  մի ներքին, անբացատրելի ուրախ հոգեվիճակներ են ստեղծում ոչ միայն մանուկների, այլև մեծահասակների մոտ: Այս տոներն ամենաբարի ավանդույթներն ու սովորությունները վերհիշելու առիթ են տալիս: Հարազատներն ու ընկերները պարտավորված են զգում այցելել միմյանց, ուրախ ժամանակ անցկացնել, վերհիշել հաճելի իրադարձությունները: Հատկանշական է, որ պատրաստվելը ոչ պակաս հրճվանք է պատճառում, քան բուն տոները: Այդ իսկ պատճառով ցանկալի է դրանք սկսել մեկ ամիս առաջ` ուրախության զգացումն ինչքան հնարավոր է, երկար վայելելու համար: Նրանք, ովքեր սովորություն ունեն ամեն ինչ թողնել վերջին օրերին, սովորաբար, ուրախության և հեքիաթային տրամադրության փոխարեն, նյարդայնանում են, ավելորդ բողոքվում, տրտնջում: 

Ցավոք, վերջին ժամանակներս ՙտրամադրություն չկա՚-ն շատ է հոլովվում: Թախծի պատճառը տոնը չէ կամ մեր անիրականանալի սպասումները, այլ հին, բարի սովորություններին զուգահեռ անիմաստ բարքերին տեղ տալը: Մարդիկ, վարակվելով մասսայական իրարանցումներից, պարտավորված են զգում ճոխությամբ նշելու Ամանորը. վերջին դրամներն են ծախսում խանութի պետքական և անպետք  իրերը տուն տեղափոխելու համար: Այստեղ միայն շահում են առևտրականները: Իսկ շարքային քաղաքացին, տոներից հետո, ընկնում է ինքնամեղադրանքի գիրկը, այդպես էլ չսովորելով էականը տարբերել երկրորդականից: Կարծում եմ, պետք է հրաժարվել այն մտքից, թե, իբր, ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին: Եվ անգամ ամեն  տարի կրկնվող ՙֆիասկոն՚  այդպես էլ չի սթափեցնում մարդկանց: 

Նյութական ծախսերից բացի ամանորյա տոներն ուրախության ու հանգստի փոխարեն, հատկապես կանանց մոտ, գերհոգնածության ու սթրեսների պատճառ են դառնում: Հայ իրականության մեջ այս օրերին սովորություն է հյուրեր ընդունել, ու, որպես կանոն՝ տանտիկինն անընդհատ գտնվում է սեղան պատրաստելու խառնաշփոթի մեջ: Ու, ամենակարևորը, յուրաքանչյուրն իրեն պարտավորված է զգում  նոր ուտեստներով զարմացնել հյուրերին, համոզելով, որ դրանից ոչ մի տեղ չեն կարող համտեսել: Եվ եթե չի բավարարվում գովեստների արժանանալու փափագը, ապա որոշ կանայք ինքնահաստատման ու ինքնահարգանքի հետ լուրջ խնդիրներ են ունենում: Բացի այդ, շատակերության արդյունքում մարդիկ ոչ միայն  ստամոքսի գերբեռնվածություն են ձեռք  բերում, այլև հոգու դատարկություն: Հոգեբանական դիսկոմֆորտին  գումարվում են ընտանեկան  բյուջեի ճեղքվածքից առաջացած տագնապները, ֆիզիկական հոգնածությունը, որոնք կարող են մարդուն հասցնել դեպրեսիայի: 

Մի՞թե շատ ավելի տրամաբանական չէ զերծ մնալ անիմաստ  խառնաշփոթից, ժամանակն անցկացնել ավելի հետաքրքիր՝ առանց ավելորդությունների ու շքեղության, ֆիզիկապես և հոգեպես հանգստանալ: Իսկ ահա Սուրբծննդյան խորհուրդով, որպես քրիստոնյա, ավելի նպատակահարմար է մեր հնարավություններն ու սերը զոհաբերել` կարեկցելով ու օգնության ձեռք մեկնելով մեզ շրջապատողներին, սիրելիներին ու  կարիքավորներին: 

Տհաճ զգացմունքները հաղթահարելու համար, նախևառաջ, ամեն մեկը պետք է ինքն իրեն հարցնի. ինչո՞վ է պայմանավորված կոնկրետ իր թախիծը: Սա թույլ կտա համոզվել, որ դրա պատճառները շատ հաճախ չնչին են: Եթե չկան հիմնավոր պատճառներ, պետք է գիտակցել, որ ուրախությունը, երջանիկ պահերը մենք ենք ստեղծում, ու դրանց համար առիթներ, ցավոք, այնքան էլ շատ չեն լինում: 

 Եվ այսպես` ուրախության համար փորձենք ընդօրինակել երեխաներին: Նրանց ուրախության և հրճվանքի հիմնավոր պատճառներ կամ առիթներ պետք չեն: Տրամադրվելու համար բավական են միայն չնչին մանրուքներ. կոնֆետ, մանդարին, տորթ, խաղալիք, տոնածառ, լավ մուլտֆիլմ… Մանկության հեքիաթը վերադարձնելու համար կարելի է փոքրիկ առիթներ ստեղծել, չնչին նվերներ: Իսկ դրա համար պարտադիր չէ ունենալ մեծ հնարավորություններ կամ խոշոր գումար: Բավական է միայն հին ու հետաքրքիր ֆիլմերով խտասկավառակ, փոքրիկ հուշանվերներ, համակարգչային խաղեր, գրքեր և այլն: Կարելի է տոնական տրամադրություն ստեղծել  ոչ միայն տոն օրերին, այլ նախապես` մի քանի շաբաթ կամ օրեր առաջ: Պետք չէ ամեն ինչ թողնել վերջին օրվան: Այսկերպ նախ կազատվենք  ցեյտնոտից ու լարվածությունից, միաժամանակ տոնական ուրախությունը կերկարաձգենք: Նախապես զարդարելով բնակարանն ու աշխատասենյակը` կստեղծենք ուրախության լրացուցիչ աղբյուր: Հարազատների ու ընկերների համար նվերները նույնպես ցանկալի է գնել նախապես: Հարազատներից բացի, նվերներով ու փոքրիկ անակնկալներով ծանոթ ու անծանոթ կարիքավորներին, հարևան երեխաներին ուշադրության արժանացնելով` ներքին մեծ ուրախություն կապրենք, ինչը ոչ մի արտաքին հանգամանք չի կարող խլել մեզանից: Ուրիշներին պատճառած ուրախությունը ևս մեկ առիթ է վերադառնալու հեքիաթային ժամանակաշրջան` մանկություն, համոզված, որ գեղեցիկ հեքիաթն անիմաստ ՙհամեմունքների՚ կարիքն ու անհրաժեշտությունը չունի: 

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեբան

 

 

 

ՙԼՈՒՅՍԵՐԻ ՔԱՂԱՔԸ՚ ԲԱՑԵՑ ԻՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԴՌՆԵՐԸ

 

 

 

Դեկտեմբերի 25-ի երեկոյան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում մայրաքաղաքի բնակիչների առաջ իր հյուրընկալ դռները բացեց ամանորյա ՙԼույսերի քաղաքը՚: 


 Յուրահատուկ այս միջոցառումն ուրախ տրամադրություն հաղորդելով, մշակութային ժամանց, հյուրասիրություն կազմակերպելով` հաճելի անակնկալներ կմատուցի քաղաքի մեծ ու փոքրիկ այցելուներին: Եվ այսպես` մինչև դեկտեմբերի 30-ը:

Հինգ օր շարունակ ՙԼույսերի քաղաքում՚ ամանորյա տրամադրություն կտիրի: Յյուրաքանչուր օր երեխաներն իրենց ծնողների հետ կհանդիպեն Կաղանդ պապիկի հետ, կդիտեն մանկական ներկայացումներ, սիրված հեքիաթների բեմադրություններ, կունկնդրեն համերգներ: Հընթացս ցանկացողները կհյուրասիրվեն արցախյան համուհոտով ուտեստներով` ժենգյալավ հացով, կուրկուտով, աղանձով, լցոնած խնձորով, գաթայով… 

Հետաքրքիր ժամանցը կապահովեն Ստեփանակերտի և Շուշիի ստեղծագործական կոլեկտիվները. Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, ՙՂարաբաղ՚ էստրադային համույթը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ՙԱրցախի բալիկներ՚ համույթը, ԱՀ ՊԲ ՙԱսպետ՚ համույթը, ՙԱրցախի ձայն՚ նախագիծը, Արցախի պարի պետական համույթը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի պարախմբերը, ՙՎելանս՚ վոկալ համույթը:

Տոնական այս միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն է:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

 

 

 

ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ՝ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

 

 

Ավանդույթի համաձայն` Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացած հանդիսավոր արարողությունը ԱՀ հանդբոլի հավաքականի հերթական հաղթանակի առթիվ էր։ Երկու տարի անընդմեջ Արցախի հանդբոլիստները ՀՀ առաջնությունում զբաղեցնում են 1-ին հորիզոնականը։ 


 Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի քաղաքապետ, ԱՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանն ընդունեց և խրախուսեց հավաքականի մարզիկներին և մարզիչներին։ Նա ջերմորեն շնորհավորեց մարզաձևի ներկայացուցիչներին ձեռքբերումների համար և կարևորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին մեր հանդբոլիստները, հատկապես մինչև 16 տարեկան աղջիկներն ու տղաները, ցուցաբերում են լավ արդյունքներ՝ ՀՀ մրցաշարերում զբաղեցնելով առաջնային տեղեր։ Ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ ոչ մի հաղթանակ հեշտությամբ չի տրվում։ Դա  տքնաջան աշխատանքի արդյունք է։ 

Ներկայում հանրապետության դպրոցներում և մարզադպրոցներում ձևավորվել են հանդբոլի խմբեր, և մարզիչներն անում են հնարավորը` պարապմունքները լիարժեք անցկացնելու համար։ Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր մարզիչներին, ովքեր ջանասիրաբար աշխատում են պատանիների հետ և փորձում այս գեղեցիկ մարզաձևը զարգացնել Արցախում, իսկ մարզիկներին հորդորեց երբեք չինքնահանգստանալ։ Նա նաև վստահեցրեց, որ կաջակցի շնորհալի մարզիկներին ու կերաշխավորի նրանց սովորել ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ հանդբոլի ուղղությամբ։ 

Ստեփանակերտի քաղաքապետարանի ԿԳՍ բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանն իր հերթին շնորհավորելով հանդբոլիստներին, նշեց, որ ՙառողջ ոգի` առողջ մարմին՚ փիլիսոփայությունը մեկ անգամ ևս հավաստեցին հաղթանակած մարզիկները։ Նրա խոսքով՝ հանդբոլը, ինչպեսև մյուս մարզաձևերը, ունեն դաստիարակչական մեծ նշանակություն. մարզիկներն ավելի կազմակերպված են լինում, կայացած, զգոն։ Բոլոր մարզաձևերն էլ պետք է դարձնել զանգվածային, որպեսզի սպորտը դառնա բոլորի կենցաղը, ապրելակերպն ու առօրյան։ Իսկ ԱՀ հանդբոլի հավաքականի կրկնակի հաղթանակը փաստում է մարզիկների քրտնաջան աշխատանքի և մարզիչների նվիրումի մասին։ 

Ավանդույթի համաձայն, քաղաքապետարանը պատվոգրերով և խրախուսական նվերներով պարգևատրեց ԱՀ հանդբոլի մինչև 16 տարեկան աղջիկների և տղաների թիմերի մարզիկներին ու մարզիչներին։ 

Ֆեդերացիայի աղջիկների թիմի մարզիչ Մարիետա Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ձգտելու են նշաձողը միշտ բարձր պահել, իսկ հանդբոլի մարզիչներին  ու մարզիկներին կոչ արեց լինել կուռ` հաղթանակները ձեռքից բաց չթողնելու համար։ 

ՙՇնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ բոլոր փորձությունները մնան հին տարում, իսկ Նոր Տարին բերի միայն նորանոր հաջողություններ ու հաղթանակներ՚,- վերջում հավելեց Մ. Հովհաննիսյանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

 

 

 

Subscribe to this RSS feed