ԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ՝ ՀՆԱԳՈՒՅՆ ՄԱՐԴՈՒ ԳԱՂԹՈՒՂԻՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Դեռ 2002 թվականից Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում պեղումներ են իրականացվում միջազգային արշավախմբի կողմից, որի նպատակն է պարզել նեանդերթալյան մարդու անցած ուղին և Ազոխի դերը նրա տեղաշարժման ճանապարհին։

Ազոխի քարանձավային համալիրն առանցքային դիրք է զբաղեցնում, քանի որ տեղակայված է աշխարհագրական միջանցքում և, հնարավոր է, անցուղի է ապահովել Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի միջև, ինչպես մարդու վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական ու աֆրիկյան ֆաունայի այլ ներկայացուցիչների համար։ Քարանձավն ինքը կարևոր լրացում է տարածաշրջանի բրածո մնացորդների ուսումնասիրության ոլորտում։ Պեղման ժամանակ կիրառվում են արդիական ու համակարգված մեթոդներ, գտածոների եռաչափ արձանագրություն, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, և երկրաբանական մանրազնին աշխատանք։ ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2015թ. հուլիս – օգոստոս ամիսներին միջազգային գիտական արշավախմբի կողմից վերսկսվել ու շարունակվել են Ազոխի քարանձավի պեղումները՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Տ. Քինգի գլխավորությամբ։ Պեղումներն իրականացվել են Ազոխ 1¬ի երկրորդ շերտում, գտնվել են 500 կտոր քարե գործիքներ, տարբեր կենդանիների ոսկորներ, շատ են հատկապես քարանձավային արջի ոսկորները։ Առաջին անգամ այս շերտից հայտնաբերվել են ռնգեղջյուրի ոսկորներ։ Նմուշներ են գտնվել, որ վառված, կտրված հետքեր ունեն, ինչը մասնագիտական համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում թույլ կտա պարզել, թե մարդն ինչ առնչություն է ունեցել այդ ամենի հետ։ Արշավախմբում ներգրավված գիտնականները համոզված են, որ Ազոխը եզակի քարանձավներից է, որն իր մեջ պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից մինչ այսօր, և որ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ հեյդելբերգյանը, նեանդերթալյանը և բանական մարդը։ Ազոխում իրականացված պեղումներն ու ուսումնասիրությունները պարզել են, որ հնագույն շրջանում հարուստ էր նաև Ազոխի քարանձավի կենդանական աշխարհը, ինչը վկայում են հայտնաբերված մնացորդները։ Խոշոր կաթնասունների հնեաբանության դոկտոր Ժան վան Դեր Մեյդը (Իսպանիայից) երեք տարի է, ինչ աշխատում է Ազոխում և ուսումնասիրում է կենդանական աշխարհը, սակայն դեռ 2002 թվականից նա Բաքվում ուսումնասիրել է Ազոխի քարանձավից հայտնաբերված նյութերը։ Ըստ նրա, որոշ կենդանատեսակներ վերացված են, ինչպես, օրինակ, եղնիկի տեսակ, որին նույնիսկ անուն տրված չի, բայց շատ նման է դամա տեսակին, ռնգեղջյուրի տեսակներ, քարանձավային մեծ արջ և այլն։ Ըստ գիտնականի՝ կենդանիներից որոշները բնիկ են, ապրել են շրջակայքում, բայց և կան այնպիսիք, որ բերվել են հեռվից, օրինակ՝ ռնգեղջյուրները։ Դոկտոր Ջոն Մյուրեյը (Իռլանդիա) երկրաբանական ուսումնասիրություններ է կատարում և նպատակ ունի հնաբուսաբանական ուսումնասիրության ենթարկել շերտերը՝ պատկերացում կազմելու համար ամենափոքր բույսերի մասին։ Ազոխի աշխատանքները չեն սահմանափակվում սոսկ պեղումներով, դրանք շարունակվում են տարբեր ասպարեզներում։ Իրականացվում են լաբորատոր ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, և, իհարկե, մասնագետներն իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ գիտական հոդվածներով հանդես են գալիս տարբեր հարթակներում։ Եվ ի ամփոփումն այս ամենի, այս տարի կտպագրվի Ազոխի մասին գիրք, որն արդեն անցնում է տպագրության վերջին փուլը և բաղկացած է շուրջ 16 գլխից, որտեղ մանրամասն ներկայացված են տարբեր ուսումնասիրությունների արդյունքներ։ Արշավախմբի անդամներն ակնկալում են, որ հետագա պեղումների ընթացքում ի հայտ եկած վկայությունները նոր լույս կսփռեն տարածաշրջանում հնագույն մարդու բնակեցման վերաբերյալ։ 

Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ