[ARM]     [RUS]     [ENG]

ՙԹՈՂ ՍԵՐՆ ՈՒ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՏ ՈՒՂԵԿՑԵՆ ՁԵԶ՚

Նոյեմբերի 8-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում յուրահատուկ տոն էր. մեծ ու փոքր հավաքվել էին նշելու գյուղի հիմնադրման 315-րդ տարեդարձը։ Գյուղն, իհարկե, ավելի հին պատմություն ունի, ինչի մասին են վկայում 13-րդ դարով թվագրված խաչքարերը։

Տոնական միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, հյուրեր Ստեփանակերտից, համագյուղացիներ։ Իսկ միջոցառումն սկսվեց Արցախյան պատերազմում զոհված խնածախցիների հիշատակին կառուցված հուշահամալիրից. մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։ Այնուհետև տոնը շարունակվեց գյուղամիջում, որտեղ թագավորում էին մանուկների խինդն ու ծիծաղը, իսկ նրանց հմուտ ձեռքերով զարդարած բակը նմանվում էր մի հրաշալի հեքիաթի։ Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանը.

-Այսօր բոլորիս համար տոն օր է. ամբողջ գյուղով նշում ենք մեր հարազատ գյուղի հիմնադրման 315-րդ տարեդարձը։ Մենք դրանով իսկ հաստատում ենք այն փաստը, որ այս հողի տերը եղել են մեր պապերը, տեր ենք մենք, տերը կլինեն մեր սերունդները,¬ ասաց նա։¬Խնածախն Արցախ աշխարհի հինավուրց գյուղերից մեկն է՝ իր սովորություններով, իր նիստ ու կացով, բնակչության առանձնահատուկ բնավորությամբ ու աշխատասիրությամբ, որն էլ մեզ է փոխանցվել նախնիներից։ Խնածախցի էին 19-րդ դարի հայ մշակույթի ու հայագիտության երախտավորներից մեկը՝ Մակար Բարխուդարյանը, գիտության վաստակավոր գործիչներ Առաքել Առաքելյանը, Սմբատ Ավագյանը, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։ Ինչքան ուսումնասիրում ենք մեր գյուղի պատմությունը, տեսնում ենք, որ խնածախցիները միշտ էլ հայրենասեր ու համախմբված են եղել, ինչով մենք հպարտանալ կարող ենք։ Բանախոսի տեղեկատվությամբ՝ խնածախցին ակտիվորեն մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ռազմաճակատ է մեկնել 125 հոգի, որոնցից 66-ը հետ չի վերադարձել։ Արցախյան գոյապայքարին մեծ էր խնածախցիների մասնակցությունը։ Համագյուղացիներով համալրված ջոկատը, որն ընդգրկվել էր Ասկերանի գնդի 32-րդ գումարտակի կազմում՝ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ, խիզախորեն մարտնչէլ է թշնամու դեմ։ Գյուղի տղաները միշտ էլ աչքի են ընկել խիզախությամբ ու հայրենասիրությամբ և կռվել են մինչև Արցախի տարածքների ազատագրումը։ Այսօր էլ քիչ չեն նրանք, ովքեր ծառայում են ՊԲ շարքերում և իրենց ներդրումն են բերում Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին։ Արցախյան գոյապայքարից հետո խնածախցիները կարողացան դիմակայել բոլոր դժվարություններին՝ չկորցնելով հավատն ապագայի նկատմամբ։ Այս վերջին 10 տարիների ընթացքում գյուղում կատարված աշխատանքներն ակնհայտ են ու իրատեսական. կառուցվեց գյուղապետարանի շենք, որտեղ տեղակայված են նաև բուժկետն ու փոստի մասնաբաժինը, գյուղում կառուցվեցին աղբյուրներ, անցկացվեցին նոր ջրագծեր, իսկ մի մասը նորոգվեց, տեղադրվեցին ճանապարհների գիշերային լույսեր, նորոգվեցին և խճապատվեցին գյուղամիջյան ճանապարհները, կառուցվեցին հենապատեր, ցանկապատվեց գյուղի գերեզմանոցը։ Այդ ամենն ուղղված էր գյուղի շենացմանը, բնակչության կենցաղային պայմանների բարելավմանը։ Առանձնապես մեծ է համագյուղացիներ, ռուսաստանաբնակ Դավիթ Մարտիրոսյանի, Աշոտ Արզումանյանի ավանդը, ովքեր գյուղի հանդեպ մշտապես ցուցաբերում են անսպառ հոգատարություն։ Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Գյուլչորա Արզումանյանի սրտի խոսքը լի էր սիրով առ հայրենիք.

-Գյուղի մտավորականության անունից շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման համար, որն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Այս տոնը սիրո և միաբանության, գյուղը շենացնելու յուրատեսակ կոչ է։ Կցանկանայի շեշտել, որ համայնքի ղեկավարի կողմից դպրոցը գտնվում է հատուկ ուշադրության կենտրոնում, ինչի համար շնորհակալ ենք նրան։ Ուրախալի փաստ է, որ գյուղում կա մեծ համախմբվածություն։ Տարբեր սերունդներ իրար միացնելով իրենց ուժերը՝ անում են ամեն ինչ, որպեսզի համայնքն օրեցօր ծաղկի ու բարգավաճի։ Կոչ եմ անում բոլորիդ՝ մնալ այսպես համախմբված, չլքել գյուղը, շենացնել այն՝ ի փառս Արցախ աշխարհի։ Սրտառուչ էր նաև Խնածախի բնակիչ Լենսեր Պետրոսյանի խոսքը։ Շնորհավորելով ներկաներին գյուղի 315-ամյակի կապակցությամբ՝ նա բոլորին մաղթեց քաջառողջություն, խաղաղություն, առավել բարեկեցիկ կյանք։ Համայնքի ղեկավարը Խնածախ գյուղի 315-րդ տարեդարձի, մատաղ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու, դպրոցականների մեջ ուսման նկատմամբ սերը մշտարթուն պահելու գործում ունեցած ծառայությունների համար համայնքի պատվոգրերով պարգևա-տրեց դպրոցի տնօրենին, մի խումբ մանկավարժների։ Պատվոգրեր ստացան նաև գյուղում կազմակերպվող հասարակական աշխատանքներին ու միջոցառումներին ակտիվ մասնակից մի շարք երիտասարդներ։ Խնածախի 315-րդ տարեդարձի, գյուղում կազմակերպվող մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար համայնքի պատվոգրով պարգևատրվեց դպրոցի սան Օքսանա Մկրտչյանը, ում գեղեցիկ ասմունքին ու երգին ծանոթ են ոչ միայն խնածախցիները։ Համայնքի ղեկավարն առանձնահատուկ շեշտեց այն երիտասարդների անունները, ում նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ վերջերս գյուղին նայող բլրի կատարին տեղադրվեց խաչ, որն այսուհետ պիտի հսկի ու պահպանի Խնածախի անդորրը։ Ակնհայտ հպարտություն և ոգևորություն զգացին բոլոր խնածախցիները, երբ համայնքի ղեկավարը ներկայացրեց ավագանու որոշումը՝ համագյուղացի Լենսեր Պետրոսյանին Խնածախի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին։ Միջոցառման վերջում դպրոցականները հանդես եկան գեղեցիկ ասմունքով ու երգով, որոնց ամեն մի ելևէջում սեր կար դեպի հարազատ բնակավայրն ու Արցախ աշխարհը և մեծ գնահատանք գյուղի նահատակների ու նվիրյալների հանդեպ։ Շնորհավոր տոնդ, Խնածա՜խ։ Թող սերն ու միաբանությունը հավետ ուղեկցեն քեզ։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ ք. Ասկերան