[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԵԿ ՍՐԲԱՏԵՂԻ

Արցախում սրբավայրերի թիվն օրերս ավելացավ եւս մեկով:

Վարդաձորում մեկ ամբողջական տարածքում են տեղադրված Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանները եւ Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ներկայացուցիչներ շրջակա համայնքներից, մայրաքաղաքից, հյուրեր արտասահմանից: Կան բնակավայրեր, որոնք դիրքի բերումով վահանի ու դարբասի դեր են կատարում ողջ երկրի համար: 90-ականների սկզբին Ստեփանակերտի համար հենց վահանի դեր էր վիճակված կատարել նաեւ Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի, որոնց թվում նաեւ Վարդաձորն էր: Գյուղերի այդ շարքին հաջողվել է պատվով կատարել իրենց դերը՝ փակելով Աղդամից հարձակման անցած հակառակորդի ճանապարհը, եւ վարդաձորցիներն էլ այդ գործում անուրանալի ներդրում ունեն, գնահատում է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Շուշիի ազատագրումից երկու օր անց՝ հակառակորդը լայնածավալ հարձակում սկսեց Ասկերանի ուղղությամբ: Միայն մեկ ամիս անց, 1992-ի հունիսի 12-ին, ոսոխի բազմակի գերակշռող ուժերի ճնշման տակ գյուղը լքեցին վարդաձորցիները: Հակառակորդը, սակայն, այստեղ հաղթանակի բերկրանք չի վայելել, հիշում է Վարդաձորի վաշտի հրամանատար Ֆելիքս Բեգլարյանը. ՙԳյուղը զբաղեցնելու ողջ ընթացքում թշնամուն հանգիստ չենք տվել: Հակառակորդն այստեղ հարյուրավոր զոհեր է տվել՚: Ազերիներն էլ վրեժխնդիր են եղել՝ գրավված Վարդաձորը հիմնովին ավերելով: Երկու ամիս անց, 1992-ի սեպտեմբերին, Վարդաձորն ազատագրողներն այստեղ միայն ավերակներ են գտել: Անցած 20 տարվա ընթացքում գյուղը շենացրել են, ավերված շինությունների մեծ մասը՝ վերականգնել: Սակայն կան կորուստներ, որոնք անհնար է վերականգնել: Արցախյան պատերազմում Վարդաձորը 6 ազատամարտիկ եւ 10 խաղաղ բնակիչ է կորցրել: Դեռ անկատար էր մնում գյուղում Ազատամարտի զոհերին նվիրված անկյուն ունենալու ընդհանուր ցանկությունը: Սպասված գործը նախաձեռնեց Ֆելիքս Բեգլարյանը: Օժանդակեցին ԼՂՀ վարչապետն ու Ազատամարտիկների միության նախագահը: Նախաձեռնությանը միացան նաեւ արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունում հաստատված վարդաձորցիներն ու մարտական ընկերները: Մասնակցել են գյուղի բոլոր բնակիչները, վստահեցնում է համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը. ՙՄեկը՝ մի քիչ շատ, մեկը՝ պակաս, բայց բոլորն էլ մասնակցել են: Ով ինչով կարողացել է: Շատերը հենց բուն շինարարական աշխատանքների են մասնակցել՚: Հուշահամալիրի դաստիարակչական նշանակությունն է ընդգծում Պաշտպանության բանակի ներկայացուցիչը: ՙՓորձը ցույց է տալիս, որ զինվորական ծառայությանն ավելի արագ են հարմարվում եւ իրենց պարտականություններում ավելի բարեխիղճ են հատկապես այն բնակավայրերից զորակոչվածները, որտեղ նման համալիրներ կան, որոնք ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում մեծ նշանակություն ունեն՚,- ընդգծում է ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը: Օրվա առթիվ նաեւ պարգեւատրումներ եղան. պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներ են հանձնվել, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի հրամանով՝ պատվոգրեր: Արցախի ազատամարտիկների միությունը մեդալներ, պատվոգրեր եւ թանկարժեք նվերներ է հանձնել, իսկ գյուղի զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ նաեւ դրամական օժանդակություն: Մանվել Գրիգորյանի ուղերձը ներկայացրել եւ մեդալներ է հանձնել նաեւ ԵԿՄ ներկայացուցիչը: Որ ավագների գործն այսօր շարունակողներ կան, վստահեցնում է նոր սերունդը. կորուստները պարտավորեցնում են: Հուշահամալիրի խորհրդանշական բացումն էլ երկու սերունդների ներկայացուցիչներն են կատարել: Կարմիր ժապավենը Վարդաձորի վաշտի հրամանատարի հետ կտրել է զոհված ազատամարտիկի զավակ Դավիթ Մարգարյանը: Հուշահամալիրի օրհնության կարգը Ասկերանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանն է կատարել՝ Պաշտպանության բանակի հոգեւոր սպասավորների հետ: Ապա առաջին ծաղկեպսակներն են դրվել եւ առաջին ծաղիկներն են խոնարհվել հուշահամալիրում: Այդ օրվան առավել շատ զոհված ազատամարտիկների ծնողներն են սպասել: ՙՀիմա մի տեսակ ավելի թեթեւացած կլինենք: Տղաներն էլի միասին են: Շատ շնորհակալ եմ նախաձեռնող Ֆելիքս Բեգլարյանին ու նրան օգնողներին՚,- հուզմունքը չի թաքցնում զոհված ազատամարտիկի մայր Մարուսյա Մեջլումյանը: ՙՄեր սերունդն Ազատամարտի հերոսներին հիշում է անուն առ անուն, հիշում դեմքերով: Այս համալիրը ոչ միայն մեզ, այլ առավելապես եկող սերունդներին պետք է հիշեցնի տղաների սխրանքը՚,- ասում է համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համալիրի խնամքի ու պահպանության մասին հոգ է տանելու համայնքը: 

 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ