[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ԾԻՐՈՒՄ

Վանք գյուղը հանրապետության ծաղկուն բնակավայրերից է։ Համայնքն ունի 1567 բնակիչ, 382 տնտեսություն։

Դպրոց է հաճախում 265 աշակերտ, մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար, հաճախում է 70-ը։ Արվեստի դպրոցի սանիկների թիվը հասնում է 120-ի։ Այստեղ սովորելու են գալիս Խաչենի ձորակի յոթ գյուղերից՝ Առաջաձոր, Ծմակահող, Շահմասուր, Գառնաքար, Քոլատակ, Թբլղու, Կիչան։ Պատմական գյուղը աստվածային տաճարի՝ Գանձասարի հայացքի ներքո հյուսում է իր նորօրյա կենսագրությունը...Հյուսում է պատերազմական թոհուբոհով անցածին ու կրակներում թրծվածին վայել։ Ժամանակի մարտահրավերներին, առօրեական բոլոր մեծ ու փոքր խնդիրներին դիմակայում է իր նվիրյալ զավակների հովանավորչությամբ։ Արմատներով վանքեցի, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շնորհիվ գյուղն այսօր մի առանձին հմայք է ստացել։ Նրա ներդրումներով են կառուցվել դպրոցը, մանկապարտեզը, համայնքապետարանը, հիվանդանոցը, իր երկրորդ շնչառությունը ստացել փայտամշակման արտադրամասը։ Վերջին հինգ տարում համայնքից միայն մեկ ընտանիք է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ Այստեղ զբաղվածության խնդիրը ևս քայլ առ քայլ լուծվում է։ Գյուղաբնակներն աշխատում են դպրոցում, մանկապարտեզում, հիվանդանոցում, հյուրանոցում, Գանձասարի վանական համալիրում, հանգստյան գոտիներում, փայտամշակմանում, համայնքապետարանում։ Միայն կոմբինատում աշխատում է 180 մարդ։ Աշխատող ձեռքի պակաս գյուղում չկա, աշխատատեղի խնդիր կա, այս ուղղությամբ էլ փնտրվում են միջոցներ, որպեսզի աշխատանքի ընդունակ ոչ մեկը պարապ չմնա։ Գյուղացիները զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի ու վարելահողերի մշակմամբ։ Վարելահողերի մեծ մասը գտնվում է գյուղից որոշակի հեռավորության վրա և մշակելիս խոչընդոտներ են հարուցվում, զգացնել է տալիս նաև գյուղտեխնիկայի պակասը, սակայն վանքեցիները դրանից չեն վհատվում և իրենց բարեկեցությունը կերտում են արդար քրտինքով, հաճախ ապավինելով նաև հարուստ, ճոխ բնության բարիքներին։ Վանք գյուղի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի հետ օրերս հանդիպել ու զրուցել է մեր թղթակիցը։

-Գյուղի կյանքում կարևոր իրադարձություն էին սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Դուք երկրորդ անգամ երեք տարով ընտրվել եք համայնքի ղեկավար։ Ի՞նչ է նշանակում Ձեզ համար ժողովրդի վստահության քվեն։

- Ես նման հարցեր ինձ հաճախ եմ տալիս. յուրաքանչյուր ընտրողի ձայն վստահության քվե է, պատասխանատվության քվե..Այդ պատասխանատվությունն ստանձնում ես միայն մեկ մտայնությամբ. ծառայել ժողովրդին, աշխատել գիշեր ու ցերեկ, լուծումներ գտնել այն բազում խնդիրների համար, որոնք ծառացած են բնակչության առջև։ Ժողովրդի խնդիրները (մեծ թե փոքր) չպիտի անտեսվեն։ Վանքեցիներն էլ պատվախնդիր ժողովուրդ են... ՙԳեղ կանգնի, գերան կկոտրի՚ ասացվածքն ասես նրանց համար է ասված։ Ցանկացած խնդրի շուրջ նրանք միաբանվում են, փորձում լուծում գտնել, ինչքան էլ որ բարդ լինի խնդիրը։ Իսկ ժողովրդի վստահությունը մեկ օրում չի ձեռք բերվում։ Այն տարիների աշխատանքի արդյունք է, և ես պատասխանատու եմ ժողորդիս առաջ իմ յուրաքանչյուր քայլի համար։ Սակայն ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս, ես ունեմ նրանց աջակցության ու ըմբռնողականության կարիքը և հաճախ եմ ստանում դրանք։

-Վանքը մեծ գյուղ է, գաղտնիք չէ, որ մեծ գյուղի հոգսերն էլ մեծ են...Ունե՞ք գյուղի զարգացման ծրագիր, եթե այո, ապա որի՞ն եք տալիս նախապատվությունը։

- Բարետես, օր օրի գեղեցկացող գյուղն իր արտաքին գրավչությունից բացի բազմաթիվ հոգսեր էլ ունի։ Առաջնահերթն ու օրախնդիրը այսօր մեզ համար գյուղը խմելու ջրով ապահովելն է։ Աշխատանքներ են ընթանում, արդեն 90 տոկոսով ներքին ջրացանցը մոնտաժվել է։ ԼՂՀ կառավարության հատկացրած միջոցներով խնդիրը շուտով վերջնական լուծում կստանա։ Երբ ծրագիրն արդեն վերջնական լուծում ստանա, մեր հաջորդ քայլը լինելու է Խաչենագետից գյուղ ոռոգման ջուր հասցնելը, որպեսզի մեր 382 տնտեսությանն ապահովենք ոռոգման ջրով։ Ծրագիրն իրագործվելու դեպքում գյուղի բնակիչները հնարավորություն կունենան տնամերձներից հավելյալ եկամուտ ստանալ։ Սա ևս մի քայլ կլինի գյուղաբնակի բարեկեցության ապահովման գործում։ Ջուրը կյանքի, բարեկեցության աղբյուր է, և մենք այդ խնդրի լուծմանը մեծ նշանակություն ենք տալիս։

- Ընդհանուր գործընթացում պակաս կարևոր չէ բարեկարգ ճանապարհների առկայությունը։ Եթե միջհամայնքային ու միջշրջանային ճանապարհները բարվոք վիճակում են, նույնը չես կարող ասել գյուղամիջյան ճանապարհների մասին։

- Օրախնդիր է նաև այդ հարցը։ Ջրատարների անցկացման հետևանքով գյուղամիջյան ճանապարհների վիճակը վատթարացել է։ Քանդման աշխատանքները հավելյալ խնդիր են իրենց հետ բերել։ Երբ լրիվ կավարտենք ջրատարի անցկացման աշխատանքները, կբարեկարգվեն նաև գյուղամիջյան ճանապարհները։ Գյուղի դիրքը զառիվայրային է, եթե ժամանակավոր բարեկարգումներ էլ կատարվում են, ապա անձրևներն ու սելավները քշում-տանում են ավազն ու խիճը։ Այդ ուղղությամբ ևս լուրջ քայլեր են անհրաժեշտ։ Նորից պիտի խնդրենք կառավարության օժանդակությունը՝ Ճարտարի ու Մեծ Թաղերի օրինակով խորանարդիկ քարով բարեկարգելու գյուղամիջյան ճանապարհները ։ Ամեն ինչ անելու ենք քաղաքատիպ ու բարեկարգ գյուղ ունենալու համար։ Եվ առանց կատակի պիտի փորձենք գյուղում ապրել քաղաքավարի՝ բառի երկիմաստությամբ։

- Ցավալի է, բայց փաստ, որ ունենք ծերացող, նույնիսկ անհետացող գյուղեր, այդ համապատկերի վրա Վանքը շեն է ու բարգավաճ, ո՞րն է լինելու գյուղի գալիք օրվա խոսքը...

¬Գյուղի ապագան ես կապում եմ ձորակում տուրիզմի զարգացման հեռանկարի հետ։ Լևոն Հայրապետյանը հսկայական միջոցներ է ներդրել ՙԾովին քարի՚ և մնացած հանգստյան գոտիները կյանքի կոչելու համար։ Տարիների հետ ավելանում է հանգստյան գոտիների թվաքանակը։ Բայց չենք կարող շրջանցել և չասել, որ զբոսաշրջիկներին դեպի Վանք ձգողը պատմական Գանձասարի վանական համալիրն է, գեղատեսիլ բնության գրկում ծվարած Աստծո տունը, որտեղ մեկ անգամ լինողը երազում է նորից ու կրկին վերադառնալ Արցախ։

¬ Ի՞նչ է Ձեզ համար համայնքի ղեկավար լինելը...

- Համայնքի ղեկավար լինելը միայն պաշտոն զբաղեցնել չէ, այն ամենօրյա և, ինչու չէ, շուրջօրյա աշխատանք է։ Հազար ու մի հարցի համար լուծում գտնել է ու պատասխանատվություն՝ յուրաքանչյուր ընտանիքի համար, առավել ևս այն դեպքում, երբ համագյուղացիներդ քեզ հետ հույսեր են կապում։ Իսկ պատիվը ծնվում է հարգանքից, և այդ հարգանքը դու պետք է վաստակես Աստծո յուրաքանչյուր օր, ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով ու հետևողական աշխատանքով։ Ինչ ձեռքներիցս գալիս է, անում ենք, ինչ որ չենք կարողանում, միջնորդում ենք, դիմում ենք վերադասին, փորձում ենք հետևողական լինել բոլոր պարագաներում։

- Դուք նաև չընտրողների համայնքապետն եք... Ինչպե՞ս եք կարգավորում հարաբերությունները։ Ի վերջո, ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, սակայն պարզից էլ պարզ է, թե ով ում բարեկամն է և հակառակը...

- Երբ կրքերը հանդարտվեցին, և ընտրությունն արդեն կատարված էր, հանդիպման, ընդհանուր ժողովի հրավիրեցի համագյուղացիներիս, դահլիճը լեփ-լեցուն էր։ Առաջինը, որ ասացի նրանց, հետևյալն էր. կապ չունի ձեր ձայնը ինձ եք տվել, թե ոչ, բոլորդ էլ իմ համագյուղացիներն եք, իմ ժողովուրդը, ես պատրաստ եմ ծառայելու ձեզ։ Իմ վերաբերմունքը հաստատեցի նաև գործնականում. գյուղում ես ու դու չկա, կա մի հասկացություն՝ մենք, և կա մի նպատակ. տեսնել Վանքը գեղեցիկ, բարգավաճ, բարեկեցիկ։ Նաև երկրի հոգսերով ապրող քաղաքացիներ։ Իսկ իմ օգտին քվեարկողներին ասել եմ՝ աշխատելու ու կառուցելու ենք միասին՝ ձեռք ձեռքի տված։

¬ Գյուղի տարածքում երկու կարևոր հիմնարկներում այսօր շինարարական աշխատանքներ են ընթանում. մեկը Սուվորով-Մադաթով կադետական ուսումնարանի շենքն է, մյուսը՝ Մատենադարանի մասնաճյուղի, որի աշխատանքները, որքան մեզ հայտնի է, ավարտվելու վրա են։

-Ապագա ուսումնարանի երեք հարկերն արդեն պատրաստ են, սակայն մի քանի ամիս է շինարարական աշխատանքները կանգնեցված են։ Պատճառների մասին տեղեկություն չեմ կարող հաղորդել։ Իսկ ինչ վերաբերում է Մատենադարանի մասնաճյուղին՝ այն պատրաստ է և շուտով իր դռները կբացի հանրության առջև։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ