Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ...

 

 

 

Հարցազրույց ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Օլյա ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ

 

- Օլյա Ռաֆիկի, Արցախում փաստաբանական գործունեությամբ զբաղվել ցանկացողների թիվն աճո՞ւմ, թե՞ նվազում է։ Քանի՞ փաստաբան է ընդգրկված կառույցում, նրանց միջին տարիքը։

- Փաստաբանների պալատում անդամագրված է 52 փաստաբան, որոնց տարիքը տատանվում է 35-70-ի սահմաններում: Ինչ վերաբերում է փաստաբանների թվի աճի դինամիկային, ապա հարկ է նշել, որ որոշ փաստաբաններ այլ գործունեության անցելու պատճառով (իսկ ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքն արգելում է մեկ այլ աշխատանքը համատեղել փաստաբանական գործունեության հետ) ստիպված են լինում կասեցնել փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը: Ներկայում ՀՀ փաստաբանների դպրոցում փաստաբանի արտոնագիր ստանալու նպատակով ուսուցում են ստանում նաև ԼՂՀ քաղաքացիները, ովքեր ուսումնառությունից և որակավորման քննությունները հանձնելուց հետո արտոնագիր ստանալու դեպքում կանդամագրվեն փաստաբանների պալատում:

- Բյուջեն, որ այսօր հատկացվում է փաստաբանական պալատի գործունեությանը, բավարարո՞ւմ է արդյունավետ աշխատելու և առկա խնդիրները լուծելու համար։

- Բյուջեն հատկացվում է ոչ թե փաստաբանների պալատի գործունեությանը, այլ նրա կազմում գործող Հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու համար, որն էլ օգտագործվում է նպատակային: Ինչ վերաբերում է փաստաբանների պալատին, ապա նրա գործունեությունը, այն է՝ ծրագրերի իրագործումը, չի կատարվում իր ներուժի չափով, քանի որ գոյություն ունի ֆինանսական խնդիր: Փաստաբանների պալատը գործում է 2000 դրամ կազմող անդամավճարներից գոյացող ֆինանսական միջոցների հաշվին, ինչը բավարար չէ իրականացնելու մի շարք ծրագրեր:

- Բոլոր պաշտպանները նույն ձևո՞վ են վարձատրվում. խոսքն աշխատավարձերի մասին է…

- Պաշտպանների աշխատավարձն ուղղակիորեն կախված է աշխատանքի ծավալից, քանակից և տարածաշրջանից, որտեղ նրանք գործունեություն են ծավալում: Բնականաբար, կան տարբերություններ: - Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է հանրային պաշտպանության որակը և արդյունավետությունն Արցախում։

- Հարկ է նշել, որ հանրային պաշտպանի ինստիտուտը ԼՂՀ-ում գործում է հավուր պատշաճի և քաղաքացիների համար ապահովում է պաշտպանության բարձր որակ և արդյունավետություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրավաբանական օգնությունը քրեական գործերով մեծ մասամբ տրամադրվում է անվճար: Նույնիսկ երբ քաղաքացին վճարունակ է և ունի ընտրության հնարավորություն, փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում նրանք գերադասում են օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից, ինչը փաստում է տրամադրված ծառայությունների բարձր որակի մասին:

- Մեզ հայտնի է, որ համագործակցում եք ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի հետ։ Նրանց դերը ԼՂՀ փաստաբանական ինստիտուտի կայացման գործում։

- ՀՀ փաստաբանական պալատի հետ համագործակցությունը կապված է մասնավորապես փաստաբանների՝ պարտադիր վերապատրաստման դասընթացներ անցնելու հետ: Քանի որ ԼՂՀ-ում չկա նման դպրոց, որը նաև կազմակերպում է փաստաբանների վերապատրաստման դասընթացները, ուստի մեր փաստաբանների վերապատրաստումն ու ԼՂՀ փաստաբանի հավակնորդի ուսուցումն իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի միջոցով: Վերապատրաստման դասընթացները նպաստում են ԼՂՀ փաստաբանների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, իսկ փաստաբանի հավակնորդները, ստանալով մասնագիտական ուսուցում, և հանձնելով որակավորման քննություն, փաստաբանների պալատում անդամագրվում են արդեն իսկ փաստաբանական գործունեությանը քաջատեղյակ և պատրաստ են ստանձնելու ցանկացած գործ: Այդ առումով ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը առանցքային կարևորություն ունեն ԼՂՀ փաստաբանների պալատի կայացման գործում: Բացի դրանից, փաստաբանների պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվել ԼՂՀ-ում միջազգային առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ, մասնավորապես Ֆրանսիայում գտնվող մեր Պալատի ներկայացուցչի` Ա. Հակոբյանի միջոցով, քայլեր են ձեռարկվել Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ասոցիացիայի (ՀՓԻՖԱ) հետ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ: ՀՓԻՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Գույումջյանը զարմանք է հայտնել, որ ԼՂՀ-ում գործում է փաստաբանական ինստիտուտ և համագործակցության գոհունակություն ու պատրաստակամություն ցուցաբերել։ - Ամսվա կտրվածքով քանի՞ գործ է բաժին ընկնում յուրաքանչյուր պաշտպանի։ - ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքի համաձայն՝ հանրային պաշտպաններն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում միայն քրեական գործերով: Հանրային պաշտպանի գրասենյակում ընդգրկված հանրային պաշտպաններն աշխատում են ոչ լրիվ դրույքաչափով, քանի որ պետության կողմից հատկացվող հաստիքների քանակով աշխատելու դեպքում բացարձակապես անհնար կլինի լիարժեք պաշտպանություն ապահովել նախաքննության և դատական մարմիններում: 2014-2015թթ. հանրային պաշտպանները մասնակցություն են ունեցել 936 անձի նկատմամբ հարուցված 854 քրեական գործով: Փաստորեն յուրաքանչյուր պաշտպան ամսվա կտրվածքով մասնակցություն է ունեցել հինգ գործով: Նշեմ նաև, որ հանրային պաշտպաններն անճար իրավաբանական օգնություն են տրամադրում նաև քաղաքացիական` ալիմենտի գանձման, խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:

- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում իրավական գիտելիքների տարածման համար։

- Իրավական գիտելիքների տարածման նպատակով Պալատի փաստաբանները 2014-2015թթ. հանդիպումներ են ունեցել ավագ դպրոցի աշակերտների հետ: Քանի որ ծրագիրն աննախադեպ էր, ուստի դպրոցների տնօրեններն ու աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ են դիմավորել փաստաբաններին: Դրանք անց են կացվել բավական ջերմ մթնոլորտում: Նման բնույթի հանդիպումներ ենք նախատեսել նաև զինծառայողների հետ, որոնք ԼՂՀ պաշտպանության նախարարի թույլտվությամբ և համաձայնությամբ պլանավորել ենք իրականացնել 2016-ին։ Հավելեմ, որ 2015թ. Հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպանների կողմից մարտ ամսին անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվել ԼՂՀ քաղաքացիներին:

- Փաստաբանների պալատին որքանո՞վ է հաջողվում վերահսկողություն իրականացնել, որպեսզի որևէ փաստաբան որևէ մեկի ճակատագրի հետ չխաղա…

- Փաստաբանների պալատն իրավասու չէ վերահսկողություն իրականացնել իր անդամ-փաստաբանների գործունեության վրա: Դա հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ առկա են քաղաքացիների հիմնավոր դիմում-բողոքները: Փաստաբանի անօրինական, հակաիրավական գործողությունները պարզելու նպատակով ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքի համաձայն՝ տվյալ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվում, որը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության դադարեցում, ինչի հետևանքվ փաստաբանն այլևս չի կարող զբաղվել փաստաբանական գործունեությամբ՝ մինչև օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով փաստաբանի նոր արտոնագիր ստանալը:

- Շուրջ երկու տարի է՝ ղեկավարում եք ԼՂՀ փաստաբանների պալատը։ Ի՞նչ խնդիրներ եք արձանագրել Ձեր գործունեության ժամանակաընթացքում։ Հաջողվե՞լ է Ձեր ղեկավարած կոլեկտիվում ինչ-որ նորություն մտցնել, ինչ-որ բան փոխել…

- Փաստաբանների պալատի հիմնական և առաջնահերթ խնդիրները, որոնք վերաբերում են շենքային պայմանների բարելավմանը, փաստաբաններից՝ որպես անհատ ձեռնարկատերերի, գանձվող բարձր դրույքաչափով ավելացված արժեքի հարկից ազատմանը, հանրային պաշտպանի գրասենյակի՝ հանրային պաշտպանի հաստիքների հատկացման և նրա գործունեության ապահովման համար պետության կողմից հատկացվող գումարի չափի սահմանմանը, շնորհիվ ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանի և արդարադատության նախարար Ա. Դանիելյանի աջակցության, առաջինները դրական լուծման ընթացքի մեջ են, իսկ վերջինը՝ կապված Հանրային պաշպանի գրասենյակի (ՀՊԳ) հետ, արդեն լուծվել է: