[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՐԿԻՆ ՇԱՐՔ ՄՏՆԵԼ...

 Վալյա Հակոբյանը Պաշտպանության բանակում ծառայել սկսել է 1992թ. փետրվարի 1-ից...

Ի՞նչն էր ստիպել գեղանի տիկնոջը անցնել բանակային ծառայության։ Վրեժը՝ ասում է Վալյան, ու նրա մրահոն աչքերում կայծկլտում են վրեժխնդրության արցունքները։ Եղբայրը՝ Ռոմա Սիմոնյանը, զոհվել է 1992թ. հունվարի 26-ին, Քարինտակի պաշտպանության ժամանակ։ ՙԵրդվեցի ծառայել մինչև վերջին շունչս՚։ Դիմեց պատկան մարմիններին, ընդառաջեցին։ Կամավորագրվեց, ծառայության անցավ հայտնի ՙ61՚-ում, ապահովում էին բանակի կապը։ Ներկայիս քաղաքապետարանի շենքում էին տեղակայված, ամուսինն էլ ԿՊՇ-ում ծառայության մեջ էր։ Շուրջ 20 տարի ծառայել է բանակում։ Այսօր արդեն հետահայաց հպարտությամբ է համակվում, երբ հիշում է, որ ինքը ոչ միայն հեռախոսակապով շփվել է գոյամարտի երևելիների հետ (իսկ դրանք շատ են), այլև վայելել է նրանց բարեկամությունը։ Պաշտպանության բանակի կապի ծառայության հիմնադիր, երջանկահիշատակ Արթուր Փափազյանը նրա անմիջական պետն էր, իրենց մոտ հաճախ էր գալիս Ավոն (Մոնթե Մելքոնյան), ՙԱսկոլկան՚(Աշոտ Ղուլյան), Գրադ Ժորան (Ժորա Գասպարյան), Ֆելիքս Գզողյանը, Կոմանդոսը, Երկրապահի տղաները՝ Սևանի Սուրիկը, Հրազդանի Սասունը, ով Վալյայի երեխաներին այն դժվարին օրերին իրենց տուն է տարել ու խնամել հարազատի պես։ Երբ լսում էին, որ Ավոն գալու է, ժենգյալով հաց էին թխում ու աղջիկներով, իրարից առաջ ընկնելով, հյուրասիրում, վայելում նրա անմիջականությունն ու անկեղծությունը։ Ծառայողական դժվարությունները Վալյան հաղթահարել է արժանապատվությամբ, ինչքան էլ ծանր է եղել, չի հոգնել, չի տրտնջացել։ Այսօր էլ նրա ուշքն ու միտքը բանակում է, և ուղիներ է որոնում պայմանագրային հիմունքներով կրկին ծառայության անցնելու։ - Ես ծառայել եմ խղճով ու նվիրումով, եղբորս հիշատակի առջև պարտավորված էի,¬ ասում է Վ. Հակոբյանը,- պարտավորված էի ծառայել հայրենիքիս։ Ո՜չ փոքրիկ երեխաների խնամքը, ո՜չ ծնողների հոգսը, ոչինչ չէր կարող խոչընդոտ լինել Վալյայի վճռի համար։ Նա չի դժգոհում ո՜չ անցկացրած անքուն գիշերներից, ո՜չ էլ ցուրտ ու մութ օրերից։ Ավելին՝ կարոտով ու երանությամբ է հիշում անցած-գնացած տարիները, որ, հիրավի, կյանքի դպրոց էին փխրուն ու զգայուն տիկնոջ համար։ Չի վախեցել հրթիռահրետակոծությունից, միշտ ծառայության է շտապել՝ օգնելու տղաներին։ ՙԱրաբո՚ ջոկատի տղաներից քանի՛-քանիսին է իրենց տանը հյուրընկալել, քրոջ պես խնամել նրանց, շորերը լվացել ու չորացրել, որ դիրքեր գնալիս մաքուր հագնված ու կուշտ լինեն։ Իրենց տան կողքին աղբյուր կար, իսկ քաղաքում ջուր չկար, հերթ էր կանգնում, որ ջուր տանի, մարտական ընկերների կարիքները հոգա։ Կարինե Գևորգյանի ու Աղավնի Սահակյանի հետ է ընկերություն արել, հյուրընկալել իր հարկի տակ, ոգի առել նրանց կեցվածքից։ Նույն նավի թիավարներն էին, ծառայության բնույթն էր տարբեր, սակայն նույն նպատակն ունեին։ Վալյան ցանկանում է, որ հասարակությունը ճանաչի ու սիրի իր դուստրերին. ինչպե՞ս կարելի է չգնահատել Արեգա Սարգսյանի, Գայանե Առստամյանի և մնացած նվիրյալների արածն այն դաժան օրերին, այն դժվար ու օրհասական տարիներին... Այսօր էլ, երբ լսում է, որ սահմանում անհանգիստ է, դարձյալ ուզում է հագնել զինվորական համազգեստն ու գնալ-միանալ զինվորներին, սիրտը ցավից կուչ է գալիս, երբ հերթական կորստի լուրն է առնում։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին Վ. Հակոբյանն իր բոլոր ծառայակից ընկերներին ցանկացավ խաղաղություն... Խաղաղություն, որի համար անչափ թանկ գին է վճարվել։ Խաղաղություն, որի համար Վալյան և իր ընկերները հատուցել են լավագույն տարիներով, հաճախ էլ՝ կյանքով։ Նրանց ընտանիքների ու զավակների համար նա աղոթքներ կշշնջար ու կասեր՝ դեռ քիչ ենք ծառայել, եթե պետք լինի՝ պատրաստ ենք նորից մտնել շարք։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ