[ARM]     [RUS]     [ENG]

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ

ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, Կրթության, գիտության և սպորտի, Պաշտպանության նախարարությունների և ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության աջակցությամբ տեղի ունեցած ակցիայի շրջանակներում շուրջ երեք օր հանրապետության բոլոր դպրոցների, մի շարք բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական հիմնարկների պատվիրակություններն այցելեցին Պաշտպանության բանակի զորամասեր։

Մայրաքաղաքի դպրոցականները, նրանց ուսուցիչները և ուսանողները հանրապետության Վերածննդի հրապարակից ճանապարհվեցին զուռնա-դհոլի նվագակցությամբ, երգ ու երաժշտությամբ։ Մեկը մյուսից գեղեցիկ ծանրոցները՝ ձևավորված աշակերտների և ուսանողների ձեռամբ, հուշում էին, որ նրանք բոլորն էլ միջոցառմանը նախապատրաստվել են մեծ ոգևորությամբ։ Նրանցից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում Ամանորյա տոնակատարությունների շրջանակներում գոնե մեկ օր լինել զինվորի կողքին։ Նրանք նաև գեղեցիկ բացիկներ էին ձևավորել ու իրենց ամենաբարի մաղթանքները հղել հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր այս դժվար օրերին աչալրջորեն հսկում են մեր հանրապետության սահմանները։ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2, Ե. Չարենցի անվան համար 7 դպրոցների աշակերտները և բժշկական քոլեջի ուսանողներն այցելեցին Ն տանկային զորամաս։ Շարահրապարակում զինվորների հետ կազմակերպած հանդիպման ժամանակ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, ողջունելով նրանց, նշեց, որ ողջ հայության ուշքն ու միտքն այսօր զինվորների հետ է, այն զինվորների, ովքեր պահում են ազգի պատիվն ու սուրբ հողը։ - Մենք ու ձեր մայրերը հպարտ ենք, որ հերոսների մայրեր ենք,- ասաց Հ. Միքայելյանը, հույս հայտնելով, որ իրենք երբեք հուսախաբ չեն լինի, քանզի ամեն օր սահմանից եկող լուրերը հավաստումն են այն իրողության, որ մեր տղաները քաջարի պաշտպաններն են հայրենի հողի, հայրենական տան ու օջախի։ Ե. Չարենցի անվան դպրոցի փոխտնօրեն Ժաննա Գրիգորյանն ասաց, որ եկել են զինվորների հետ ուրախանալու և շնորհակալություն հայտնելու անձնուրաց ծառայության համար, որ իրենց հնարավորություն են տալիս Արցախի դպրոցների կամարների տակ հնչեցնելու հայոց այբուբենը։ Փոխադարձ բարեմաղթանքներում տիրականը վերջնական խաղաղության ցանկությունն էր, որ բոլոր ներկաների սրտից էր բխում։ Աշակերտները երգում էին, ասմունքում։ Միջոցառմանը մի առանձին շուք էին հաղորդում Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը։ Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Ասրյանը հրամանատարության անունից շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ հետաքրքիր նախաձեռնության համար ու միջոցառմանը ներգրավված կոլեկտիվներին պարգևատրեց պատվոգրերով։ ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Վիտյա Յարամիշյանի հավաստմամբ՝ խորհուրդը տարվա ընթացքում նախաձեռնել ու իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ փորձելով նպաստել այն գաղափարի իրագործմանը, որ հայրենիքի պաշտպանությունը միայն բանակի գործը չէ... Նրա խոսքով՝ հայրենիքի պաշտպանությունը մեր ողջ հասարակության, յուրաքանչյուր բնակչի պատվի խնդիրն է, և այն ձեռքբերումները, որ ունեցել ենք վերջին տարիներին, անհնար է ձեռքից տալ։ Հասարակական խորհուրդը տարվա ընթացքում կազմակերպեց մի շարք միջոցառումներ. այցելություններ զորամասեր, մշակութային, ռազմահայրենասիրական բնույթի հանդիպումներ և այլն, իսկ այս ակցիայով մտադիր էր տոնական դարձնելու զինվորների առօրյան, բարձրացնելու նրանց տրամադրությունը։ 2016¬ին խորհուրդը նախանշում է առավել խորացնել համագործակցությունը։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ