[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱԳՐԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆԸ

Օրերս ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ համանուն գերատեսչության ղեկավար Արփինե Հովհաննիսյանին, քննարկել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Ա. Դանիելյանը մեր խնդրանքով անդրադարձել է գործընկեր կառույցների միջև առկա փոխգործակցությանն ու նախատեսվող աշխատանքներին: Ըստ նախարարի` մինչ այդ արդեն մի քանի անգամ նախարարությունների միջև ստորագրվել են տարբեր համաձայնագրեր, որոնք օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված ծրագրերի առումով արդյունավետ են հատկապես մեր հանրապետության համար: ՙՄեր կողմից մշակվող գրեթե բոլոր օրինագծերը փորձաքննություն են անցնում ՀՀ ԱՆ մասնագետների մոտ և ստանում մասնագետների եզրակացությունները,-նշեց Ա. Դանիելյանը:-Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագայում այդ գործընթացը շարունակել նոր որակով ` հաշվի առնելով մեր ոլորտի առանձնահատկությունները: Նույն փորձաքննական աշխատանքներն իրականացվել են՝ կապված ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի լրամշակման հետ. այստեղ լուրջ քայլեր են կատարվել քաղաքացիության շնորհման գործընթացը հստակեցնելու ուղղությամբ: ՀՀ արդարադատության նախարարն առաջարկել է հետագայում յուրաքանչյուր փորձաքննության մասնակից անել նաև մեր իրավաբաններին, ինչը մասնագետներին հնարավորություն կտա խորացնել գիտելիքներն ու լրացնել փորձի պակասը՚: Մոտ ապագայում նախատեսվում է ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի մշակումը, որի` ՀՀ-ում անցնելիք փորձաքննությանը մասնակցելու են ԼՂՀ ԱՆ մասնագետները: Գործընթացը ֆինանսավորելու են միջազգային կազմակերպությունները: Անդրադառնալով մեր թերթի ամանորյա հարցազրույցում հնչեցված` դատական փորձաքննությունների լաբորատորիայի մասնագետների խնդրին` Ա. Դանիելյանը նշեց, որ Ա. Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում այդ հարցը ևս հատուկ ուշադրության է արժանացել, պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀՀ ԱՆ դատական փորձագիտական կենտրոնի` հատկապես շինարարատեխնիկական փորձաքննություն իրականացնող մասնագետների կոնկրետ օգնության մասին: Ներկայում նախարարությունում արդեն ՀՀ համապատասխան մասնագետների խումբ է աշխատում: Դա հնարավորություն կտա լուծել ոչ միայն կուտակված փորձաքննությունների խնդիրը, այլև ընդլայնել նոր աշխատանքի ընդունված և փորձաշրջան անցնող փորձագետի մասնագիտական գիտելիքները: Նախարարներն անդրադարձել են նաև փաստաթղթաշրջանառության ժամկետների կրճատման անհրաժեշտությանը: ԼՂՀ արդարադատության նախարարությունը ՀՀ համանուն կառույցից բազմաթիվ գրություններ է ստանում, որոնց մեծ մասն ուղարկված է այլ երկրներից: Ըստ Ա. Դանիելյանի` նման փաստաթղթերն առավելագույն կարճ ժամանակամիջոցում փոխանակելու համար մոտ օրերս կգործարկվի էլեկտրոնային կառավարման ՙՄալբորի՚ միջազգային համակարգը։ Դա հատկապես արդյունավետ կլինի արտերկրում ապրող քաղաքացիների ծննդյան և այլ վկայականների վերականգնման կամ կրկնակների տրամադրման առումով: Այսօր ԼՂՀ արդարադատության ոլորտը գրեթե ամբողջությամբ անցել է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն հսկայական ժամանակ տնտեսել, այլև նվազագույնի հասցնել քաղաքացիների շփումները պետծառայողների հետ, նպաստել կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգն աշխատում է անխափան և գտնվում է անընդհատ կատարելագործման փուլում: Երևանյան հանդիպման ընթացքում խոսվել է նաև նոտարիատի ոլորտի կատարելագործման անհրաժեշտության մասին: Ինչպես հայտնի է, ՀՀ-ում գործում է Նոտարական պալատ, ՀՀ նոտարները, ի տարբերություն մեր մասնագետների, գրեթե լրիվությամբ մասնավոր գործունեություն են իրականացնում: ՀՀ արդարադատության նախարարը հանդիպման ընթացքում առաջարկել է մեր հանրապետության մի քանի նոտարի մասնակցությամբ պիլոտային ծրագիր փորձարկել` այդ փորձը նաև մեր հանրապետությունում գործարկելու նպատակով: Նախարարի համոզմամբ, այդ մասին դեռևս վաղ է խոսել, օրախնդիր է մեկ այլ` նոտարների վերապատրաստման հարցը: ՙՀանրապետության բոլոր պետծառայողները ժամանակ առ ժամանակ, ինչպես հայտնի է, վերապատրաստման պարտադիր դասընթացներ են անցնում, սակայն այս գործընթացներում նոտարները մոռացության են մատնվել: Ա. Հովհաննիսյանը խոստացել է մոտ ժամանակներս նախաձեռնել դասընթացներ հատուկ նոտարների համար, որոնց նաև մեր բոլոր նոտարները կմասնակցեն՚,-նշեց Ա. Դանիելյանը: Հանդիպմանը խոսվել է նաև քրեակատարողական հիմնարկները ՀՀ օրինակով ԼՂՀ արդարադատության գերակայությանը հանձնելու անհրաժեշտության մասին: Այս տարվա գարնանը նախատեսվում է Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ ՀՀ ԱՆ պատվիրակության այցն Արցախ, որի ընթացքում կամրագրվեն ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքներն ու կնախանշվեն հետագա անելիքները: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ