[ARM]     [RUS]     [ENG]

ԳԼԽԱՎՈՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 Նշվեց դատական համակարգի աշխատողի մասնագիտական տոնը

 Արդեն վեցերորդ տարին է՝ հունվարի 20-ը Արցախում նշվում է որպես Դատական համակարգի աշխատողի մասնագիտական օր։ Համակարգ, որի կայացմամբ ու զարգացմամբ է նաև պայմանավորված երկրում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը։ Լինելով իշխանության թևերից մեկը և իրականացնելով երկրի Մայր օրենքով նախատեսված հատուկ լիազորություն՝ արդարադատություն, դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող դեր իրեն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն հռչակած Արցախում։ Մասնագիտական օրվա կապակցությամբ նույն օրը ԼՂՀ Գերագույն դատարանում տեղի ունեցած հանդիսավոր ժողովին ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, հանրապետության ուժային կառույցների պատասխանատուները։ Տոնի առթիվ դատական համակարգի աշխատողներին առաջինը շնորհավորեց և արդարադատության իրականացման բարդ ու պատասխանատու գործում նոր ձեռքբերումներ և հաջողություններ մաղթեց ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը։ Նրա խոսքով՝ երկրում այսօր էլ շարունակվում է անկախ դատական իշխանության և արդարադատության արդյունավետ համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը, որում իր ներդրումն ունի և դեռ կունենա հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ։ Ուստի համակարգի աշխատողների խնդիրը պետք է լինի պարտականությունների պատշաճ ու բարեխիղճ կատարումը, ինչի շնորհիվ կունենանք ավելի զարգացած իրավական համակարգ՝ հիմնված մարդու իրավունքների գերակայության, այդ իրավունքների և ազատությունների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։ Գերագույն դատարանի նախագահի համոզմամբ՝ նման առաքելության իրացման առաջնային նախադրյալը ոչ իրավաչափ ցանկացած ներգործությունից կամ միջամտությունից դատական իշխանության պաշտպանվածությունն է, որի գրավականը դատարանների անկախության ապահովումն է։ ՙՇարունակական դատաիրավական բարեփոխումների հիմնական նպատակը հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովումն է՝ բոլորի իրավահավասարության սկզբունքի հիման վրա, ինչպես նաև՝ դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ ու արդյունավետ դարձնելը,- ասաց Ն. Նարիմանյանը։- Բոլորիս նպատակը երկրում կայուն ժողովրդավարություն հաստատելն է, իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքների ամրապնդումն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները որպես բարձրագույն արժեք երաշխավորումը։ Ինչպես դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքները, այնպես էլ համակարգում առկա խնդիրները միշտ եղել և մնում են հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում, ինչն էլ ավելի է պարտավորեցնում մեզ։ Իսկ դա պահանջում է հետևողական, լուրջ և համակարգված աշխատանք՚։ Դատական համակարգի աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Այն ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը։ Ուղերձում Նախագահը նշել է, որ դատավորների անաչառ աշխատանքով, բարձր բարոյական ու մասնագիտական հատկանիշներով է նաև մեծապես պայմանավորված արդարության պաշտպանության և իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը։ Արցախի Հանրապետության Նախագահը նաև կարգադրություն է արձակել՝ բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար և դատական համակարգի աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ համակարգի աշխատողներին արժեքավոր նվերներով պարգևատրելու համար։ Դատական համակարգի աշխատողների մասնագիտական տոնը շնորհավորեցին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը։ Իրենց խոսքում ուժային այս կառույցների ղեկավարները հավաստեցին, որ հանրապետության դատական համակարգը որակական նոր փուլ է թևակոխել՝ հետևողականորեն բարձրացնելով դատարանների նկատմամբ հանրային վստահությունը։ ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի շնորհավորանքի խոսքը ներկայացրեց ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Բորիս Ենգիբարյանը։ Ինչպես ոստիկանությունը, այնպես էլ դատական համակարգը կոչված են ապահովելու քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը։ Իր խոսքում Կ. Աղաջանյանը պատրաստակամություն է հայտնում երկու համակարգերի միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու առումով՝ ի շահ հասարակության իրավական պաշտպանվածության։ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության կողմից երկու համակարգիչ նվիրվեց դատական համակարգին։ Մասնագիտական օրվա կապակցությամբ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի հրամանով համակարգի 29 աշխատողի հայտարարվել է շնորհակալություն, 68 հոգի խրախուսվել է դրամական պարգևներով, 4 դատական ծառայողների շնորհվել է ավելի բարձր դասային աստիճան։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ