[ARM]     [RUS]     [ENG]

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Ցանկացած երկրի պետականաշինության գործում մեծ է ոստիկանության դերը։

Համակարգի գործուն մասնակցությամբ են պահպանվում օրինականությունը, հասարակական կարգուկանոնը, բնակչության անվտանգությունը, քաղաքացիների շահերն ու իրավունքները: Ոստիկանության գործունեության արդյունքում իրականացվում է պայքար հանցավորության և իրավախախտումների դեմ: Աշխատանքներ են տարվում նաև այլ ուղղություններով:

Ոլորտի գործունեության շուրջ է մեր զրույցը ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Ղահրամանյան, բաժնի համար ինչպիսի՞ն կորակեիք անցած` 2015 թվականը:

- Նախ նշեմ, որ անցած տարում հանցագործությունների բացահայտման աճի միտում է գրանցվել, ինչը ես պայմանավորում եմ մեր բաժնի հետևողական աշխատանքով: Գաղտնիք չէ, որ տարեցտարի համակարգն ավելի է կատարելագործվում, ինչն իր հերթին նպաստում է ընդհանուր աշխատանքի որակի բարձրացմանը:

- Ինչպիսի՞ հանցագործություններ են գրանցվել:

- Ունենք սպանության մեկ դեպք, մնացածը հիմնականում միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործություններ են: Դրանց մոտ 25%-ը տնտեսական բնույթի հանցագործություններ են.  յուրացում` պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, պաշտոնական կեղծիք և այլն: Նախորդ տարիների համեմատությամբ՝ արձանագրվել է հանցագործությունների աճ, և դա հիմնականում պայմանավորված է լատենտային բնույթի հանցագործությունների աճով: Բացի տնտեսականից, կան նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստեր. բացահայտվել է առանց իրացնելու նպատակի  9 դեպք: Այս ուղղությամբ անելիքներ շատ ունենք, չնայած կատարվածն էլ քիչ չէ:

Վերջերս բացահայտվել է 2014թ. սեպտեմբերին իրականացված և հասարակական հնչողություն ստացած բնակարանային գողության մեկ դեպք. գործը գտնվում է նախաքննության փուլում, վերջինիս գաղտնիությունն ապահովելու նպատակով բավականին կանխարգելիչ աշխատանքներ են տարվել։ Այդ գործընթացը շարունակվում է. իրականացվում են տարբեր աշխատանքներ, որոնց թվում՝ գիշերային շրջագայություն, հսկողություն, հերթապահություն և այլն:

- Ինչքան էլ մեզ համարենք ժամանակակից, զարգացած, առաջադեմ հասարակություն, այնուամենայնիվ, մեր մեջ առայժմ իր անժխտելի մասն ունի ասիացին` իր բացասական դրսևորումով: Այն առավելապես զգացվում է ընտանիքում` ամուսինների, ընտանիքի անդամների միջև առկա փոխհարաբերություններում: Տարվա ընթացքում արձանագրվե՞լ են ընտանեկան բռնությունների դեպքեր:

- Չնայած հասարակությունը զարգանում է, այնուամենայնիվ, ընտանեկան բռնությունների դեպքերը բացառություն չեն, ու նշեմ նաև, որ տարվա ընթացքում մեզ դիմողների թվի աճի միտում է եղել: Եվ դա, ըստ իս, ոչ թե հասարակության մեջ նման դեպքերի ավելացմամբ է պայմանավորված, այլ ոստիկանության աշխատողի նկատմամբ հավատի ու վստահության մեծացմամբ։ Նաև մարդկանց գիտակցական մակարդակն է բարձրացել, սեփական իրավունքների, ինչպես նաև՝ ընտանիքում, փոխհարաբերություններում համահավասարության գիտակցումը: Գրանցվել են ամուսինների, ծնող-երեխաների միջև բռնությունների որոշ դեպքեր: Մեր աշխատակիցները հատուկ, շատ դեպքերում՝    անհատական մոտեցմամբ, զրույցի և բացատրական աշխատանքի միջոցով փորձում են հարթել միջադեպը։ Հաճախ հաշտության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվում է: 

Ինչքան էլ խորթ է մեր ազգային հոգեկերտվածքին ու հոգեբանությանը, այս տարի ևս գրանցվել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության փաստ, ինչը դիտվում է որպես առանձին դեպք:

- Մեր ապագան միշտ աճող սերնդի դաստիարակությամբ ենք պայմանավորում, և  գաղտնիք հայտնած չեմ լինի, եթե ասեմ, որ այս ուղղությամբ անելիքներ դեռ ունենք: Զգալիորեն մեծ է նաև ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի դերը: Ձեր տեսակետը՝ այս առումով:

- Ասեմ, որ շրջբաժնում ունենք անչափահասների գծով երկու տեսուչ, ովքեր բավականին հետևողական աշխատանք են տանում դպրոցականների շրջանում: Տոնական և ոչ տոնական յուրաքանչյուր միջոցառում վերահսկվում է մեր տեսուչների կողմից: Այսօրվա դրությամբ հաշվառման մեջ ունենք 5 հոգի` 2014թ. 7-ի փոխարեն։ Դրանք 14-16 տարեկան անչափահասներ են: Շրջբաժնի տեսուչների կողմից տարվա ընթացքում 60 ստուգայց-շրջագայություն է կատարվել: Ի հայտ է բերվել 66 անչափահաս իրավախախտ, 48-ի հետ տարվել է դաստիարակչական աշխատանք, 14-ի նկատմամբ  կայացվել պաշտոնական նախազգուշացում, 4-ը՝ վերցվել հաշվառման: Նշեմ, որ նախորդ տարիներին գրանցված դեպքերի համեմատությամբ նվազում է նկատվել, և իրականացված ակտիվ աշխատանքի արդյունքը տեսանելի է: Շրջանի ուսումնական հաստատություններում մեր տեսուչների կողմից ընթերցվել է 294 զեկույց` հիմնականում ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի վնասակարության և անչափահասների իրավունքների ու պարտականությունների մասին թեմաներով:  Կարծում եմ` դա իր դրական ազդեցությունը պիտի  ունենա, սակայն ընդհանուր որակի բարձրացման համար մենք պետք է համալիր աշխատանք տանենք ծնողների, դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և այլ կառույցների հետ: Անչափահասների դաստիարակության հետ կապված խնդիր մենք ունենք, և դրա լուծման համար  պետք է հասարակության յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունենա:

- Ո՞րը կհամարեիք ոստիկանության աշխատակցի առավել կարևոր խնդիրը։

 - Ոստիկանության աշխատողն իր առջև դրված խնդիրներ շատ ունի, որոնցում առաջնայինը հասարակական կարգի պահպանությունն է: Եվ եթե մարդ գիտակցում է իր վրա դրված պատասխանատվության չափը` անպայման կգտնի հնարավորություն այն իրականացնելու համար: Մեր ամենօրյա աշխատանքում առնչվում ենք բազում խնդիրների, բայց ունենք բոլոր հնարավորությունները դրանք բավարար մակարդակով լուծելու համար: Տարեցտարի մեծանում է հասարակության կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ ունեցած վստահությունը, ինչն ինքնին խոսուն փաստ է: Մենք էլ մեր թերի կողմերն ունենք, որոնց մասին քաջ գիտակցում ենք և գնալով փորձում կատարելագործվել, վստահություն ձեռք բերել։ Յուրաքանչյուր մասնագետ, այդ թվում` ոստիկանը, միայն  ճիշտ և որակյալ աշխատանքով կարող է մեծացնել իր մասնագիտության, աշխատանքի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչը շատ բան կփոխի նաև ոստիկանի աշխատանքի որակի մեջ: Կուզենայի մեջբերել ԼՂՀ  կառավարությանն առընթեր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի այն միտքը, որ արցախցին պիտի իր տան դուռը միշտ բաց թողնի և հանգիստ  լինի, որ իր բացակայության դեպքում այնտեղից ոչինչ չի պակասի: Մեր հասարակության մեջ պետք է վերանա գողի հոգեբանությունը, ինչը նաև պայմանավորված է մեր համակարգի գործունեությամբ։

- Հաջողության ապահովման մեջ, անշուշտ, մեծ նշանակություն ունի ոստիկանության աշխատողների վերապատրաստումը:

- Իհարկե: Մեր նոր աշխատակիցներին միշտ կցվում են ավագ ընկերներ, որպեսզի նրանք փորձ ու գիտելիքներ ձեռք բերեն, սովորեն: Բացի այդ, նրանք մասնակցում են վերապատրաստման դասընթացների, որակավորվում, որոնք բավականին լուրջ հնարավորություն են մասնագիտական մակարդակի բարձրացման համար: 

- 2016-ի ձեր ծրագրերն ու անելիքները՝ համառոտ: 

- Դրանք շատ են ու բազմազան. նախորդ  տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունների բացահայտում, ապօրինի որսի, տնտեսական բնույթի և այլ տիպի հանցագործությունների կանխարգելման միջոցառումների իրականացում և այլն: 

Մեկ հարց ևս կուզենայի նշել: Գիտենք, որ բնակչության շրջանում առայժմ զենք և զինամթերք կա: Հորդորանքս է շրջանի բնակչությանը` օրինավոր կերպով, կամավոր հանձնել դրանք, որի դեպքում ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվի, հակառակ դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այդ զենքերը վտանգ են ներկայացնում և կարող են դժբախտ պատահարների, անցանկալի միջադեպերի ու դեպքերի պատճառ դառնալ: Ուստի ինչքան շուտ հայտնաբերվեն և հանձնվեն, այնքան լավ: 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք. Մարտունի