[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ

…Ողեկցորդուհուն այնուամենայնիվ հաջողվեց համոզել առևանգիչին։

Բնականաբար, տեղյակ չլինելով թիմի իրական մտադրություններին, նա ընդամենը հոգեբանական ճնշում էր գործադրում։ Աղջիկը հետապնդում էր երկու նպատակ. ահաբեկչին հնարավորինս հեռու նստեցնել մյուս ուղևորներից և շեղել նրա ուշադրությունը, հանգիստ գործելու հնարավորություն տալով անձնակազմին։ Նա փորձում էր մտովի վերծանել օդաչուների տրամաբանությունը. ՙՀավանաբար վայրէջքից անմիջապես առաջ նրանք կթափահարեն ինքնաթիռը, որպեսզի բանդիտը ոչինչ չտեսնի իլյումինատորից։ Բետոնե թռիչքուղին էլ դժվար թե ուղիղ գծով անցնենք. տղաները մեքենան դիտավորյալ զիգզագներով կտանեն՚։ Զուգահեռաբար նա շարունակում էր երկխոսությունն առևանգիչի հետ.

-Իսկ դուք չե՞ք վախենում, որ թուրքերը ձեզ կհանձնեն խորհրդային իշխանություններին։

-Չեմ վախենում,- չարախնդաց նա,- Թուրքիան միակ երկիրն է, որը չի ստորագրել համաձայնագիր առևանգիչների վերաբերյալ։ Եվ, ի դեպ, համենայն դեպս դու կմնաս ինձ հետ։

-Ո՜չ,- դուրս թռավ նրա շուրթերից։

-Իսկ եթե ես քեզ ստիպե՞մ։

-Չես կարող։

-Բավական է միայն, որ մատս շարժեմ…

-Ես դա արդեն լսել եմ,- ընդհատեց Դոլորեսը։-Ինձ կարող ես սպանել, բայց Թուրքիայում թողնել՝ բացառված է։

-Ինչ-որ շատ երկար ենք թռչում,-անսպասելիորեն թեման փոխելով անհանգստացավ բանդիտը։

-Ամեն ինչ նորմալ է գնում։

-Իմ հաշվարկներով մենք արդեն պետք է Ղարսում լինեինք,- ասաց նա, դեմքով հպվելով իլյումինատորին։ 

Դոլորեսն իրեն չկորցրեց.

-Բայց չէ՞ որ մենք շրջան գործեցինք, երբ փոխեցինք չվերթը։ Ինչպես դու ասացիր, հյուսիսից շրջվեցինք դեպի հյուսիս-արևմուտք։

Այդ պահին ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և Դոլորեսը, ասես պատահաբար կառչեց բանդիտի ձախ ձեռքից, նրա արմունկը սեղմելով թիկնակին։

Իլյումինատորում հերթով երևում էին մեկ ինքնաթիռի թևը, մեկ ամպեր, որոնց միջով հազիվ տեսանելի էին սև կետեր՝ հեռավոր ձյուների վրա։

-Ինչո՞ւ է այսպես թափահարում,- կասկածամտորեն հարցրեց առևանգիչը։

-Այս վայրերում միշտ այսպես է,- վստահ տոնով պատասխանեց Դոլորեսը։

-Որտեղի՞ց գիտես, թե այստեղ միշտ այդպես է։

-Հանգստացիր, ես նկատի ունեմ՝ լեռներում։ Թափահարումն առաջանում է մակերեսների…

Նա չհասցրեց խոսքն ավարտել։ Ինքնաթիռը կտրուկ թեքվեց մի կողքի, և Դոլորեսն ընկավ հարևանի  վրա, ջանալով բաց չթողնել նրա ձեռքը։ Հենց այդ ժամանակ պայթուցիկ համակարգն էլ թեքվեց կողքի, և նրա միջից դուրս հոսեց թթվուտը։ Ի դեպ, ո՜չ ուղեկցորդուհին, ո՜չ էլ առևանգիչը դեռ չգիտեին այդ մասին։ Հաջորդ րոպեին, երբ ինքնաթիռի անիվները դիպան բետոնե ծածկույթին, նրանք այնպես ցնցվեցին, որ երկուսով հայտնվեցին հատակին։ Դոլորեսը հասցրեց գոռալ ուղևորներին. ՙԱնմիջապես փախեք՚։ Տղամարդկանցից մեկը վազեց դռան մոտ և բացեց այն։ Ինքնաթիռը դեռևս շարժման մեջ էր, երբ սանդուղքն իջեցվեց։ Ուղևորները նետվեցին դեպի ելքը։ Բանդիտը մի քանի անգամ ձգեց պայթուցիչ սարքին կապված օղակը և հասկացավ, որ համակարգը չի գործում։ Համոզվելով, որ բոլոր ուղևորներն իջել են ինքնաթիռից, Դոլորեսն առևանգչին առաջարկեց.

-Դուրս եկ և ինքդ հանձնվի՜ր։ Գուցե մեղքդ թեթևացնես…

-Շո՜ւն,- ատամների արանքից նետեց բանդիտը, փորձելով ելնել հատակից։

Դոլորեսը նրանից առաջ անցավ և վազեց դեպի ելքը։ Արդեն ինքնաթիռից դուրս ցատկելիս հիշեց, որ խցիկում գտնվում են օդաչուները և վերադարձավ։ Հենց դռան մոտ նրան դիմավորեց կատաղած առևանգիչը։ Ձեռքին թթվածնի բալոնն էր, որ պոկել էր պատից։ Հատակին, ոտքերի մոտ ընկած էր պայթուցիչը։ Հանցագործը նշան էր բռնում, թե ինչպես ավելի ճշգրիտ հարվածի  դրան ծանր բալոնով։ Մի ինչ-որ պահ նա հայացքը տեղափոխեց աղջկա վրա։ Տեսնելով այդ խելահեղ աչքերը՝ նա առաջին անգամ իրոք վախեցավ։ Դոլորեսը հասկանում էր, որ մտորելու համար ընդամենը մեկ վայրկյան ունի։ Ճիշտ այնքան, որպեսզի ցատկի ինքնաթիռից, թռչելով սանդուղքի վրայով։ Բայց հասկանում էր մեկ ուրիշ բան ևս. այդ վայրկյանը կարող էր բավականացնել խցիկում գտնվող օդաչուներին և ինքնաթիռը փրկելու համար… Եվ մի անհավատալի թռիչքով Դոլորեսը տապալեց ապշահար հակառակորդին։ Երբ նա արդեն ընկած էր հատակին, թևերը ոլորեցին օդաչուները, որոնց հենց այդ ճակատագրական վայրկյանն էր պետք դա անելու համար։

Միայն հետո էին մասնագետները որոշելու, որ եթե ռումբը գործեր, ապա պայթյունն ամեն ինչ շուրջը ոչնչացնելու էր։ Եվ միայն հետո էին զարմանալու, թե ինչպես  նրբակազմ աղջկան հաջողվեց այդ ցատկը։ Իսկ հաջորդ առավոտ Դոլորեսը հայելու մեջ տեսնելու էր իր առաջին ճերմակ մազերը, որոնք բոլորովին էլ չէին խաթարում նրա գեղեցկությունը։

 

* * *

Այն օրերին  բավական մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի, ինչպես ասում են, ՙպարգևը գտնի հերոսներին՚։ Ես  գործի դրեցի բառացիորեն իմ բոլոր կապերը, գրելով մոտ երկու հարյուր նամակ։ Հասցեատերերի մեջ էին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարգսյանը, ՙԼիտերատուրնայա գազետա՚ թերթի, ՙՍովետսկայա ժենշչինա ՚ ամսագրի և այլ պարբերականների գլխավոր խմբագիրներ։

Վերջապես, հերթական տոնի կապակցությամբ պարգևների արժանացած տասնյակների թվում հայտնվեցին նաև Յակ-40-ի անձնակազմի անդամները։ Հատկանշական է այն, որ մի տեսակ վերացականորեն հանձնվեցին նրանց պարգևները ՙՑուցաբերված պրոֆեսիոնալիզմի համար՚։ Ակնհայտորեն ուժի մեջ էր ՙԽՍՀՄ-ում չեն լինում արտակարգ իրավիճակներ՚ դիրեկտիվը։ Արդյունքում, նույնիսկ վերակառուցման տարիներին, միլիոնավոր քաղաքացիներ այդպես էլ չիմացան հերոսական անձնակազմի սխրանքի մասին։ Եվ սակայն, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի  առաջին քարտուղար Դեմիրճյանի ջանքերի շնորհիվ Կրեմլում հնարավոր համարեցին ինքնաթիռի հրամանատար Վարդան Սարգսյանին և օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանին ներկայացնելու պարգևատրման ՙՊատվո նշան՚ շքանշանով, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանին և մեխանիկ Աշոտ Այվազյանին՝ ՙԱշխատանքային արիության համար՚ մեդալով։ Ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Եվ ոչ մի բառ չասվեց Դոլորես Ղազարյանի և ԽՍՀՄ 87-415 համարով այն լեգենդար Յակ-40-ի օդաչուների անօրինակ սխրանքի մասին։

 

Հ.Գ.- Ես չէի կարող չհետաքրքրվել բուն հանցագործի՝ հայկական ինքնաթիռն առևանգողի ճակատագրի մանրամասնությունների մասին։ Պյոտր Յակիմենկո։ Տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Ինչպես հաճախ էր պատահում այն ժամանակներում, ախտորոշումը տրվել էր պետանվտանգության համակարգի թելադրանքով, Սերբսկու անվան դատական հոգեբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ Քրեական գործում ընդգծվում էր, որ  Յակիմենկոն տառապում էր նաև թերարժեքության բարդույթով և ցայտուն ատելությամբ էր համակված շրջապատի նկատմամբ։ Հատկանշական է, որ նա ուներ ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև աշխատում էր Տաջիկստանի  Գիտությունների ակադեմիայում։ Զարմանալի չէ, որ, մասնագետների կարծիքով, պայթուցիչ սարքը տաղանդավոր հայտնագործություն էր։ Դժբախտությունն անխուսափելի էր, եթե չլինեին մեր Դոլորեսը, մեր հերոս օդաչուները, որոնց սխրանքը չի կարելի մոռանալ։

Մնում է ասել միայն, որ դատարանը հոգեկան հիվանդ ճանաչեց Պյոտր Յակիմենկոյին։ Նրան ուղարկեցին հարկադիր բուժման։ Սակայն շուտով, ինչպես հայտնի դարձավ, նա մահացավ, և իհարկե, անհայտ պատճառներով։

Զորի ԲԱԼԱՅԱՆ