[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ԶՈՀԵՐԻ ՁԱՅՆՈՎ՚…

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին է նվիրել բանաստեղծ Վարդան Հակոբյանը ՙԵրկու միլիոն զոհերի ձայնով՚ իր նոր պոեմը, որն առանձին գրքով հրատարակվել է Երևանում` հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզունեով:

Հեղինակն աշխարհով մեկ բարձրաձայնելով Օսմանական Թուրքիայի կողմից իրականացրած հրեշավոր եղեռնագործության մասին ու դատապարտելով մարդասպանների աջակից պետությունների` քաղաքական էլիտայի երկերեսանի ու շողոքորթ, կաշառակեր ու նենգ պահվածքը, ովքեր անամոթաբար քար լռություն պահպանեցին սպանդի ժամանակ, զգոնության կոչ է անում հայ ժողովրդին` հորդորելով չհավատալ ու չհետևել մեծ տերությունների խոստումներին. ՙՈչ ատելությամբ խաբվենք թշնամու և ոչ էլ` սիրով բարեկամների, քանզի թունավոր խոտը հաճախ չես իմանում, թե որտեղ է բուսնում: Ապավինենք մեր, մեր, մեր, միայն ու միայն մեր ուժին՚, - բացականչում է պոետը: Մեր դարավոր պատմության ընթացքում բազմիցս ենք համոզվել, որ թուրքն իր ձեռագիրը չի փոխում, և, որքան էլ ՙմարդասիրություն խաղա՚, նա շեկ անապատի խորամանկ աղվեսին է միշտ հիշեցնում` ցանկացած պահի պատրաստ լինելով ՙանցյալի վերքերը քրքրել՚ ու անվերջ ցավ պատճառել: Գեղարվեստական հնարքների ու արտահայտչական հարուստ միջոցների համադրմամբ Վ.Հակոբյանն ընթերցողին մի պահ տեղափոխում է 1915-ի ապրիլին դժոխքի և մղձավանջների այն հորձանուտը, ուր շուրջ երկու միլիոն հայի կյանք խլեց թուրքը` ՙտաք արյամբ շփելով բորենու իր դեմքը և մարդակեր դաժանությամբ գերազանցեց իր բոլոր նախորդներին՚: Հեղինակի համոզմամբ, նույն վտանգավոր գաղափարախոսությունն այսօր շարունակում են Էրդողանն ու Դավութօղլուն` փակ պահելով հայ-թուրքական սահմանը, ՙապօրինաբար զավթելով մեր բիբլիական տունն ու եղեռնի ենթարկելով մի ողջ ժողովրդի՚: Թուրքիան սարսափում է ճշմարտության առաջ առերեսվելուց: Ու քանի դեռ ՙՆենգադավությունն ուժ է համարվում, Թուրքիան առաջիններից մեկն է քայլելու երկրագնդի միջօրեականներով և շարունակ թոզ է փչելու աշխարհի աչքերին՚, - գտնում է Վ. Հակոբյանը: Բանաստեղծը, հնչեցնելով զգոնության զանգը, չի թաքցնում իր մտահոգությունը նաև այսօր մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում` ծայրահեղ իսլամիստների կողմից իրականացվող դաժան ռազմագործողությունների նկատմամբ, որտեղ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և քաջալերմամբ մեկ դար առաջ մազապուրծ հայերի ժառանգներն են մորթվում, խոշտանգվում, թալանվում ու բռնի տեղահանվում... Արդյոք, այս ամենը մեզ համար դաս չեղան, որ երբեմն միամտաբար մտածում ենք, թե ՙթուրքը գուցե այլևս թուրք չէ, ու շարունակում ենք ինքներս մեզ խաբել՚: Ով-ով, բայց հայ մարդը վերջապես պիտի հետևի թուրքի գործի և անբարո արարքների, անցած ՙսև ճանապարհի՚ տրամաբանությանը… Ինչպես յուրաքանչյուր մտավորական, ամեն մի հայ, Վարդան Հակոբյանը ևս փորձում է իր պոեմով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարածաշրջանում տիրող պայթյունավտանգ երևույթների, ազերիների կողմից սահմանում շարունակ լարվածություն պահպանելու և խաղաղությունը վտանգելու խնդիրների վրա, աշխարհին հիշեցնել մեկ դար առաջ թուրքերի կողմից սրի և հրի մատնված հայերի մասին, որպեսզի արդարության ձայնը բարձրացվի թուրք-ազերական նկրտումների դեմ: Բանաստեղծն այն համոզմունքն ունի, որ ՙեղեռնագործի ձեռագիր–ոճը թուրքը փոխանցել է քրոջը` ազերուհուն՚, ով հին Հայաստանից մինչև Շուշի, Սումգայիթ, Բաքու, Գանձակ, մինչև Մարաղա կոտորել է հայերին և շարունակվում է անպատիժ մնալ: Եվ պոետն իր վրդոմունքն ու ցասումն արտահայտելով աշխարհի քար լռության և անտարբեր վերաբերմունքի նկատմամբ, հարց է ուղղում հանրությանը. ՙԿգա՞ պահն, արդյոք, ու վերջապես կլսե՞նք` դատարանն է գալիս: Միջազգային: Ոտքի՚… Ողջունելի է այն հանգամանքը, որ պոեմը լույս է տեսել վեց լեզուներով, ինչը հնարավորություն է ընձեռում հեղինակին ունենալու ընթերցողների լայն լսարան և բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության մասին: 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ