[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՊՆ ՈՒ ԹՈՌԸ` ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆՎՈՐՆԵՐ...

Ասում են՝ մարդիկ արտակարգ իրավիճակներում են իրենց ամբողջությամբ դրսևորում: Առօրյայում նրանք սովորաբար համեստ, ընդունված նորմերի շրջանակներից դուրս չեկող մարդիկ են:

Ու գրեթե չես էլ նկատում, որ կողքիդ ապրում է յուրահատուկ բնավորության տեր մի անձնավորություն, որ դժվարին պահերին անպայման հայտնվում է կողքիդ և օգնում` ինչով կարող է: Իսկ երբ ազգիդ, երկրիդ է սպառնում վտանգը, խաթարում կյանքի բնականոն ընթացքը, նրանք անհապաղ առաջին շարքերում են հայտնվում և իրենց պարտականությունը հայրենիքի հանդեպ անմնացորդ կատարում: Այսպիսի մարդկանցից էին պապ ու թոռ Աբել Մանասյանն ու Արմեն Քոչարյանը: Պապն արիաբար կռվեց Մեծ Հայրենականում ու… վերադարձավ՝ թեկուզ առաջին կարգի հաշմանդամությամբ: Թոռը մասնակցեց Արցախյան պատերազմին, ավաղ՛… ընկավ մարտի դաշտում:

ԽԻԶԱԽ ԶԻՆՎՈՐԸ

Աբել Մանասյանը ծնվել է 1907թ. Մարտունու շրջանի Սոս գյուղում, որտեղ էլ մեծացել, հասունացել և ամուսնացել է: Ինչպես Ղարաբաղում շատ հայեր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Աբելը բանակ մեկնեց։ Քաջ և հմուտ զինվորը կռվել է մինչև 1943-ը: Ասում էր` պետք է հասնեմ մինչև Բեռլին… Թե ինչպես է կռվել, վկայակոչում են բազմաթիվ շքանշաններն ու մեդալները: Եվ ինչն էր ամենաուշագրավը. համապատասխան մասնագիտական կրթություն չունենալով, նա այնքան լավ էր հասկանում զինտեխնիկայից և կարողանում շարքից դուրս եկածները վերանորոգել, որ հրամանատարությունը գիտակցում էր, որ նա իր յուրահատուկ հմտություններով, զինտեխնիկան անմիջապես մարտի դաշտում անընդհատ վերանորոգելով՝ ավելի կարևոր գործ է կատարում։ Անգամ մեկ զինվոր էին կցել իրեն։ Հուրախություն Աբելի, օգնականն այդ նույնպես ղարաբաղցի էր` Մյուրիշենից Սուրենը: Կատաղի մարտեր էին ընթանում Կերչում: Նման մի մարտի ժամանակ թշնամու արկը Աբելին էլ գտավ, գրեթե բզկտեց նրա մարմինը։ Ծանր վիրավորվեց ու անգիտակից վիճակում մնաց մարտադաշտում: Եվ ով գիտի` ինչպես կդասավորվեր նրա ճակատագիրը, եթե… նույն այդ օգնականը չփրկեր նրան: Անդադար կրակոցների, ականների պայթյունների տակ` վտանգելով սեփական կյանքը, Աբելին շալակած հանեց սարսափելի այդ մսաղացից և հասցրեց հոսպիտալ: Մյուրիշենցի Սուրենը… Նա էլ հրաշքով ողջ մնաց ահավոր այդ թոհուբոհում և վերադարձավ հարազատ գյուղ: Հետպատերազմյան տարիներին նրանք գտան իրար և շարունակեցին ընկերությունը նաև խաղաղ օրերին: Բժիշկներն Աբելի կյանքը փրկելու համար հարկադրաբար երկու ոտքն էլ անդամահատեցին. մեկը ծնկից վեր, մյուսը՝ ծնկից վար: 1944-ին վերջնականապես ապաքինվեց: Բայց ի՞նչ անել, առանց երկու ոտքի ինչպե՞ս ապրել: Կնոջը, երեք երեխաներին ինչպե՞ս պահել-մեծացնել: Արդյո՞ք կինը նրան կընդունի...: Անվերջ այս հարցերը մթագնում էին նրա հոգին: Աբել պապի քրոջ որդին` Եղիշեն, վերհիշելով այն օրերը, պատմում է, որ պատերազմի ժամանակ գործում էր հստակ կարգ: Այսպիսի վիրավորի հարազատներին հոսպիտալից զանգում և հետաքրքրվում էին` համաձա՞յն են վերջիններս ընդունել հաշմանդամ հարազատին: Կամ եթե զանգել չէր ստացվում, մի այլ զիվորի հետ նրան ուղարկում էին տուն: Եթե ընտանիքը չէր ընդունում, ապա նույն զինվորի ուղեկցությամբ նա վերադառնում էր հոսպիտալ. նրան ուղարկում էին կամ ծերանոց, կամ էլ մի որևէ այլ տեղ, որտեղ վերջինս կցանկանար նոր կյանք սկսել:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆԸ

Այդպես եղավ նաև մեր Աբել պապի դեպքում: Երբ ռուս զինվոր Իվանի ուղեկցությամբ նրան բերեցին տուն, նա ասաց կնոջը` Լուսիկին. ՙՆայիր՝ երկու ոտքս էլ չկա: Եթե չես ընդունում, այս մարդը եկել է, որ ինձ հետ տանի՚: Լուսիկի պատասխանն ապշեցրեց ռուս Իվանին (վերջինիս ձեռքն էին հոսպիտալում կտրել, կինն էլ այդ պատճառով չընդունեց). ՙԵրկու ոտքդ չկա, երկու ձեռքերդ էլ որ չլինեին, գլուխդ կդնեմ սեղանին, որ երեխաներիդ հայր լինի, իմ գլխին էլ` ամուսին, ուրիշ բան ինձ պետք չէ՚: Այդ օրվանից սկսվեց Աբել Մանասյանի կյանքի մի նոր փուլ: Մինչև պատերազմը նրանք ունեին երեք դուստր` Յուլյային, Գրետային, Ժենյային, իսկ պատերազմից հետո ունեցան ևս երկուսը` Էլեոնորային և Լուսավարդին: Պատերազմից հետո պետությունն սկսեց հոգալ Աբելի նման հաշմանդամների խնդիրները: 1946-ին նրան ուղարկեցին պրոտեզներ, իսկ 1959-ին ավտոմեքենա նվիրեցին: Աբելն աշխատում էր Սոս գյուղի կոլտնտեսությունում: Նրա պրպտուն միտքն ու հմուտ ձեռքերն օգնում էին հաստատվել խաղաղ կյանքում. կոլտնտեսության հավաքած թթից օղի էր թորում, գյուղտեխնիկան նորոգում, այլ հարմար աշխատանքներ կատարում։ Իսկ տանը… Տանը նա վայրկյան անգամ հանգիստ չուներ. փայտից սպասքեղեն էր պատրաստում, մետաղից` դանակներ, կենդանիների եղջյուրներից` սանրեր (ամբողջ Ղարաբաղից գալիս էին նրա մոտ` այդ հազվագյուտ սանրերը գնելու): Մարդկանց հետ համբերատար, հանգիստ, բարեհամբույր Աբել պապը ամբողջ գյուղի հարգանքն ու սերն էր վայելում: Լուսիկը նրան լավ էր պահում, խնամում՝ ինչպես երեխայի: Նրանք միասին երկար ապրեցին: 1979-ին Աբելն ու Լուսիկն իրենց զավակներով ու թոռներով մեծ շուքով տոնեցին իրենց ոսկե հարսանիքը: Աբելը մահացավ 1998-ին: Լուսիկը երկար չձգեց ամուսնու մահվանից հետո: Նա իր մահկանացուն կնքեց 2004-ին:

ՆԱ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ԱՐՈՒ ԶԱՎԱԿ ՈՒՆԵՆԱԼ

Դուստր Էլեոնորան է վերհիշում. ՙԵս նրա չորրորդ դուստրն եմ, նրա համար որդու պես էի: Տանում էր իր հետ խոտ հնձելու, անտառից փայտ բերելու, հողամասում աշխատելու: Շատ էր սիրում ինձ, բայց և պահանջում՚: Աբել պապը, շարունակում է վերհիշել Էլեոնորան, միշտ էլ երազում էր արու զավակ ունենալ: ՙԵրբ առաջնեկս` Արմենը, 1964-ին ծնվեց,- պատմում է նա,- խնդրեց, որ իրեն վստահեմ որդուս մեծացնելու, դաստիարակելու գործը՚: Ահա թե ինչպես Էլեոնորայի որդին` Արմեն Քոչարյանը, մեծացավ ու դաստիարակվեց Աբել պապի ու Լուսիկ տատի խնամքի տակ: Պապի նման Արմենը ևս հարևանասեր, բարեկամասեր էր։ Ուրախանում էր, աչքերը լույսով էին լցվում, երբ կարողանում էր մեկին օգնության հասնել, լավություն անել: Միջնակարգն ավարտելուց հետո Արմենը մեկնեց Երևան` ծնողների մոտ` ուսումը շարունակելու: Ավարտեց, ծառայեց խորհրդային բանակում և 1985-ին վերադարձավ գյուղ: Այստեղ գտավ իր ընտրյալին` Լյուդմիլային: 1986-ին նրանք ամուսնացան, ունեցան երկու որդի և դուստր` Արթուր, Արսեն և Ալվարդ: Հավատարիմ ամուսիններ, երջանիկ ընտանիք… Իսկ երբ Շարժումն սկսվեց, պապն ու թոռը ազատագրական մեր պայքարին նվիրվեցին անմնացորդ։ Երբ իրավիճակը սրվեց, Էլեոնորան առաջարկեց տեղափոխվել Երևան: Ուղարկեցին միայն Լյուդմիլային՝ փոքրիկների հետ: Տղամարդիկ մնացին հարազատ օջախը, հայրենի գյուղը, երկիրը պաշտպանելու: Արմենն ընդգրկվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատում: Պապն էլ վերհիշեց զինտեխնիկա նորոգելու ժամանակները: Գյուղում եղած-չեղած զենքը նորոգեց: 1992 թվականն էր արդեն: Թեժ օրեր էին: Մի օր Ավոն (Մոնթե Մելքոնյանը), իմանալով, որ պապը զինտեխնիկա է նորոգում, անսարք մի գնդացիր բերեց վերանորոգելու: Չնայած պատկառելի տարիքին, Աբել պապի միտքը պարզ, սթափ և սուր էր: Պապը նորոգեց և զենքը վերադարձրեց Ավոյին: Գյուղի տղամարդիկ, որ այդ օրերին հայրենիքի ազատամարտիկներ էին, ռազմավար զենքերն էին բերում պապին` նորոգելու: Աբել պապն իսկական գյուտ էր այդ թեժ օրերին: Երկու խոշոր մարտերի հասցրեց մասնակցել Արմենը` 1992-ի հունիսի 28-ին և սեպտեմբերի 6-7-ին: Վերջինի ժամանակ նա զոհվեց: ԱԱՄ-ի Սոսի համայնքային միավորման նախագահ Կառլեն Հակոբյանն է վերհիշում. ՙՄոտ մեկ տարի Արմենի հետ միասին աշխատել ենք կոլտնտեսությունում: Երբեք դիրքերում հերթափոխելուց չէր խուսափում: Սեպտեմբերի 7-ի հարձակումը լայնածավալ էր: Այն կարողացանք հետ մղել, թեկուզ և դեռ կային առանձին կրակոցներ, հրետանու արկերի պայթուններ՚: ՙՔոլասար. փաստաթղթեր և հիշողություններ՚ չտպագրված գրքում Կ. Հակոբյանը նկարագրում է. ՙԱզատամարտիկները խումբ-խումբ նստած խրամատում` վերհիշում էին օրվա մարտը: Հոգնած էին, բայց ուրախ` տարած հաղթանակից, այն էլ այդպիսի ծանր մարտում: Հաղթանակի ուրախությունն ու հաճույքը մոռացնել էր տալիս անգամ ծարավը: Շատերին թվում էր, թե դա ահավոր մի երազ էր` եկավ ու անցավ՚: Ով մասնակցել է, շեշտում է Կ. Հակոբյանը, մինչև կյանքի վերջը կհիշի այդ մարտը: ՙԱրմենը նստած էր խրամատի եզրին,- շարունակում է նա,- լիցքավորում էր ինքնաձիգի պահեստատուփերը: Թուրքերը շարունակում էին մեր դիրքերը հրետակոծել: Արմենը կարծես երազի մեջ էր: Հանկարծ աչքերը սևացան, թվաց, թե ընկնում է` ձեռքերը դրեց հողին, որ չընկնի, բայց... չենթարկվեցին: Վերջին անգամ նայեց մշուշապատ արևին ու փակեց աչքերը…՚: Ընկերները հասան Արմենին, բարձրացրին… ու նորից դրեցին հողի վրա, այն հողի, որը պաշտպանելու համար նա պայքարեց անմնացորդ՚: Երիտասարդ կնոջը` Լյուդմիլային, որ գյուղի համար այդ վտանգավոր օրերին երեխաների հետ գտնվում էր Երևանում, չէին համարձակվում հաղորդել սև լուրը: Եվ Արմենին հողին հաձնեցին Աբել պապն ու Լուսիկ տատը` բարեկամների, մարտընկերների օգնությամբ: Արմեն Քոչարյանը հետմահու պարգևատրվեց ՙԱրիության համար՚ մեդալով: Աբել պապը ծանր տարավ կորուստը: Ի՛նչ սպասելիքներ էր նա փայփայում Արմենից: Ավաղ… պապն Արմենի զոհվելուց հետո շատ չապրեց: Պապն ու թոռը հանգչում են պապենական գերեզմանոցում` կողք կողքի:

* * *

Լյուդմիլան մենակ էր մեծացնում զավակներին: Նա խորապես շնորհակալ է պետությանը, որ սոցիալական զանազան ծրագրերով ֆինանսապես շոշափելի օգնություն էր ցուցաբերում: Երախտապարտ է համայնքի ղեկավարությանը, որ ապահովեց աշխատանքով։ Շնորհակալ է հարազատներին, գյուղացիներին, որոնք օգնում էին` ով ինչով կարող էր: Հորը՝ Արմենին, հիշում է միայն ավագ որդին` Արթուրը: Կրտսերները` Արսենն ու Ալվարդը, հոր մասին պատկերացում են կազմում հարազատների, հարևանների հիշողություններից: Ալվարդը շուտ ամուսնացավ, ունեցավ երեխաներ և հիմա ամուսնու հետ ապրում է Ռուսաստանում: Ավագ որդի Արթուրը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, իսկ Արսենն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և այժմ ծառայում է Պաշտպանության բանակում: Եվ ինչպես Աբել պապը, նրա Արմեն թոռը, այնպես էլ Աբել պապի ծոռներ` Արմենի որդիներ Արթուրն ու Արսենը հարազատ երկրի արժանի զավակներն են, ովքեր ծառայում են հայրենիքին` մեկը ռազմական, մյուսը առողջապահության ասպարեզում… 

 Սուսաննա Բալայան