[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Փետրվարի 16-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր կառույցի 2015թ. գործունեությանն ու արդյունքների ամփոփմանը։

Նշենք, որ ասուլիսին նախորդել էր ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստը, որին ներկա էր հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ ԼՂՀ գլխավոր դատախազը նախ ներկայացրեց 2015թ. հանրապետության հանցավորության վիճակը, դատախազության գործառույթները, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին։ Անցած տարում ԼՂՀ-ում գրանցվել է հանցագործությունների 464 դեպք (10.000 բնակչի հաշվով` միջինը 31 հանցագործություն)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 114 դեպքով, կամ 32,5%-ով, ավել (2014թ.՝ 350 դեպք)։ Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 92,5% (2014թ.՝ 92,1%,)։ Չբացահայտված է մնացել 30 հանցագործություն: Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` հաշվետու տարում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 5 դեպք, ծանր հանցագործությունների 76 դեպք, միջին ծանրության հանցագործությունների 236 դեպք և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 146 դեպք: Ըստ վարչատարածքային միավորների՝ նշված տարում հանցագործությունների աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 16 դեպքով (2015թ.՝ 131, 2014թ.՝ 115), Ասկերանի շրջանում` 24 դեպքով (2015թ.՝ 85, 2014թ.՝ 61), Մարտակերտի շրջանում՝ 35 դեպքով (2015թ. 82, 2014թ.՝ 47), Մարտունու շրջանում՝ 30 դեպքով (2015թ.՝ 67, 2014թ.՝ 37), Շուշիի շրջանում՝ 18 դեպքով (2015թ՝ 30, 2014թ.՝ 12), Քաշաթաղի շրջանում՝ 9 դեպքով (2015թ.՝ 35, 2014թ.՝ 26): Հանցագործությունների նվազում է արձանագրվել միայն Հադրութի (2015թ.՝ 23, 2014թ.՝ 27) և Շահումյանի (2015թ.՝ 11, 2014թ՝ 25) շրջաններում՝ համապատասխանաբար՝ 4 և 14 դեպքերով: Հաշվետու ժամանակահատվածում 9-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (2015թ.՝ 56, 2014թ.՝ 47): Ընդ որում՝ 2-ով աճել են սպանության դեպքերը (2015թ.-ին՝ 3, 2014թ.-ին՝ 1), իսկ սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել (2014թ՝ 2): Ա. Մոսիյանի խոսքով՝ աճել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները` 2015թ.՝ 8, 2014թ.՝ 6, որից 2-ը բռնաբարության դեպքեր են: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում 2-ով աճել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի թիվը (2015թ.՝ 17, 2014թ.՝ 15), ընդ որում՝ 6-ով աճել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2015թ.՝ 7, 2014թ.՝ 1): Միաժամանակ 5 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները (2015թ.՝ 28, 2014թ.՝ 23), որը պայմանավորված է իգական սեռի մեկ անձի կողմից ՄԻԱՎ հարուցիչով վարակելու 11 դեպքի արձանագրմամբ: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100% (2014թ.՝ 100%): Հանրապետության տարածքում գրանցված՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 49 դեպքով, կամ 42,6%-ով (2015թ.՝ 164, 2014թ.՝ 115): 2-ով աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը (2015թ.՝ 12, 2014թ.՝ 10):

2015թ. ավազակության և կողոպուտի եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 1-ով աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության (2015թ.՝ 4, 2014թ.՝ 3), 2-ով՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ խարդախության (2015թ.՝ 3, 2014թ.՝ 1) դեպքերը, իսկ 1-ով նվազել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2014թ.՝ 6, 2015թ՝ 5): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 81,7% (2014թ.՝ 75,8%): Չեն բացահայտվել անձնական գույքի հափշտակության` գողության դեպքերից 17-ը, այդ թվում` 7 բնակարանային գողության, 6 խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների 2 դեպքերը: Հանրապետության գլխավոր դատախազը մտահոգություն հայտնեց հաշվետու ժամանակահատվածում գրանցված անձնական գույքի հափշտակության դեպքերի համար, որոնց թիվն աճել է 47-ով (2015թ.՝ 152, 2014թ.՝ 105): Շեշտակի` 53-ով աճել են անձնական գույքի հափշտակության` գողության դեպքերը (2015թ՝ 133, 2014թ.՝ 80), որից 33-ը բնակարանային գողություններ են (2015թ.՝ 53, 2014թ.՝ 20): Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 24 դեպք` նախորդ տարում գրանցված 18-ի դիմաց: 2015-ին հարկերի և տուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու 1 դեպք (2014թ.՝ 0): Գրանցվել է կոռուպցիոն բնույթի 47 հանցագործություն` նախորդ տարվա 15-ի դիմաց: Հիշյալ հանցագործություններից 42-ը նախորդ տարիներին գրանցված և 2015թ. բացահայտված հանցագործություններ են: Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցատեսակներից գերակշռող մաս են կազմում պաշտոնեական կեղծիքի 22, առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 14, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 8 հանցագործությունները: Մեկական դեպքեր են արձանագրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման, կաշառք ստանալու պատրվակով խարդախության և պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցատեսակներով: Նշված բնույթի հանցատեսակներն իրենց դրսևորումն են գտել կադաստրի և բանկային համակարգերում, կրթության ոլորտում, տեղական ինքնակառավարման մարմիններում, գանձապետական համակարգում, ոստիկանության և նոտարական գործունեության ոլորտներում: Ընդ որում` առավել մեծ թվով հանցագործություններ բաժին են ընկնում կադաստրի և բանկային համակարգերին, կրթության ոլորտին: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով հանցագործություն կատարածներից 15-ը պաշտոնատար անձինք են, 6-ով ավելի՝ 2014թ. համեմատությամբ: Հանցագործություն կատարած պաշտոնատար անձանցից 6-ն ազատվել է աշխատանքից, իսկ 9¬ը քրեական գործի նախաքննության փուլում ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, այդ թվում` կալանք: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված 4.233.649 ՀՀ դրամ գույքային վնասը լրիվությամբ վերականգնվել է: Հաշվետու տարում 14-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները (2015թ.՝ 37, 2014թ.՝ 51): Միևնույն ժամանակ, իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 2-ով (2015թ.՝ ՝3, 2014թ.՝ 1): Աճել է նաև (35 դեպքով) պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2015թ.՝ 74, 2014թ.՝ 39): Մասնավորապես, 4-ով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2015թ.՝ 10, 2014թ.՝ 6): Ըստ գլխավոր դատախազի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ոչ թե այդ հանցագործությունների քանակը, այլ դրանց բացահայտման ցուցանիշը, քանի որ դրանք մեծամասամբ նախկին տարիներին կատարված հանցագործություններ են: 2015-ին չեն արձանագրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքեր: Փոխարենը 11 դեպքով աճել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը (2015թ.՝ 37, 2014թ՝ 26), ինչը պայմանավորված է Ստեփանակերտ քաղաքում 1 քրեական գործով նախորդ տարիներին կատարված 22 դրվագ փաստաթղթեր կեղծելու փաստով: Այսինքն՝ նշված 22 հանցագործությունները կատարվել են մեկ անձի կողմից։ ԼՂՀ գլխավոր դատախազին ուղղված հարցերից երկուսը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն էր առնչվում։ Մասնավորապես, ադրբեջանական կողմից հնչած առաջարկի՝ Արցախում դատված ադրբեջանցի դիվերսանտներին փոխանակելու վերաբերյալ հարցին ի պատասխան Ա. Մոսիյանն ասաց. ՙՆրանք կատարել են քրեական հանցագործություններ։ Դատարանը դատապարտել է, և այդ մարդիկ կրում են իրենց պատիժը։ Իրավական տեսակետից փոխանակումն անհնարին է՚։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ