Logo
Print this page

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԽԵԼԱՄԻՏ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Փետրվարի 16-ին ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը հրավիրեց 2015թ. տնտեսական տարին ամփոփող մամուլի ասուլիս։

Գյուղոլորտը երկրի համար գերակա հայտարարված ուղղություններից է, անելիքներն ու խնդիրները, հետևաբար և լրագրողների հարցերը՝ շատ։ Ա. Մխոյանը գտնում է, որ յուրաքանչյուր ոլորտի զարգացման գործում լրագրողների դերակատարությունն անգնահատելի է, քանի որ նրանց հարցադրումների շնորհիվ է նաև, որ լիազոր մարմինը խնդիրներին տեղեկանալու և աշխատանքը ճիշտ համակարգելու հիմք է ունենում։ 2015 թվականին, Ա. Մխոյանի ներկայացրած թվերով, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 52 հազ. 211 հա, որից ավելի քան 40 հազ. հա-ն աշնանացան մշակաբույսերն են։ Մնացածը հատկացվել է գարնանացանին։ Հացահատիկայինները գերակշռող մաս են կազմել՝ շուրջ 92 %, ինչը փոքր թիվ չէ։ Նախարարը գտնում է, որ անհրաժեշտ է հողագործին շահագրգռել նաև այլ մշակաբույսերի մշակության մեջ, որոնք, ըստ նրա, պակաս կարևոր չեն և կարող են եկամտի լավ աղբյուր հանդիսանալ։ Տարվա ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են տեղում, կազմակերպվել է պայքար տարբեր բնական աղետների (մասնավորապես՝ հրդեհների) դեմ, որից տուժած ցանքատարածությունները կազմել են շուրջ 650 հա։ Վնասի պատճառները և՜ սուբյեկտիվ էին, և՜ օբյեկտիվ, և գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ այս տարի դրանք հասցվելու են նվազագույնի։ Բերքահավաքի աշխատանքներին ներգրավվել է 190 կոմբայն, որից 49 միավորը՝ Հայաստանի Հանրապետությունից։ 120 հազ. տոննա հացահատիկի բերք է ստացվել՝ 26,3ց միջին բերքատվությամբ։ Անցած տարվա հացահատիկի ցուցանիշներն աննախադեպ էին և երկու անգամ գերազանցում էին 2014թ. ցուցանիշներին։ Հնձվել է 23,5 հազ. հա ցորեն, 17,8 հազ. հա գարի, 2700 հա հաճար և 1500 հա-ի չափ եգիպտացորեն։ Ա. Մխոյանը գտնում է, որ գարնանացանի մասով լուրջ աշխատանք կա կատարելու՝ հատկապես ցանքատարածություններն ավելացնելու տեսակետից։ Գարնանացան մշակաբույսերի խթանման համար անչափ կարևոր է վերամշակող արտադրության զարգացումը, նոր մշակաբույսերի մշակումը։ Այգեգործությունը գյուղնախարարը հատուկ թեմա է համարում։ Նրա խոսքով՝ Ղարաբաղը ՝ սև այգին, պիտի վերածվի պտղատու այգու։ Այն հենց այնպես չեն այգի անվանել. այստեղ այգեգործության, պտղաբուծության համար պայմաններն իդեալական են։ Նա անհրաժեշտ է համարում թթենու, նռան, ծիրանի, այլ մրգատեսակների ու պտուղների նոր սորտերի մշակումը և դրանց վերամշակման արտադրությունների կազմակերպումը, քանի որ հենց այդ ուղղությունը կարող է Ղարաբաղի գյուղատնտեսության հիմքը հանդիսանալ։ Վերջին տարիներին Արցախում ծխախոտագործության, որը նախկինում բավականին առաջատար էր, զարգացման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ Այն խրախուսում և դրան աջակցում են և՜ պետությունը, և՜ Արցախում ծխախոտի արտադրությամբ զբաղվող մասնավոր ընկերությունը։ Բույսերի պաշտպանության ծառայությունը դաշտային հետազոտական աշխատանքներ է իրականացնում՝ պարզելու, թե որ մշակաբույսերը կարող են մեզ մոտ աճել, ինչպես բարձրացնել մշակաբույսերի մշակության արդյունավետությունը։ Ա. Մխոյանը ներկայացրեց այն ծրագրերն ու պայմանները, որոնց համաձայն հողօգտագործողներին ու ֆերմերներին տրամադրվում է պետական աջակցություն։ Ներկայացվեցին ենթաշրջանային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում բանախոսը կարևորեց ոռոգման համակարգի ներդրումը, սեփական արտադրանքի նկատմամբ շուկայում պահանջարկի ստեղծումը։ Այս ամենին հասնելու համար գյուղնախարարությունը, ինչպես արտահայտվեց նախարարը, որդեգրել է ՙխելամիտ խնայողությունների համակարգ՚։ Ասել է թե՝ պետք է հստակ կողմնորոշվել, թե որտեղ պետք է խնայողություն անել և որտեղ բացառել այն։ Հողի մշակության տեխնոլորգիային տիրապետելը արհեստ է, մշակույթ, ինչը մեզ մոտ դեռևս ձևավորման փուլում է։ ՙԳյուղատնտեսության վարման մշակույթը ձևավորվում է տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում։ Մենք դեռ սովորում ենք՚,- ասաց նա։ Լրագրողները գյուղնախարարին խնդրեցին պարզաբանումներ տալ հասարակության և երկրի ղեկավարության մտահոգության կենտրոնում հայտնված մի շարք հարցերի վերաբերյալ՝ կապված գյուղատնտեսական արտադրանքի իրացման կազմակերպման, սննդի անվտանգության, ենթաշրջանային համայնքների զարգացման, հումքի մթերման հետ և այլն։ Խնդիրները շատ են։ Մի մասի լուծումը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով։ Արցախում, պարզվում է, համապատասխան որակի և քանակի գյուղատնտեսական արտադրանք չի արտադրվում, ինչն էլ խնդիրներ է առաջացնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում՝ մրցակցությանը այն միշտ չի դիմանում։ Կա նաև մասնագետների խնդիր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն։ Հարցը հաճախ փակուղի է մտնում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Արցախյան արտադրանքն էկոլոգիապես մաքուր է, հետևաբար, երկար պահպանվել չի կարող։ Ստացվում է, նրա իրացումը պիտի կազմակերպվի արագ։ Իսկ արագի համար պետք է վերամշակումը կազմակերպվի տեղում, քանի որ վերամշակված ապրանքի պահպանման ժամկետներն ավելի երկար են։ Ուրեմն՝ անհրաժեշտ է գտնել ներդրողներ, խթանել վերամշակման գործունեությունը գործարարների շրջանում։ Լրագրողները հետաքրքրվեցին վերջերս Հայաստանի Հանրապետությունում գրանցված դաբաղի դեպքերով։ Արցախում դրա միջադեպը, Ա. Մխոյանի տեղեկատվությամբ, չի եղել։ ՀՀ-ում էլ այն գրանցվել էր ընդամենը մեկ շրջանում։ Ընդհանրապես, դաբաղի բուժման և պրոֆիլակտիկայի համար նոր չափաբաժնով պատվաստումներ կան, որոնց ձեռքբերման շուրջ արդեն պայմանավորվածություններ ունեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախը։ Հարց հնչեց վերջերս տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի պոմիդորի ցեցի պատճառով ՌԴ արտահանված մեծ չափաբաժնով լոլիկ է հետ ուղարկվել։ Արցախը նույնպես լոլիկ ներմուծում է մասամբ Հայաստանից. այդ մակաբույծն այստեղ չի՞ ներմուծվում դրա հետ։ Նախարարը նշեց, որ այդ մակաբույծով վարակ առկա է ՀՀ-ում և ԼՂՀ-ում, դրա դեմ պայքար տարվում է, բայց մեզանում մեծ ծավալների պոմիդոր չի արտադրվում և չի ներմուծվում, ուստի նրա տված վնասը քիչ է։ Իսկ ինչպե՞ս ենք վերահսկում սննդի մեջ առկա վնասակար նյութերը, ունե՞նք անհրաժեշտ սարքավորումներ, ասենք, նիտրատների թույլատրելի չափաքանակը վերահսկելու համար։ Պատասխանը դրական էր. գյուղատնտեսական մթերքները, որ օգտագործում է մեր սպառողը, լիովին անվտանգ են։ Հայ հողօգտագործողն այնքան աղքատ է, որ չի կարողանում իրեն նման շռայլություն թույլ տալ և մեծ գումարներ արժեցող թունաքիմիկատների գերբաժին ներարկել բույսերին՚,- պարզաբանեց նախարարը։ Մեր գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողը բանակն է, որքանո՞վ է հաջողվում ապահովել նրան պարենով։ Ա. Մխոյանը նշեց, որ որոշ սննդամթերքներով՝ միս, հաց, ձեթ և այլն, ստացվում է։ Տեղական արտադրանքի ծավալները պետք է ավելացվեն, որի հաշվին կհաջողվի բավարարել ներքին սպառումը։ Ի՞նչ է անում գերատեսչությունը գյուղացու հոգսը թեթևացնելու համար։ Հարցին պատասխանելով՝ նախարարը նշեց, որ բոլոր ծրագրերը միտված են հենց դրան, քանի որ Արցախն ագրարային երկիր է, և նրա զարգացումը հենց կթեթևացնի գյուղացու բեռը։ Մասնագետների առնչությամբ հարցին ի պատասխան նշվեց, որ նրանք քիչ են, բայց սկզբի համար բավարար են։ ՙՊետք է սովորել գնահատել ունեցածը, ապա բազմապատկել այն՚։ Սա Ա. Մխոյանի կարծիքն է բոլոր հարցերի, այդ թվում և՜ մասնագետների մասով։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.