[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ 2015թ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

Ինչպես արդեն տեղեկացվել է, փետրվարի 15-ին 2015թ. գործունեության մասին հաշվետվությամբ է հանդես եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Ամփոփելով տարվա ձեռքբերումները և անդրադառնալով մայրաքաղաքի հիմնախնդիրներին, նա չի խուսափել բարձրաձայնել նաև բացթողումների մասին։ Չխախտելով ավանդույթը, մի խումբ պաշտոնատար անձանց՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի ուղեկցությամբ քննարկումներին մասնակցել և իր նկատառումներն է ներկայացրել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Սուրեն Գրիգորյանի հավաստմամբ, հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետարանի գործունեությունն ուղղված է եղել մայրաքաղաքի բնակչության բարեկեցության բարձրացմանը։ ՙՍտեփանակերտը, որպես համայնք, բազմաշերտ փոխհարաբերությունների մեջ է պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների հետ, որն ապահովում է վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետությունը և ազդում է համակարգի զարգացման ընթացքի վրա,- նշել է քաղաքապետը։- Նպատակային ծրագրերի իրականացման շնորհիվ այսօր երկրում ստեղծվում են տեղական ինքնակառավարման տնտեսական, իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմքեր, որոնք թույլ են տալիս ապահովել համակարգի հետագա զարգացումը՚։ Ըստ քաղաքապետի, 2015թ. մայրաքաղաքում պետական, համայնքային և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններն են հանդիսացել բնակարանաշինարարությունը, դպրոցաշինարարությունը, հասարակական և առողջապահական օբյեկտների կառուցումը, քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը, հրետակոծությունից տուժած և սոցիալապես անապահով խավերի բնակարանների վերանորոգումը, սանիտարական մաքրությունը, քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավումը, կանաչապատումը։ Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ 766 մլն 913 հազ. դրամ։ Ընդ որում, մուտքերի 21,1%-ը կազմել են սեփական եկամուտները։ Քաղաքային համայնքի 2015 թվականի տարեկան բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1 մլրդ 770 մլն 907,4 հազ. դրամի չափով, որը կազմում է պլանավորվածի 96%-ը։ Համայնքի ենթակայության կազմակերպությունները ֆինանսավորվել են 99,8 %-ով։ Ըստ զեկույցի՝ 2015թ. Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի և պետական բյուջեի հաշվին զգալի աշխատանքներ են կատարվել վերանորոգման, վերակառուցման և բարեկարգման ուղղությամբ։ Մասնավորապես՝ իրականացվել են 82 մլն 498,8 հազ. դրամի չափով բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի հարդարման և երեսապատման, սալիկների վերականգնման աշխատանքներ։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Ս.Գրիգորյանը, 2015թ. բնակարանային խնդիրը մայրաքաղաքում շարունակել է մնալ առաջնահերթ։ Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է քաղաքապետարանի բնակարանային հարցերով հանձնաժողովի 4 նիստ։ Հաշվառման ցուցակում ընդգրկվելու համար դիմում է ներկայացրել 38 քաղաքացի. դիմումներից 20-ը բավարարվել է, 18-ը՝ մերժվել։ Կայացել է նաև քաղաքացիների հաշվառման և հաշվառումից հանելու հարցերով հանձնաժողովի 43 նիստ, որտեղ քննարկվել է 628 դիմում։ Ոչ բնակելի տարածքի հատկացման վերաբերյալ ընդունվել է 11, ուժը կորցրած ճանաչելու մասին՝ 4 որոշում։ Համայնքի ավագանու համաձայնությամբ սեփականաշնորհվել է 23 բնակարան, մասնավորեցվել՝ 5 օբյեկտ։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով 2015թ. մասնակի են բավարարվել բնակչության պահանջները տանիքների վերանորոգման վերաբերյալ։ ՙԲնակարանային շահագործման տնտեսություն՚ ՓԲԸ¬ի կողմից բազմաբնակարան շենքերում ընթացիկ վերանորոգման են ենթարկվել 325 բնակարանների տանիքներ։ Անդրադառնալով չլուծված խնդիրներին, քաղաքապետն այդ համատեքստում մտահոգիչ համարեց նախկինում կառուցված կամ վերափոխված բազմաբնակարան շենքերի տանիքների վրա ձյան պաշտպանիչ շերտերի բացակայությունը, ՙինչի պատճառով վտանգվում է մարդկանց շարժը բակերում՚։ Գահավիժող ձյան ծանր շերտից վնասվում են ենթակառուցվածքները, շարքից դուրս գալիս լուսատուներ, հեռախոսագծեր և այլն։ Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքապետարանը Քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մշակել և ձգտել է արդյունավետ իրականացնել ՙՁմեռ՚ ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ՙՋերմային տնտեսություն՚ ՓԲԸ-ին նույնպես հաջողվել է ապահովել սպասարկվող կաթսայատների անխափան աշխատանքը։ 2015թ. քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքի սանիտարական մաքրության և աղբահանման խնդիրները։ Կենտրոնական աղբանոցում իրականացված միջոցառումների շնորհիվ տարածքում իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Սանիտարական մաքրման և բարեկարգման է ենթարկվել աղբանոցի ողջ շրջապատը, տարիների ընթացքում կուտակված աղբը խտացվել և վնասազերծվել է, ծածկվել հողի հաստ շերտով, իրականացվել են վնասազերծման այլ աշխատանքներ։ Քաղաքի տարբեր թաղամասերում կառուցվել են նոր և հիմնանորոգվել թվով 10 աղբահարթակներ։ Չխուսափելով արձանագրել և բացթողումները, Ս. Գրիգորյանը շեշտեց, որ հաջողությունների հետ մեկտեղ կազմակերպությունում դեռևս չլուծված խնդիրներ կան։ Քաղաքապետի համոզմամբ, հիմնարկության ավտոտնտեսությունը թարմացման խիստ կարիք ունի։ Գաղտնիք չէ, որ ՙՋրմուղ¬կոյուղի՚ ՓԲԸ¬ի հստակ գործունեությամբ են պայմանավորված քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ցանցերի սպասարկման ծառայության որակի բարելավումը, ՙգործող անձրևընդունիչների անխափան աշխատունակությունը՚։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր քաղաքի բնակչության գրեթե 100 տոկոսը ապահովված է շուրջօրյա ջրով։ Ջրացանցի կառուցման աշխատանքները կշարունակվեն Աջափնյակի և Կրկժան թաղամասի որոշ հատվածներում ու ավարտին կհասցվեն 2016-ին։ Տարին արդյունավետ է եղել և ՙԱկադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի՚ ՓԲԸ¬ի համար։ Քաղաքի տարբեր փողոցներում ու թաղամասերում իրականացվել են տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ։ 2015թ., նախորդ տարվա համեմատ, կանաչ գոտիներն ընդլայնվել են ավելի քան 1600 քառ. մետրով։ Անդրադառնալով ուղևորափոխադրման խնդրին և ներքաղաքային տրանսպորտի գործունեությանը, Ս. Գրիգորյանը նշեց, որ դեռևս լիարժեք համալրված չէ մայրաքաղաքի ավտոբուսային (միկրոավտոբուսային) հավաքակազմը։ Հատկապես շարունակում է ցածր մնալ հաշմանդամների տրանսպորտային սպասարկման մակարդակը։ Քաղաքապետն ընդգծեց, թե իրավիճակի շտկման և կարգավորման գործում ակնկալում է Էկոնոմիկայի նախարարության տրանսպորտային տեսչության կողմից վերահսկողության ուժեղացում՝ ոլորտում օրենսդրական պահանջների կատարման, հաստատված չվացուցակների ապահովման, երթուղու ուղեգծի ինքնակամ շեղումների բացառման, ավտովարորդների կողմից ուղևորների հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորման և անվտանգ սպասարկման ուղղությամբ։ Սուրեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև տարեցտարի ընդլայնվող համագործակցության վերաբերյալ։ 2012թ. սեպտեմբերի 28-ին երկու մայրաքաղաքների քաղաքապետերի կողմից ստորագրված համաձայնագրի շրջանակում բոլոր ուղղություններով ավելի են սերտանում կապերը։ Ընդ որում՝ փոխգործակցությունը չի սահմանափակվում երկու քաղաքապետարանների պատասխանատուների փոխայցելություններով. Ստեփանակերտի հետ ամուր կապեր են հաստատել նաև Երևանի վարչական բոլոր 12 շրջանները։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում շարունակվում են ՙԱզատամարտիկների այգու՚ հիմնադրման և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները։ Բարեկամության հետագա ամրապնդմանը նոր լիցք կհաղորդի երկու քաղաքապետարանների միջև անցյալ տարվա աշնանը Երևանում ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը։ Կապերի ամրապնդման և խորացման ուղղությամբ գործուն քայլեր են ակնկալվում նաև Ստեփանակերտի և Կալիֆոռնիայի նահանգի Մոնթեբելլո, Ֆրանսիայի Վալանս քաղաքների միջև սկզբնավորված համագործակցության շրջանակում։ Հաշվետվությանը ընդարձակ ելույթով հանդես եկավ Նախագահ Բակո Սահակյանը։ Անդրադառնալով Ստեփանակերտի հիմնախնդիրներին՝ երկրի ղեկավարը դրական է որակել կատարված աշխատանքների ծավալներն ու տեղաշարժերն ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքային տնտեսության անխափան գործունեությունն ապահովող կառույցներում և ստորաբաժանումներում, կենսաապահովման ոլորտում։ Երկրի ղեկավարը նշել է, որ այսուհետ ևս պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու մայրաքաղաքի բարգավաճմանն ու մշտապես հետամուտ է լինելու նրա առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Հանրապետության ղեկավարը հավելել է, որ Ստեփանակերտն արտաքին աշխարհի համար յուրահատուկ այցեքարտ է հանդիսանում, և իշխանությունների կողմից ամեն ինչ կարվի ստեղծված արժեքներն ու ավանդույթները զարգացնելու և պահպանելու, սերունդներին փոխանցելու համար։ ԼՂՀ Նախագահը նաև կանգ է առել հասարակական հնչեղություն ունեցող մի շարք հարցերի վրա, դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն