ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱՎԵՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
Բանաստեղծ, ՙՀայրենյաց պաշտպան՚ թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանի հարցազրույցը Արցախի հերոս, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
- Անկախության անցած տարիները հաստատում են, որ միայն սեփական ուժերով և միասնաբար կարելի է հզոր պետություն կերտել։ Ի՞նչ դեր ունի ուժեղ բանակը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն պահպանելու գործում։
- Կառուցելով ու ամրապնդելով մեր պետությունը՝ մենք իրական ու շոշափելի ենք դարձնում ժողովրդի երազանքը, այն է՝ պահպանել Արցախյան գոյապայքարում ձեռք բերած արժեքները՝ ազատասեր ոգին, միասնական ու անկոտրում կամքը, մարտունակությունը՝ սեփական ուժերով կռելով վաղվա հաղթանակը։ Համոզված եմ, որ մեր պետությունն անհրաժեշտ ամեն ինչ ունի՝ ապահովելու իր ժողովրդի խաղաղ ապագան։ ԼՂՀ պաշտպանության բանակը, բազում մարտերում կոփվելով ու զորանալով, դարձավ տարածաշրջանային անվտանգության գործոն և զսպեց Ադրբեջանի նվաճողական նկրտումները։ Հանդիսանալով Հանրապետության անվտանգության ամենամեծ երաշխիքը, Պաշտպանության բանակը միաժամանակ հաղթանակներ կերտած ազատամարտիկների ոգու և ջանքերի արտահայտիչն է, բացարձակ մի արժեք, որ իր մեջ կրում է մեր ժողովրդի փառավոր անցյալը, հաստատուն ներկան և լուսավոր ապագայի հեռանկարը։
- Անշուշտ, անչափ թանկ գին է վճարվել մեր ազատության ու անկախության համար։ Ազատամարտիկի անունը, որպես վեհանձնության խորհրդանիշ, սերունդներին շարունակում է ուղեկցել դեպի նպատակակետ։ Ո՞րն է Արցախի ազատամարտիկների միության առաքելությունը ընդհանրապես և այդ տեսանկյունից։
- Արցախի ազատամարտիկների միությունն ամենից առաջ մեր երեկվա պատերազմի բոլոր մասնակիցներին համախմբող ուժ է, որը պետք է ծառայի պետության ամրապնդմանն ու հզորացմանը։ Անհրաժեշտ է, որ Միության յուրաքանչյուր անդամ ճիշտ գիտակցի իր տեղն ու դերը պետականակերտման գործում և իրենից կախված ամեն բան անի հանուն գերխնդրի լուծման, այն է՝ մասնակցել պետության հոգևոր, տնտեսական և ռազմական հզորացմանը։ Անշուշտ, տարեցտարի ավելի են բարձրանում Արցախյան ազատամարտի մասնակցի անունն ու դերը, հասարակության կյանքում զգալի դառնում նրա բացառիկ առաքելությունը։ Մենք չէ, որ պիտի գնահատենք...Մեր կատարած աշխատանքը կարող է գնահատել միայն ժողովուրդը։ Խաղաղությունը լավագույն հարթակն է՝ ամրապնդվելու համար ոգով ու կամքով, զենքով ու մարտականությամբ, դրանով իսկ մենք կհաստատենք մեր ինքնության գերակայությունը՝ մեզանից մշտապես հեռու վանելով պատերազմի վերսկսման իրողությունը։ Բոլորս պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռևս ավարտված չէ։ Իսկ դա նշանակում է, որ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ, մանավանդ որ դրա արդյունքում ունենում ենք նաև զոհեր ու վիրավորներ։ Նման պայմաններում անհրաժեշտ են մեր ազգի բոլոր ուժերի վերամիավորումն ու ներքին համերաշխությունը։ Արցախի ազատամարտիկների միությունը երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող, նրանց ճակատագրով մտահոգ մի կառույց է, որը հարկ եղած դեպքում կանգնելու է մեր բանակի կողքին և պաշտպանելու է հայրենիքը։ -Ուշագրավ է նաև այն փաստը, որ ազատամարտիկները եռանդուն գործունեություն են ծավալում նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ - Միության գերնպատակը ոչ միայն ազատամարտիկների հիմնախնդիրների լուծումն է, այլև այն, որ կազմակերպությունն իր արդյունավետ և նպատակասլաց գործունեությամբ նպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանը, և, որ շատ կարևոր է՝ նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Եվ այդ ամենն արվում է հավուր պատշաճի։ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ արդեն ավանդույթ է դարձել ՙԱրիության դասեր՚-ի կազմակերպումը հանրակրթական դպրոցներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Նպատակը մեկն է՝ դաստիարակել այնպիսի սերունդ, որն ի վիճակի կլինի պաշտպանելու և հզորացնելու մեր հայրենիքը, պատրաստ՝ դիմակայելու թշնամու ոտնձգություններին։ -ՙՀայրենյաց պաշտպան՚ երիտասարդական կազմակերպության անդամները բազմիցս հաստատել են իրենց գործունեությամբ, որ արժանի են այդ բարձր կոչմանը։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի առիթով նշել է, որ ՙհայրենիքի պաշտպան՚ հասկացությունը պետք է հասկանանք ու ընդունենք լայն իմաստով, որովհետև, մեծ հաշվով, հայրենիքի պաշտպան է յուրաքանչյուր մարդ, ով պարզապես նվիրումով ու պատասխանատվությամբ է կատարում իր գործը, ով պատրաստ է հարկ եղած դեպքում ոտքի կանգնել՝ իր հողը, ազգային արժեքները պաշտպանելու։ Այս առումով ևս կարող ենք վստահաբար ասել, որ հայրենյաց պաշտպաններն արժանի հետնորդն են Արցախյան գոյապայքարի բովով անցած ու հաղթանակներ կռած ազատամարտիկների, ովքեր այսօր էլ շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել՝ ի շահ Հայրենիքի բարօրության։ Սպասելիքներն այսօր էլ մեծ են երիտասարդ սերնդից։ - Այո՜, ՙՀայրենյաց պաշտպան՚-ը կոչված է բարձրացնելու մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը։ Ստեղծվել է հենց երիտասարդության շրջանում Միության աշխատանքները կանոնակարգելու և երկրի պաշտպանների շարքերն արժանի հերթափոխով համալրելու նպատակով։ Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել համախմբել հայ երիտասարդությանը ազգային գաղափարների շուրջ, նպաստել նրանց հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ու հայրենասիրական ոգու բարձրացմանը։ Կազմակերպության համար շատ կարևոր է ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը։ Երիտասարդական այս կառույցը դեռևս մեծ անելիքներ ունի։ Հավատանք, որ Հայրենիքի երիտասարդ պաշտպանները լինելու են մեր հերոս ազատամարտիկների արժանի հետնորդները և ջանք ու եռանդ չեն խնայելու մեր երկրի հզորացման համար։ - Հայտնի է, որ տարեցտարի ավելի են ընդլայնվում Արցախի ազատամարտիկների միության գործունեության շրջանակները, ինչին նպաստում են նաև մեր ժողովրդի հայրենանվեր զավակները։ Ինչ խոսք, բարեգործությունն էլ հայրենասիրություն է։ - Անչափ կարևոր է, որ մեր Միության կողմից իրականացվող գործընթացները պաշտպանվում և իրենց դրական գնահատականն են ստանում մեր երկրի իշխանությունների կողմից։ Արցախի ազատամարտիկների միությանն աջակցում են բարերարները, որոնք ձգտում են մաս կազմել երկրում ընթացող հայրենանվեր գործընթացների։ Նրանք, բարձր գնահատելով Միության գործունեությունը, կարևորում են նաև նրա հայրենապահպան ու ազգանպաստ դերը, երկրի և բանակի հզորացմանը խթանող անփոխարինելի առաքելությանը։ Եվ պատահական չէ, որ բարեգործական զգացողությամբ համակվում են հատկապես այն հայորդիները, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին, հաղթահարել բազում դժվարություններ, իրենց եռանդը խառնել հաղթանակով պսակված համաժողովրդական պայքարին։ Հատկանշական է, որ մեր բարերարների փոխանցած միջոցներով ԱԱՄ-ը օժանդակում է այն ազատամարտիկների ընտանիքներին, որոնք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, աջակցում նրանց բնակարանների վերանորոգմանը։ Ուշադրության կենտրոնում են պահվում նաև հաշմանդամ ազատամարտիկների խնդիրները, հնարավորության դեպքում օժանդակում ենք նաև զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողների կառուցմանն ու վերանորոգմանը։ Բարեգործությունն էլ հարենասիրություն է, որ փոխանցվում է սերնդեսերունդ, դառնում հայրենապաշտության վառ արտահայտություն։ -ՙԽաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստվիր պատերազմի՚. Գ. Նժդեհի խոսքերն այսօր էլ ժամանակահունչ են և արդիական։ Կարծում եմ, երեկվա պատերազմի մասնակիցներն իրենց մարտական փորձով կարող են ոչ միայն օգտակար լինել դիրքապահ զինվորներին, այլև ոգեշնչել նրանց հայրենասիրական գաղափարներով։ Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Միության կողմից՝ Ազատամարտի մասնակիցների փորձն ու եռանդն այսօրվա բանակաշինության գործում ճիշտ ու նպատակային կիրառելու ուղղությամբ։ - Այսօր չափազանց կարևոր են նաև մեր քաղաքացիական ակտիվությունն ու պատասխանատվությունը հայրենիքի վաղվա օրվա համար։ Ժամանակի պահանջն է, որ հայ ժողովուրդը վճռական լինի մեր երեկվա տարած հաղթանակների պահպանման և նոր ձեռքբերոււմների կերտման գործում։ Արցախի ազատամարտիկների միությունն իր տարածքային ու համայնքային կազմակերպություններում ձևավորել է ՙարագ արձագանքման՚ խմբեր, որոնք, անհրաժեշտության դեպքում, պետք է իսկույն ևեթ օգնության հասնեն Պաշտպանության բանակին։ Ազատամարտիկների բազմաթիվ խմբեր մի շարք անգամներ կամավոր հերթապահություն են իրականացրել ԼՂՀ պետական սահմանում կանգնած դիրքապահների հետ՝ համագործակցելով պաշտպանական դիրքերում ծառայությունն անցկացնող անձնակազմերի հետ։ Եվ այդ գործընթացը շարունակական է։ Անչափ կարևոր է նաև Միության կողմից հանրապետության զորահավաքին ռեսուրսի հետ տարվող աշխատանքների համալիրը։ Մեր կազմակերպության յուրաքանչյուր անդամ գիտակցում է, որ պատերազմը վերսկսվելու դեպքում առաջինը հենց ինքն է կանգնելու հայրենիքի պաշտպանության դիրքերում, ու նաև իրենով է պայմանավորված լինելու վաղվա ռազմական հաջողությունը։ Իսկ վաղը հաղթանակի հասնելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է նախապատրաստվի այսօր։ Արցախյան ազատամարտի մասնակիցը, լինելով հայրենասիրության և ազգապահպանության խորհրդանիշ, այսօր էլ իր բացառիկ դերն է կատարում սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։ Պատերազմում հաղթում է զինվորականի ոգին։ Եվ հաղթած զինվորականի ոգու պատմությունն է դառնում ուղեցույց ամեն հայի համար, ով ձգտում է պահպանել հայրենի երկրի դիմագիծը, ով սիրում և պաշտում է իր հողը ոչ միայն վտանգի պահին, այլև ամեն օր և ամեն ժամ։ Չէ՞ որ հայրենիքի պաշտպանությունը հայ մարդու ամենավեհ առաքելությունն է։