[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԵՆ ԳՐԵԹԵ ՈՂՋ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ՚

-Սրբազան Հայր, ո՞րն է ձեր հայրենիքը. դա ձեր ծննդավա՞յրն է, բնակության վա՞յրը, Հայկական բարձրավանդա՞կը, գուցե՞ նախկին ԽՍՀՄ-ը…

 -Ես այսպես եմ հասկանում. իմ հայրենիքը սկսվում է իմ ծնողներից, իմ տատերից ու պապերից, ովքեր ինձ դաստիարակել են: Իմ հայրենիքն իմ հարազատ Չարդախլու գյուղն է, որտեղ ես ձևավորվել եմ: Իհարկե, իմ հայրենիքը Մայր Հայաստանն է: Այն ժամանակ նաև Խորհրդային Միությունն էր, և մենք սիրում էինք մեր հայրենիքը,  զինվոր ենք եղել, ծառայել ենք հայրենիքին: Ներկայումս մեր հայրենիքը Մայր Հայաստանն է և Արցախի Հանրապետությունը: Իսկ ամեն մի հայի համար, որտեղ էլ նա ծնված լինի, իր հայրենիքը պիտի լինի բուն պատմական Հայաստանը՝ 15 նահանգներով:

-Հայերիս համար մի տեսակ տարբերություն կա ՙհայրենիք՚ և ՙպետություն՚ եզրույթների (ավելի ճիշտ՝ դրանց իմաստային ընկալման) միջև: Հայերս ավելի  նախընտրում ենք ՙհայրենիքը՚, քան՝ ՙպետությունը՚: Հայերս ավելի հայրենասեր ենք, քան՝ պետականասեր, ավելի հայրենատեր, քան՝ պետականատեր: Որտեղի՞ց այս տարբերությունը:

-Պետականությունը հայրենիքում ապրող ժողովրդի կառավարելու լավագույն ձևն է: Երբ ունես պետականություն, դու քեզ համարում ես գրեթե անկախ: Ճիշտ է՝ աշխարհում անկախ պետություններ չկան, մեկը մյուսի հետ փոխկապակցված է, մեկը մյուսից՝ ինչ-որ չափով կախված, բայց դա մեր Անկախ պետականությունն է: Եթե ես ճշմարիտ հայրենասեր եմ, ամեն ինչ պիտի անեմ, որ իմ պետականությունը լինի հզոր, անսասան: Ես իմ ներդրումը պիտի բերեմ: Այսպես եմ  հասկանում:

-Մեր երկրի, մեր հայրենիքի, մեր պետության համար եղավ խենթ սուրացող պտտահողմի, չար ոգու  ժամանակաշրջան: Ազգը լարեց իր բովանդակ ուժը, չտկարացավ հոգով։ Այսօր մենք ունենք մեր ազատ պետությունը: Կարո՞ղ ենք այսպես ասել, թե էլի պիտի ասենք՝ մեր հայրենիքը, կամ գուցե ազատագրվող հայրենիքը` արդեն Շուշիի նախադեպով:

-Մենք ունենք ազատագրվող հայրենիք և պատմական հայրենիքի մի մասը՝ Արևելահայոց կողմերի Արցախի մեկ մասը: Բայց տակավին պարտականություն ունենք շարունակելու մեր այս ճանապարհը: Եթե մենք ճշմարիտ հայրենասեր ենք, միշտ պիտի երազենք պատմական 15 նահանգների լիարժեք ամբողջական ազատագրմանը՝ ներառելով դա մի ամբողջական կազմի մեջ:

-Կար մեր հայրենիքը, գուցե և մեր պետությունը, որ Հայկ Նահապետն է ստեղծել՝ 300 զինվորներով: Մեր երկիրն էլ կոչում ենք նրա անունով: Հայկ Նահապետի ձևավորած սահմանը հիմք եղավ մեր հայրենիքի, գուցե և մեր առաջին պետության համար:  Սա այնքան հին պատմություն է, որից  կարծես մեր հիշողությունն է խամրել նաև, և մենք հաճախ ենք մոռանում, թե ով է Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը, Սարդուրին, Արգիշտին, նույնիսկ Վաչագան Բարեպաշտին ենք մոռանում, ով տարվա օրերի թվով եկեղեցիներ է կառուցել… Նույնիսկ նախորդ դարի մեր մեծանուն Արամ Մանուկյանին ենք մոռանում, ով հրաժարվել էր բոլոր արտոնություններից… Մենք չենք կարողանում և ճիշտ գնահատել ու սովորել, չենք զլանում նաև, երբ անհրաժեշտ է հրաշքով դիմել մեր հիշողությանը:

-Մեր պետականության հիմնադիրը Հայկ Նահապետն է, թեև մեր տունը կոչվում է Թորգոմյան տուն (Թորգոմը Հայկ Նահապետի հայրն էր): Բայց մենք հայ ենք, և Հայկի անունից է մեր հայրենիքը, և ամեն մեկիս անունը: Հայկն էր հիմնադիրը Հայկական բարձրավանդակի: Ես մի քիչ խորքը գնամ պատմության. մենք բախտ ու պատիվ ունեցանք, որ հենց մեր Հայկական լեռնաշխարհում Աստված ստեղծեց դրախտը՝ Եդեմի պարտեզը, և այստեղ երկրորդ անգամ ծնվեց մարդկությունը՝ նոյյան տապանով, Նոյ նահապետով: Մարդկությունը բազմացավ հայոց տարածքում: Մենք մի քիչ ավելի ուշադիր պիտի լինենք մեր հայրենիքի հանդեպ: Այն սրբազան է Աստծո արարման իմաստով, և մենք մեր հայրենիքի հանդեպ ուրույն վերաբերմունք պիտի ունենանք: Մենք սրբավայրում ենք ապրում, մենք դրախտում ենք ապրում:

Ամեն մի ազգ՝ ապրելով իր հայրենիքում, միշտ էլ երազում է ունենալ իր ազգային պետությունը: Դա ամենաթանկ բանն է: Ժողովրդին անվտանգ պահելու երաշխիքներից մեկը պետականություն ունենալն է: Ես դրա համար նորից պիտի կրկնեմ. եթե ճշմարիտ հայրենասեր ենք, ամեն մեկս պիտի մի լումա ներդնենք մեր պետականության հզորացման գործում, զորացնենք այն, շտկենք, սիրենք, գուրգուրենք, պահպանենք և փայփայենք, որովհետև ազգերը երբ որ կորցնում են իրենց պետականությունը, անմխիթար վիճակում են հայտնվում: Դժբախտաբար, մենք էլ տեսանք մեր անմխիթար վիճակը: Պետականությունից զրկված լինելով՝ մենք ցեղասպանվեցինք մեր պատմական հողերի վրա: Մենք պետականազուրկ էինք, և մեր ձայնը ոչ մեկը չէր լսում միջազգային ատյաններում:

-Հեթանոսությունն է մեր արմատներին նստած, մեր արմատները վերընձյուղվում են հեթանոսությունից, սակայն եթե մի քիչ դարձյալ լարվենք, պիտի նկատենք, որ հին ուխտի կնքման ժամանակներից էլ  քրիստոնյա ենք, որովհետև եթե Արարատ լեռան վրա կանգ առավ նոյյան տապանը, և նրա ստորոտը դարձավ Նոյի հայրենիքը, գոնե ինձ համար անհասկանալի է հեթանոսություն ասվածը: Ըստ Սուրբ Գրքի՝ Նոյի ժամանակներից էլ քրիստոնյա ենք: Կուզենայի ասել՝ եթե մենք ունենք հայրենիք և պետություն՝ աշխարհագրական սահմանով, արդյոք ունե՞նք նաև հոգևոր հայրենիք ու  պետություն,   և գոյություն ունի՞ հոգևոր սահման՝ իր ընդգրկումներով: Եթե պարզ մի գծով ցույց ենք տալիս աշխարհագրական սահմանը, հոգևորի դեպքում ինչպե՞ս կարող ենք դա մատնացույց անել:

-Հեթանոսության առումով դիպուկ նկատեցիք: Կիսում եմ կարծիքը: Ասեմ՝ ինչու: Հնագույն կրոնը, որ կար աշխարհում՝ զրադաշտությունն էր: Հին զրադաշտության մասին եմ խոսում: Պարսկաստանի վարչապետ Կարտիրը 272 թվականին փոխեց հին զրադաշտությունը, Մարաստանից մոգական կրոնի տարրեր մտցրեց զրադաշտության մեջ և աղավաղեց այն: Հին զրադաշտության հիմնադիրը Զրադաշտն էր՝ Նոյ Նահապետի ավագ որդին, ով տիրապետում էր հոգևոր ճշմարիտ գիտելիքների և քարոզում տարածաշրջանում՝ Հայաստանում, Հյուսիսային Պարսկաստանում, ներկայիս Ադրբեջանի տարածքում… Եվ եթե ուսումնասիրենք հին զրադաշտությունը և համեմատենք քրիստոնեության հետ, կպարզենք, որ 99 տոկոսով զարմանալիորեն համընկնում են իրար հետ: Բնական է, որ Նոյը, իր որդիները, թոռները ճանաչում էին ճշմարիտ Աստծուն և ճշմարիտ կրոնի զավակներ էին: Մենք՝ այս տարածաշրջանի ապրողներս, այն ժառանգել ենք Նոյից, Քամից, Հաբեթից, Թորգոմից, Հայկից…

Որո՞նք են մեր հոգևոր սահմանները: Մեր հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Դա մեր մկրտության սուրբ ավազանն է, որից բխում է օրհնությունը, և սուրբ մյուռոնն է, որ մենք այնտեղից ստանում ենք: Հայերը դեռևս 4-րդ դարում աշխարհով մեկ սկսեցին տարածել քրիստոնեությունը, որպես ազգ, որը քրիստոնեությունն առաջինը  պետականորեն ճանաչեց և ընդունեց որպես կրոն: Հայերը քարոզել են Աֆղանստանում, Տաջիկստանում, Չինաստանում: Հայերի շնորհիվ 6-րդ դարի ավարտին ամբողջ Չինաստանը մկրտված էր: Հայերը քարոզել են Եվրոպայում, Հյուսիսային Իռլանդիայից սկսած՝ մինչև Իտալիա: 28 հայ մեծանուն սուրբ նահատակ ունենք Եվրոպայում: Դրանից բացի, 4-րդ դարում 20 սուրբ նահատակ ունեինք Իտալիայում: Այս առումով մեր հոգևոր հայրենիքը մեծ է: Նահատակների առումով շատ մեծ է երկնային մեր հոգևոր հայրենիքը: Ներկայումս մեր հոգևոր սահմաններն ընդգրկում են գրեթե ողջ երկրագունդը: Ամեն տեղ թեմ, համայնք, ծուխ, վանք ու եկեղեցի ունենք…

-Մեր պետության սահմանը գծել է մեր զինվորի սուրը: Զինվոր, ում  համաքայլ էիք դուք, գուցե և քայլ առաջ: Երբեմն պատեհ առիթներով տարբեր զորամասերում հանդիպում եք մեր զինվորներին: Նրանք ընդգծում են հոգևորականների հետ շփումների անհրաժեշտությունը, մանավանդ, կարևորում են ձեզ հետ անմիջական հանդիպումները, ինչը, կարծես, սակավ է վերջին շրջանում:

-Որոշակի պարբերականությամբ ես այցելում եմ տարբեր զորամասեր: Տարի է լինում՝ երկու, երեք, չորս անգամ: Լինում եմ խրամատներում: Ավելի հաճախ լինելը մի քիչ ավելի դժվար է: Նախ, բազմազբաղ ենք, երկրորդ՝ պետք է պլանավորել, համաձայնեցնել բանակի հոգևոր առաջնորդի՝ Վրթանես Սրբազանի հետ: Զինվորականներն էլ պետք է ազատ լինեն: Կփորձենք այսուհետ փոխել հանդիպումների պարբերականությունը:

-Սրբազան Հայր, տարիներ առաջ կռվում էինք հաղթելու համար: Հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում: Ժամանակների հետ փոխվեցին մարտահրավերները: Եթե գիտենք, թե ինչ է անհրաժեշտ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, տեղեկատվական պատերազմների ժամանակ, հոգևորի դեպքում իրավիճակը, մեղմ ասած, բարդանում է, որովհետև գործ ունենք տեսանելի և անտեսանելի, երևութային և աներևույթ ուժերի հետ: Ինչպե՞ս է Արցախի թեմը՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու, պայքարում ստեղծված իրավիճակի դեմ:

-Հոգևոր պատերազմը միշտ էլ եղել է, նույնիսկ ամենախաղաղ ժամանակներում: Ամեն մարդու հոգու համար: Այն երևի սկսվեց արարչագործության վաղ ժամանակաշրջանից: Սատանան պայքարեց և գայթակղեց Ադամին, Եվային: Գայթակղեց Կայենին, ով սպանեց իր եղբորը՝ Աբելին: Այդ ժամանակաշրջանից էլ դաժան պատերազմ սկսվեց ամեն մարդու հոգու համար: Մինչև աշխարհի ավարտը հոգևոր պատերազմը շարունակվելու է: Ամեն դարաշրջանում հոգևոր պատերազմի բնույթն ու երանգները հասկանալիորեն փոխվում են: Այսօր մենք ունենք ՙգլոբալիզացիա՚ հասկացողությունը, որը բավականին բարդացնում է հոգևոր պատերազմում պաշտպանվելը: Ինչո՞ւ: Որովհետև գլոբալիզացիան պարտադրում է ՙդեմոկրատիա՚՝ ՙժողովրդավարություն՚: Արգելում է որևէ կրոնական փոքրամասնության ճնշում, ստիպում է կատարյալ ազատություն տալ նույնիսկ սեռական փոքրամասնություններին: Ինչպես տեսանք, Ամերիկայում դատավորը չուզեց պսակել երկու տղամարդու, դատի տվեցին: Այսինքն, Սոդոմ-Գոմորը գրեթե պարտադրվում է աշխարհին: Քիչ էր դա, Դետրոյթ քաղաքում Լյուցիֆերի՝ սատանայի արձանը դրեցին: Զգացվում է, որ գլոբալիզացիայի ժամանակահատվածում քաղաքական, ֆինանսական ուժերը և նրանց գաղտնի հովանավորները սկսում են աշխարհին պարտադրել մի այլ արժեհամակարգ, որը խիստ տարբերվում է ավանդական-կրոնականից՝ թե՜ իսլամից, թե՜ հուդայականությունից, թե՜ քրիստոնեությունից: Դա հակաաստվածային բնույթ է կրում: ՙԴեմոկրատիա՚ անվան տակ աղանդավորականները ներթափանցեցին ամենուր: Բայց դա, ըստ էության, պլանավորված ծրագիր է եղել: Ես տվյալներ ունեմ, որի համաձայն 1980¬82 թվականներից Եվրոպայում և, մանավանդ, ԱՄՆ-ում արդեն տասնյակ¬հազարավոր աղանդավորականներ էին պատրաստվում: Նրանց սովորեցնում էին ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, հայերեն, տարբեր լեզուներ, իմանալով, որ պիտի փլուզվեն Սովետական Միությունը, սոցիալիստական ճամբարը, և իրենք իրենց ՙհոգևոր դեսանտը՚ պիտի իջեցնեին: Տարբեր լեզուներով միլիոնավոր գրքեր էին հրատարակվել նախապես: Ես ծանոթներ ունեմ, որոնք այդ թվականներին արդեն տեղյակ էին դրան: Այդ խոհանոցի մեջ էին, որպեսզի իմանան, թե ինչ է կատարվում: Իհարկե, այդպիսի ուժերի դեմ, այդպիսի հոսանքի դեմ գրեթե անհնար է պայքարել ու պաշտպանվել: Բայց հնարավորինս արվում էր: Ես ամենաշատը աղանդավորականների ի հայտ գալուց չեմ մտահոգվում, նրանք գալիս են և գնալու են: Դրանց դեմ պայքարելու ձևերը գիտենք: Ամենավտանգավոր մարտահրավերն այսօր ողջ մարդկության դեմ,  ԻԼԻՊ՝ Իսլամական պետություն-երևույթն է, որը մեծ չարիք և աղետ է բոլոր ազգերի համար, իսլամական ազգերի համար՝ միաժամանակ: Դա հենց գլոբալիզացիան է, որը մարդկությանը տանում է դեպի բարոյազրկում: Այստեղ մեծագույն հոգևոր ուժերի  լարում է պահանջվում բոլոր ազգերից: Պիտի ասեմ, որ այդ պայքարը գնալով թեժանալու է, որովհետև մոտենում է Նեռի՝ դերաքրիստոսի կամ հակաքրիստոսի գալուստը, և այդ մութ ուժերն ամեն ինչ պիտի անեն, որպեսզի տկարացնեն քրիստոնեությունը, որպեսզի նա հեշտությամբ գա և իշխի այս աշխարհին: Նպատակը սա է, ձևերը՝ տարբեր: Միջոցներն էլ տեսնում ենք՝ ինչպիսին են: Ամբողջ աշխարհին քաղաքական կամքը պարտադրել օրենսդիր դաշտում, որ մարդ նույնիսկ եթե հակառակ խոսի, իր կարծիքը հայտնի, պիտի բանտարկվի, ինչպես վարվեցին Ամերիկայում՝ այդ դատավոր տիկնոջ հետ, ով չէր արձանագրում երկու տղամարդու ամուսնական կապը: Այսպիսի դժվար բաներ են սպասվում:

Հավանաբար, կհարցնեք՝ ի՞նչ պետք է անել: Պիտի լավ իմանանք Աստվածաշունչը, տիրապետենք քրիստոնեական վարդապետությանը, և պիտի իմանանք՝ մեր հայրերը, սկսած Աբգար թագավորից, Տրդատից, Լուսավորչից, Մաշտոցից, Պարթևից, Վարդանանցից, ուխտել են լինել քրիստոնյա: Դրա համար միլիոնավոր նահատակներ ենք տվել, ինչպես 100 տարի առաջ, գրեթե երկու միլիոն նահատակ՝ ազգի և հավատքի համար: Պիտի հավատարիմ մնանք Աստծուն, որպեսզի կարողանանք դիմագրավել դաժան մարտահրավերները: Ասում եմ՝ այս պատերազմը թեժանալով թեժանալու է: Սա հոգևոր պատերազմ է, որը վերաճում է քաղաքական ճնշումների, վաղը հնարավոր է՝ վերածվի կրոնական կամ միջկրոնական անողորմ  պատերազմների: 

-Իսկ որո՞նք են  Հայ Առաքելական Եկեղեցու և մասնավորապես Արցախի թեմի տեղ ու դերն աշխարհի հոգևոր իրականության մեջ: Կամ՝ տեղ ու դեր ունի՞ արդյոք:

-Ինչ-որ իմաստով ունի: Նախ, Արցախի թեմը Հայ Առաքելական Եկեղեցու անբաժանելի մասն է: Բայց քանի որ Արցախը հայտնվեց պատերազմական իրավիճակում, թեմի իրավիճակն էլ փոխվեց: Արցախի թեմի ծառայողները՝ թե՜ աշխարհական, թե հոգևորական, կամա թե ակամա, պետք է ընդգրկվեին պատերազմական գործողություններում և իրենց քարոզչությունը յուրահատուկ ձևով պիտի տանեին, որովհետև պատերազմական վիճակ էր: Ներկայում հետպատերազմական իրավիճակ է և չհայտարարված պատերազմ, մեր սահմաններում մինչև այսօր էլ զոհեր ենք ունենում: Այս իրավիճակը թելադրում է այլ բնույթի քարոզչություն՝ ծառայություն մեր ժողովրդի զինվորականների հետ: Մենք կիզակետում ենք՝ կրակակետում: Շատ հաճախ են տարբեր ազգեր ու ժողովուրդներ բախվում իրար հետ, դա ծանոթ երևույթ է, և մենք բացառություն չենք: Այսօր ուղղակի մենք ենք հայտնվել այս իրավիճակում: Ավելի սուր և լարված բնույթ է կրում մեր իրավիճակը՝ ֆիզիկական առումով: Բայց եթե հոգեպես հզոր ու առողջ լինենք, մենք կհաղթենք և պաշտպանված կլինենք:

 

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ