Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՄԵՐ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿԱՅԱՑՎԱԾ Է՝ ՀԱՂԹԵԼ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ...՚

 Սահմանում անհանգիստ է։ Անհանգիստ ենք և մենք, բոլորս՝ ազգովին...

Հայրերը որդիներին բանակ են ճանապարհում զուսպ, նրանց խորհուրդ¬խրատներ տալիս իրենց կյանքի փորձից քաղած պատվիրաններով ու ակնկալում վերադարձին նրանց իսկական տղամարդ տեսնել։ Մայրերը՝ հուզված ու տագնապախառն աղոթքներով որդիներին առաջին գիծ ուղարկում, խնդրում են Աստծուն պահել¬պահպանել նրանց։ Զավակները, պատանեկությունը դեռ նոր հաղթահարած, սակայն զինվորական հագուկապի մեջ ձիգ ու առնական տղամարդու կայացման փորձությանը դիմակայում են արժանապատվությամբ։ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներով այցելելով գնդապետ Հովիկ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամաս՝ նպատակ ունեինք դրսի, թարմ հայացքով ՙտնտղել՚ զինվորներին, նրանց ծառայողական բոլոր նրբերանգները տեսնել սեփական աչքերով։ Զորամասի հրամանատարին առանձնասենյակում չգտանք, զորքի հետ էր՝ նայում էր ստուգում, հրահանգավորում, հետո նոր միացավ մեզ։ Հ. Աբրահամյանը չնայած նոր է նշանակվել, բայց բանակում նոր մարդ չէ։ Տասնվեց տարեկանից կամավորական ջոկատների կազմում է։ Բանակի կազմավորմանը զուգընթաց բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում։ Ջահել ու եռանդուն հրամանատարը լրիվությամբ տիրապետում է իրավիճակին։ Հրամանատարը մանրամասնում է. - 2015 թվականին իրավիճակն առաջնագծում առավել քան լարված էր։ Դեկտեմբերին այն հասավ գագաթնակետին։ Հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ, նպատակային կրակ էր տեղում մեր դիրքերի, զինծառայողների ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերյան հանդիպմանը նախորդող օրերին և դրանից անմիջապես հետո դրությունն ավելի լարվեց։ Հակառակորդը թիրախավորել էր մեր մեքենաները՝ փորձելով խոցել մարտական հերթափոխի մեկնող անձնակազմը։ Մենք, կանխատեսելով նման սադրանքները, նախապատրաստվել էինք։ Տեղադրել էինք դարաններ, տեղակայել ռեզերվային խմբեր։ Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձեց ներխուժել միջդիրքային տարածք։ Դարանակալած մեր հետախուզական ստորաբաժանման զինծառայողներն իսկույն նկատեցին հակառակորդի առաջխաղացումը և անցան պաշտպանական մարտի։ Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, հետ շպրտվեցին ելման դիրքեր։ Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում արիաբար զոհվեցին զորամասի ժամկետային զինծառայողներ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Չորս զինծառայող վիրավորվեց։ Թշնամին կենտրոնացման շրջաններում ունեցել է թե՜ մարդկային, թե՜ տեխնիկայի կորուստներ։ Մենք գիտենք հակառակորդի խոցելի կողմերը և պետք եղած դեպքում ավելի խիստ ենք գործելու։ Ներկայում իրավիճակը համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, հակառակորդը կրակում է մեծ տրամաչափի դիպուկահար զենքից, անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձում ուսումնասիրել առաջնագիծը։ Անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար մենք ինժեներական ծավալուն աշխատանքներ ենք կատարել։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ երկու հարյուր կամավոր է ներկայացել և լրակահավորման աշխատանքներ իրականացրել առաջնագծում։ Այնպես որ՝ թիկունքի աջակցությունն այստեղ շոշափելի է։ Հրամանատարի առանձնասենյակում ծանոթացանք Ալբերտ Սմբատյանի հետ։ Չորս ամիս առաջ առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելիս վիրավորվել է թշնամու արձակած կրակոցից։ Կիսով չափ ապաքինվել է, առաջարկել են զորացրվել ու անցնել քաղաքացիական աշխատանքի։ Ալբերտը կտրականապես մերժել է, դիմել է տարբեր ատյանների՝ խնդրելով իրեն չզորացնել։ Ասում է՝ արագ կապաքինվեմ ու շարք կվերադառնամ։ Նա իր կյանքն առանց ծառայության չի պատկերացնում, դեռևս Սպարապետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելու տարիներին երազում էր ժամ առաջ ծառայության անցնել զորքերում։ Նա ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ պիտի թողնի զորամասը։ Ալբերտը դեռ անելիք ունի դիրքերում ու ասելիք՝ նենգ հակառակորդին։ Նորակոչիկների, նրանց հետ աշխատող սերժանտների ու դասակի հրամանատարների հետ մեր շփումներն առավել քան անկեղծ էին։ Քաղաքացիական կյանքին դեռ նոր հրաժեշտ տված նորակոչիկները հասցրել էին կերպարանափոխվել։ Նրանք, իրար հերթ չտալով, փորձում էին մեզ վստահեցնել, որ արդեն պատրաստ են առաջին գիծ մեկնելու։ Իսկ դասակի հրամանատար լեյտենանտ Արշակ Սարիբեկյանը, ով ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո վեց ամսվա ընթացքում երկրորդ զորակոչի հետ է աշխատում (առաջիններն արդեն դիրքերում են), մեծ ցանկություն ունի դիրքեր մեկնելու։ Զորակոչիկների հետ նրա աշխատանքն արդյունավետ է, հրամանատարները դա իսկույն նկատել են, նորակոչիկներն էլ իրենց հերթին չեն թաքցնում, որ լեյտենանտ Սարիբեկյանն իրենց համար միայն ռազմական գործը ուսուցանող հրամանատար չէ, այլև ավագ ընկեր, ում կարող ես դիմել ցանկացած հարցով, վստահ, որ նա ձեռք կմեկնի։ Զորամասի կադրերի գծով տեսուչ Սիլվա Հովհաննիսյանը, ով նաև սպաների ընտանիքների կանանց խորհրդի նախագահն է, ոչ միայն մեր ուղեկիցն էր ստորաբաժանումից-ստորաբաժանում այցելելիս, այլև հընթացս ներկայացնում էր այն բոլոր խնդիրները, որոնք դեռևս լուծված չեն կամ լուծման ընթացքի մեջ են։ Հարյուրից ավելի ընտանիքներ են ապրում զորամասին հարակից զինավանում։ Եթե այդ ընտանիքների անդամները աշխատելու ցանկություն են ունենում, առաջին հերթին նրանց են աշխատանքի տեղավորում։ Սպաների ընտանիքները մշտապես ուշադրության կենտրոնում են։ Ըստ Ս. Հովհաննիսյանի՝ բնակարանային ֆոնդում փոքր խնդիրներ կան, կենցաղային պայմանները միշտ չեն համապատասխանում ցանկալիին։ Հարակից խանութներում գները բարձր են, շատերն առևտուր անելու համար Հադրութ են հասնում, նույնիսկ Ստեփանակերտ։ Տրանսպորտով ապահովվածության խնդիր էլ ունեն, սակայն առավել շատ նրանց մտահոգում է երեխաների զբաղվածության հարցը։ Ակումբի կառուցումը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանը, երեխաները պարապելու տեղ կունենան, ազատ ժամանցը կկազմակերպվի հավուր պատշաճի։ Մանկապարտեզի կառուցումն օրախնդիր է, այդ առումով էլ միջոցներ են որոնվում, հուսով են, ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի։ Հրաժեշտից առաջ զորամասի հրամանատարը մեզ նաև վստահեցրեց, որ իր ստորաբաժանումների հրամանատարները փորձառու են, իսկ զինվորների ոգին բարձր է, ու նրանք պաշտպանված են բոլոր առումներով։ Նա որպես հավաստիացում հնչեցրեց ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2016 թվականի տարեմուտի ուղերձում ասված հետևյալ խոսքերը. ՙՄեր որոշումն այսօր կայացված է՝ հաղթել... Հաղթել բոլոր ճակատներում՚։ 

 

 Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ