[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Օրերս տեղի ունեցավ Կովսականի քաղաքային համայնքի հաշվետու ժողովը, որին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շրջանի այլ պատասխանատուներ։

Ներկաները լսեցին համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հաշվետվությունը՝ 2015թ. կատարած աշխատանքների մասին։

Համայնքում բնակվում է 811 մարդ (223 ընտանիք), նրանում ընդգրկված են նաև Դիցմայրի  և Քարատակ գյուղերը։  Վերջին տարիներին քաղաքում բնակություն է հաստատել սիրիահայերի 10 ընտանիք։  Այժմ  Կովսականում բնակվում է 40 սիրիահայ, որոնց համար քաղաքում կառուցվել է 2 բազմաբնակարան շենք: Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 118 աշակերտ, աշխատում 20-ից ավելի ուսուցիչ, իսկ Դիցմայրիի դպրոցում՝ 20 աշակերտ, 12 ուսուցիչ: Շուրջ երկու տարվա պատմություն ունեցող՝  պետական ֆինանսավորմամբ գործող մանկապարտեզում  40 երեխա  կա։  Գործում են նաև Բերձորի արվեստի դպրոցի  և մարզադպրոցի մասնաճյուղերը: Քաղաքապետարանն ունի 8,5 հաստիք՝ 9 աշխատողով: Ընդհանուր առմամբ՝ համայնքում պետական աշխատանքով ապահովված է 120 հոգի, 10 երիտասարդ ժամկետային զինծառայություն է անցնում ՊԲ¬ում։ 

Հաշվետու տարում համայնքի բյուջեն կազմել է 15 մլն 107 հազար դրամ, որից  5 մլն 19 հազարը՝ սեփական եկամուտներից:  Բյուջեի կատարողականը կազմել է 88 տոկոս։  Համայնքի ղեկավարի իրազեկմամբ՝ վարձակալության տրված վարելահողերից  60հա-ի մասով պայմանագրերը լրացել են, սակայն վարձակալները տեղափոխվել են այլ բնակավայրեր և վարձավճարները չեն մարել։ Կան  անպարտաճանաչ այլ  վարձակալներ ևս, որոնց պատճառով թերացել է բյուջեի կատարողականը:  

2015-ին  կայացել է համայնքի ավագանու 6 հերթական և 1 արտահերթ նիստ, ընդունվել  32 որոշում։ Բնակիչներից ստացված 40 դիմումին տրվել է դրական պատասխան: Համայնքապետարանը 55 վարձակալի հետ նոր պայմանագրեր է կնքել՝  վարելահողերի տրամադրման համար: Բացի դրանից, կատարվել են մի շարք աշխատանքներ, որոնք դրականորեն են անդրադարձել համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Մասնավորապես, վերականգնվել և վերանորոգվել են քաղաքի ոռոգման ջրատարները, մաքրվել է մայր առվի մոտ 3կմ հատվածը։ Ջրատարների մաքրման  աշխատանքները շարունակվում են: Բարեկարգվել և խճաքարով է պատվել քաղաքի Ձախափ թաղամասի ճանապարհի 4կմ հատվածը: 

Համայնքի ղեկավարն անդրադարձավ  նաև բնակիչներին հուզող խնդիրներին. Կովսականի և տարածքի մի շարք բնակավայրերի համար կարևոր նշանակություն ունի Կապան տանող ճանապարհը, որն ասֆալտապատ չէ, և տարվա ընթացքում մի քանի անգամ բարեկարգման կարիք է ունենում: Խնդիր է նաև այն, որ ճանապարհն անցնում է Կապան քաղաքի աղբանոցի միջով:  Անցյալ տարի ՙԱրցախուղի՚ ընկերության կողմից դարձյալ խճապատվել է այդ ճանապարհը, որի համար քաղաքապետարանը մոտ 1000լ դիզվառելիք է տրամադրել: Ներկայում ճանապարհը նորից է վերանորոգվում։ 

Քաղաքում առ այսօր խնդիր է խմելու ջրի մատակարարումը, չնայած նախորդ տարում վերականգնվել են ջրատար խողովակները, ախտահանվել  խորքահորերը։ Դիցմայրի գյուղի համար մոտ 400մ խմելու ջրի ռետինե խողովակաշար է անցկացվել: Ռ. Մարգարյանը տեղեկացրեց, որ քաղաքի Ձախափ թաղամասում կա խմելու ջրի մեծ պաշար, որի մի մասը հասնում է Մուշ և Վան գյուղեր (այս ջրագիծը նույնպես վերականգման խնդիր ունի), իսկ մնացածը թափվում Ողջի գետը: Քաղաքի համար խնդիր է նաև բազմաբնակարան շենքերի կոյուղիների բարեկարգումը: Դարձյալ առաջնային է բնակարանաշինության հարցը: Ըստ քաղաքապետի՝ Դիցմայրի գյուղի 15 փայտյա տնակները, որոնք ունեն շուրջ 20 տարվա վաղեմություն, արդեն դուրս են գալիս պիտանելությունից, անհրաժեշտ է այնտեղ նոր բնակարաններ կառուցել: Քաղաքի շատ քիչ փողոցներ գիշերային լուսավորություն  ունեն, իսկ բոլոր փողոցներն ամբողջությամբ լուսավորելու համար գումար է անհրաժեշտ: 

Վերջում համայնքի ղեկավարն ու շրջվարչակազմի ներկայացուցիչները պատասխանեցին բնակչությանը հուզող հարցերին։  Նշվեց, որ Կովսականը չունի ՙԱրցախփոստ՚-ի, ՙԱրցախբանկ՚-ի մասնաճյուղեր, ինչն էլ  մարդկանց համար լրացուցիչ հոգսեր է առաջացնում։ Բացի դրանից, խնդիրներ կան՝ կապված նաև հեռախոսակապի, համացանցի, Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակման  և էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ: Անշուշտ, բարձրացվեցին  նաև անձնական բնույթի, բազմազավակ ընտանիքների  կենսական հարցերին վերաբերող առաջարկներ, որոնց համապատասխան պարզաբանումներ տրվեցին։ 

Համայնքի ղեկավարի մեկ տարվա կատարածը գնահատվեց բավարար: 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր