[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍԱՐՈՒՇԵՆՈՒՄ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆՈՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր և մասնակցել այդ համայնքների ղեկավարների 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ։

Սարուշենի համայնքի ղեկավար Վիրաբ Բալայանը, ներկայացնելով իր մեկամյա գործունեությունը, շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ գյուղի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։ Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում պետական միջոցներով գյուղն ամբողջությամբ գազիֆիկացվել է, վերանորոգվել է դպրոցը, իսկ մանկապարտեզի համար կառուցվում է նոր շենք, որի շինաշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Համայնքային ենթակառուցվածքների խնդիրների հիմնական մասը լուծված է նաև Ավետարանոց համայնքում։ Գյուղապետ Հովիկ Գաբրիելյանը հաշվետվության ժամանակ նշել է, որ Ավետարանոցն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, մանկապարտեզը գործում է նորակառույց շենքում, ընթանում են գյուղամիջյան ճանապարհների սալահատակման աշխատանքները։ Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել համայնքների ղեկավարների գործունեությունը և անդրադարձել գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նշված համայնքների ենթակառուցվածքների բարելավման հարցը, սակայն բնակիչների սեփական եկամուտների ավելացման գործում անհրաժեշտ է տեղերից նախաձեռնություններ լինեն։ ՙԱնընդունելի է, երբ գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող համայնքները գյուղմթերք են ներկրում։ Ձեզանից ակնկալվում է նախաձեռնողականություն, իսկ կառավարությունը կանգնած է գյուղացիների կողքին և պատրաստ է հնարավորինս աջակցել եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելու գործին՚,- նշել է վարչապետը և հավելել, որ գործադիրն առաջիկայում գյուղացիներից այդ առումով առաջարկություններ է սպասում։ Ա. Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, իսկ հանդիպումներից հետո ծանոթացել է Սարուշենում մանկապարտեզի համար կառուցվող շենքի շինաշխատանքներին, Ավետարանոցի ակումբի և գյուղապետարանի շենքային պայմաններին, ինչպես նաև այցելել է նշված համայնքում գործող՝ փայտի հումքով արտադրվող բիովառելիքի արտադրամաս։ Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին