[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր հանրապետության տնտեսության գերակա ճյուղ է հայտարարվել դեռևս 2001 թ.:

Այս ոլորտը շատ կարճ ժամանակամիջոցում աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի, ամենաարագ զարգացող ճյուղերից է դարձել` նպաստելով  տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ մեծ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանն ու երկրի վարկանիշի բարձրացմանը:  Մեզ մոտ, ցավոք, այդպիսի առաջընթաց դեռևս չի նկատվում` չնայած ձեռնարկվող քայլերին: ԼՂՀ կառավարության ընթացիկ տարվա առաջին նիստին ոլորտի  զարգացման անհրաժեշտության մասին խոսել է նաև հանրապետության նախագահը:

Այսօր ՏՏ ոլորտի խթանման  բավական արդյունավետ  գործունեություն է իրականացնում  Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԱՏՏԿ), որի գործադիր տնօրեն Նարինե ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ խնդրո առարկայի շուրջ զրույց ծավալեցինք օրերս: 

Խոսելով Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ Ն. Ասծատրյանը նշեց, որ ներկայում ամենացավոտ խնդիրներից մեկը բարձրակարգ մասնագետների պակասն է: Այդ պատճառով  կառույցն իր հիմնական ուղղություններից մեկը դարձրել է  տեղեկատվական տեխնոլոգիաների և մուլտիմեդիայի, համակարգչային ճարտարագիտության և ծրագրավորման մասնագետների համար դասընթացների կազմակերպումը` որակյալ ու պահանջված կադրեր պատրաստելու նպատակով: Կենտրոնի տնօրենի ներկայացմամբ` նման դասընթացներ 40 պատանիների ընդգրկմամբ կազմակերպվել են արդեն իսկ Կենտրոնի ստեղծմանը հաջորդած ամիսներին, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ՏՏ նորարարությունների նրբությունները, այդ դասընթացների արդյունքում 10 երիտասարդ այսօր հնարավորություն ունի աշխատել ոլորտի տարբեր կազմակերպություններում: Ընթացիկ տարում ևս ծրագրված է շարունակել նման  դասընթացների կազմակերպումը` ընդլայնելով մասնակիցների թիվն ու ուսուցանվող ծրագրերը: Որպես հեռանկարային և զգալի առաջընթաց խոստացող նորույթ` Ն. Ասծատրյանը նշեց հանրապետության  դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար արվող առաջին քայլերն  ու այդ ուղղությամբ  ԿԳՍ նախարարության պատասխանատուների հետ ձեռքբերված պայմանավորվածությունը: Նման կաբինետների առկայությունը  թույլ կտա ինժեներական կրթությունը հանրակրթական հատվածում դնել ամենաբարձր մակարդակի վրա և տեխնիկական մտածողություն ունեցող երեխաներին կօգնի ոչ միայն կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել մասնագիտության ընտրության հարցում, այլև հեշտությամբ աշխատանք գտնել  անմիջապես դպրոցն ավարտելուց հետո: ՙԱյսօր ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի բարձրակարգ ինժեներների խիստ պահանջարկ կա: Խոսվում է  մոտ 2 միլիոն թափուր աշխատատեղի մասին, այդ պահանջարկն աճելու միտում ունի,- նշեց Ն. Ասծատրյանը: - Ներկայում նույն այդ համացանցի շնորհիվ մեր աշխարհագրական դիրքը դարձել է ոչ այնքան էական: Ուստի և` դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կատարում հեղափոխական փոփոխություն տնտեսության մեջ: ՏՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները հաղթահարելով` մենք կփորձենք ստեղծել բարենպաստ գործարար միջավայր տեխնոլոգիական ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը տեխնոլոգիական ոլորտում, հաստատել նոր գործարար կապեր, խթանել նորարարությունների կիրառումը տնտեսության այլ ճյուղերում` բարձրացնելով դրանց մրցունակությունն ու արտադրողականությունը՚: 

Ըստ մեր զրուցակցի` այսօր  հանրապետությունում ՏՏ ոլորտի  մոտ հինգ տասնյակի հասնող ընկերություններ կան գրանցված, սակայն դրանց մեջ մեծ թիվ են կազմում  համակարգչային սպասարկման ծառայություններ և առևտուր իրականացնող ընկերությունները, մինչդեռ ոլորտում որևէ արտադրանք ստեղծողներ շատ քիչ կան: Սա մտահոգիչ փաստ է, քանի որ  Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և բիզնես կազմակերպելու համար միշտ էլ գոյություն են ունեցել նպաստավոր հանգամանքներ, որոնք են արցախցիների բնատուր հակումը բնական և ճշգրիտ գիտությունների հանդեպ, սահմանափակ մարդկային ռեսուրսը և այլն: Կենտրոնն այսօր համագործակցում է  ՏՏ ոլորտում հայաստանյան ճանաչված ընկերությունների հետ, մոտ ապագայում ՀՀ մասնագետների  օգնությամբ վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև բուհերի համար դասախոսներ պատրաստելու համար:                                                                                                                                                          

Այսօր Կենտրոնի տարածքում 4 ընկերություն է գործում: ՙՄեր նպատակն ի սկզբանե եղել և մնում է ոչ թե զուտ վարձակալության տալ մեր տարածքը, այլ ստեղծել հետաքրքիր և հրապուրիչ մթնոլորտ այստեղ այցելող երիտասարդության համար՚,¬ նկատում է Ն. Ասծատրյանը: ՙՍիներջի Ինթերնեշնլ Սիսթըմզ՚ ընկերությունը, որը  ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 50 երկրներում, առաջարկում է ամբողջական ծրագրային փաթեթներ և  ծառայություններ՝ ուղղված հանրային և մասնավոր սեկտորի կազմակերպությունների տեղեկատվության հավաքագրմանն ու տարածմանը։ Աստիճանաբար մեծանում է ընկերության աշխատանքներում ներգրավված խմբերի թիվը: Ընկերության ճանաչված մասնագետներն արդեն բարձր գնահատական են տվել Կենտրոնի երիտասարդ մասնագետների պատրաստվածությանն ու նրանց են վստահում տեխնոլոգիական շղթայի առավել բարդ օղակներ: Այս փաստերը ևս հույս են ներշնչում, որ ոլորտի մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մեր ՏՏ ընկերությունների հանդեպ լուրջ հետաքրքրությունը տարեցտարի կաճի՝ նպաստելով ոլորտի կայացմանը: Վերջերս ԱՏՏԿ-ն նախաձեռնել է հանդիպում` հրավիրելով  ոլորտի զարգացմամբ մտահոգ բոլոր կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներին: Ն. Ասծատրյանի խոսքով` առաջարկություն է արվել մշակել ոլորտի զարգացման միասնական ծրագիր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ` շահագրգիռ բոլոր կողմերին հնարավորություն ընձեռելով ներկայացնել ոլորտի զարգացման սեփական տեսլականը: Խոսքից գործի անցնելու ժամանակը վաղուց է եկել` համոզված է Կենտրոնի տնօրենը: Ֆինանսական միջոցների սղության պատճառով դեռևս ստարտափեր չեն կազմակերպվել: Դրա հետ մեկտեղ մեր զրուցակիցը նաև նշեց, որ այս ընթացքում  ընկերությունների կողմից չեն եղել ուշադրության արժանի բիզնես-առաջարկներ: Քանի դեռ ոլորտում ակնհայտ առաջընթաց չկա` Կենտրոնն ավելորդ է համարում դրսից գումարներ ակնկալելը: Ուրախացնող և հուսադրող նորություններից է բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխարհահռչակ ՙՍիսկո՚ ընկերության երևանյան մասնաճյուղի հետ համագործակցության պայմանավորվածությունը: ՙKarabakh life՚ կայքէջի հնարավորություններն օգտագործելով և այն արդիականացնելով` Կենտրոնը նաև լուրջ աշխատանքներ է տանում Արցախի մասին համապարփակ տեղեկատվություն տարածելու, բազմակողմանի կապեր ստեղծելու և այն որպես  առևտրային և բիզնես¬հարթակ օգտագործելու առումով:                                                                                                       

 Ինչպես հայտնի է, 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Միջոցառման մասնակիցների թիվը՝ նախնական տվյալներով, հասնելու է 3000-ի, հրավիրվելու են շուրջ 100 երկրների ՏՏ ոլորտը ներկայացնող աշխարհահռչակ կազմակերպություններ, ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես առաջատարներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Երկու տարին մեկ կազմակերպվող համաժողովի ընթացքում սովորաբար կազմակերպվում են B2B հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: Այդ աննախադեպ միջոցառման շնորհիվ Հայաստանը կայուն տեղ կզբաղեցնի աշխարհի ՏՏ քարտեզի վրա, լայն տարածում կգտնի ՙԱրտադրված է Հայաստանում՚ բրենդը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ոլորտի հայկական ընկերություններին ստեղծելու արդյունավետ միջազգային կապեր ու ձեռք բերել նոր գործընկերներ: Ն. Ասծատրյանի խոսքով` մեր հանրապետության ՏՏ ոլորտը ևս բացառիկ հնարավորություն կունենա ներկայացնելու ոլորտի ներուժն ու ձեռքբերումները: Դրա համար այսօր արդեն անհրաժեշտ է հանդես գալ նորարարական ձեռնարկումներով: Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ ՏՏ ոլորտում շոշափելի արդյունք անհնար է ակնկալել առանց օրենսդրական փոփոխությունների: Մենք դեռևս չունենք ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին օրենք, որի առկայությունը մեծ աշխուժություն կառաջացներ համապատասխան հատվածի մոտ: Անհրաժեշտ է նաև հարկային օրենսդրությունը վերանայել, նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկային արտոնություններ: Ընդ որում` այստեղ ոչ միայն և ոչ այնքան պետք է հետևել ՀՀ օրինակին, որտեղ համապատասխան օրենքն ու արտոնություններն արդեն գործում են։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն բոլոր խնդիրներն ու արգելքները, որոնց առնչվում են մեր կազմակերպությունները` համոզված է Նարինե Ասծատրյանը:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ