[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է՝ ՀՐԵՇԱՎՈՐ ՈՃԻՐԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 Արցախում հարգեցին սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը

 1988-ի փետրվարը Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ առանձնացավ նաև ծանր ու դաժան իրողությամբ՝ սումգայիթյան եղեռնագործությամբ։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։ Քսանութ տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 27-29-ը, հայաշատ Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ ադրբեջանական խաժամուժն իրականացրեց սարսափելի ոճրագործություն հայ բնակչության նկատմամբ։ Փետրվարի 27-ին քաղաքում ծայր առավ նրա ավելի քան 18 հազար հայ բնակիչների ջարդը։ Երեք օր շարունակ Սումգայիթը հեղեղված էր իր հիմնական շինարարների՝ հայերի արյամբ, որի պատասխանատվությունն ամբողջովին ընկած էր Ադրբեջանի և ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավարների վրա։

Չարաբաստիկ այդ քաղաքում կատարված ոճրագործության մասին բազմիցս է գրվել ու խոսվել, ու դեռ կշարունակենք խոսել, քանի դեռ պաշտոնապես այն չի դատապարտվել։ Այս նպատակն են հետապնդում ամեն տարի փետրվարյան այդ օրերին աշխարհի բոլոր ծագերում համայն հայության կողմից կազմակերպվող հանրահավաքներն ու տարաբնույթ միջոցառումները։ Փետրվարի 28-ին վաղ առավոտից մարդկային հոսքը ձգվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որն արցախցիներիս համար վաղուց դարձել է սրբատեղի։ Մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների և կրթօջախների կոլեկտիվներ, հասարակական կազմակերպությունների ու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ դաժան ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով եկել էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու, այլև մեկ անգամ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ միջազգային ատյաններում կատարվածին առ այսօր քաղաքական գնահատական չտալու համար։ Հասարակությանը միացան և սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը հարգելու նպատակով հուշահամալիր այցելեցին Արցախի հոգևոր և աշխարհիկ ղեկավարները՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ԼՂՀ իշխանությունների, տարբեր գերատեսչությունների, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի, Ստեփանակերտի քաղաքապետարանի և հանրապետությունում գործող տարբեր կազմակերպությունների կողմից։ Մեկ րոպե լռությամբ հարգվեց անմեղ զոհերի հիշատակը։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն։ ՙՍումգայիթում կատարվեց ևս մեկ հայկական ցեղասպանություն,- ասաց Պարգև Սրբազանը։ - Մինչ այսօր մենք ցավ ու վիշտ ենք ապրում, քանզի աշխարհը նորմալ գնահատական չտվեց ո՜չ 1915-ի և ո՜չ էլ 20-րդ դարավերջին կատարված սումգայիթյան ցեղասպանությանը։ Մինչև ամբողջ աշխարհը չընդունի, չդատապարտի՝ այդպիսի վերքեր մարդու մարմնի վրա պիտի բացվեն, և վիշտը պիտի ծավալվի։ Ամոթ է ու ցավալի, որ մինչ այսօր նման երևույթները չեն դատապարտվում։ Անմեղների արյունը ճչում է մինչև երկինք, և ինչպես Հայտնության մեջ է ասվում՝ սպասում է արդար լուծման, որպեսզի հանդարտվի։ Մենք եկել ենք մեր գլուխը խոնարհելու նրանց հիշատակի առջև և ասելու, որ չենք լռելու, պահանջելու ենք, պայքարելու ենք արդարության համար։ Մենք դեմ ենք ցեղասպանություններին, դեմ ենք որևէ ոճրագործության՚։ Ի՞նչ անելիքներ ունի հայկական դիվանագիտությունն այս հարցում։ Այսօր դեռ կան, կենդանի են վկաներն ու ականատեսները, կան տեսագրություններ… Տարիներ հետո որևէ բանի հասնելը,կարծում ենք, դժվար կլինի։ Դեռ ավելին. Ադրբեջանի քարոզչական հնարքներից մեկն էլ Սումգայիթում և ամբողջ Ադրբեջանում հայության դեմ իրականացված ցեղասպանությունների հակակշռի ստեղծումն է. ալիևյան վարչախումբը փորձում է այդ նպատակին ծառայեցնել այսպես կոչված՝ Խոջալուի դեպքերը, որն իրականում իրենց իսկ կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կազմակերպված ջարդ էր։ Այս և նման հարցերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը. ՙՄենք այսօր հավաքվել ենք այստեղ մեր հարգանքի տուրքը մատուցելու սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին։ Միշտ հիշելու ենք այն անմեղ մարդկանց, ովքեր զոհ գնացին հայատյաց, ֆաշիստական քաղաքականությանը։ Համոզված եմ՝ վաղ թե ուշ այդ հանցագործության հեղինակները, որոնց անունները մեզ քաջ հայտնի են, կրելու են իրենց պատիժը։ Իսկ լավագույն պատասխանը հայ ազգը ոչնչացնելու նկրտումներին այսօրվա Արցախի Հանրապետությունն է՝ իր ամուր պետականությամբ, ժողովրդավարական հասարակարգով, որն օր օրի զարգանում է և ապացուցում, թե ինչեր կարող են անել մարդիկ, ովքեր պայքարում են հանուն իրենց ազատության։ Հիրավի, կան և՜ կենդանի վկաներ, և՜ բավականին ծավալուն փաստագրություններ, ուղղակի պետք է հետամուտ լինել, որպեսզի հավաքված նյութերն ու ձեռնարկվող քայլերը տան իրենց դրական արդյունքը։ Ցավալի է, անշուշտ, որ Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության մեջ փորձում է օգտագործել այնպիսի հարցեր, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Ցավալի է, որ Ադրբեջանն իր հակահայկական նպատակների համար դիմում է կեղծարարությունների ու խաբկանքների։ Բայց մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ ներկայացնելու ճշմարտությունը, օբյեկտիվ պատկերն ու իրողությունը՚։ Սումգայիթյան դժոխքից փրկվածներից է Ռուզաննա Ավագյանը, ով այն ժամանակ 20 տարեկան էր։ 28 տարի անց էլ, հիշելով փետրվարյան ծանր ու դաժան օրերը, չի կարողանում զսպել հուզմունքը։ ՙԾնողներիս հետ ապրում էինք Սումգայիթում,- պատմում է Ռուզաննան։- Ուսումս այնտեղ եմ ստացել ու ավարտելուց աշխատում էի նույն քաղաքում։ Ծնողներս նույնպես աշխատում էին։ Հայրս քաղաքի հիմնադիրներից է։Ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ մի քաղաքում այդքան տարի ապրելուց հետո հայերին վերացնելու հրահանգ պետք է լինի։ Այդ դեպքերն աննախադեպ էին իրենց վայրագությամբ ու անմարդկայնությամբ։ Տարիների անիվը հետ պտտելով՝ դժվար է հավատալ, որ այդ ամենը մի քանի օրերի ընթացքում են կազմակերպել. ինչպե՞ս հասցրեցին կարճ ժամանակամիջոցում ճշտել բոլոր հայերի բնակարանների հասցեները, պատրաստել երկաթյա հատուկ ձողեր, որոնցով պետք է սպանեին հայերիս։ Չեմ ուզում պատմել այն սարսափելի տեսարանների մասին, որն իմ աչքով տեսել եմ փետրվարի 27-ին և 28-ին։ Մենք 5-րդ հարկում էինք ապրում, և ես մտովի նախապատրաստել էի ինձ՝ եթե թուրքերը մտնեն մեր բնակարանը՝ կնետվեմ պատշգամբից… Մեր ընտանիքին փրկեց մեր հարևան թուրքը՝ պատսպարելով իրենց բնակարանում։ Բայց եթե իմանայի՛ն…մեզ էլ, նրանց էլ նույն ձևով կսպանեին… Փետրվարի 29-ին նույն այդ հարևանը, մի կերպ թաքցնելով՝ կարողացավ մեզ ճանապարհել Բաքու։ Զարմանալին այն է, որ փետրվարի 28-ից սովետական բանակը, տանկերը շրջում էին քաղաքում, բայց ոչ մի զինվոր, և առհասարակ ոչ ոք չէր փորձում խառնվել իրադարձություններին։ Բոլորի աչքի առաջ սպանում, խոշտանգում էին հայ կանանց ու աղջիկներին, տղամարդկանց, նրանց իրերն էին նետում պատուհաններից, վառում…Այնպիսի տպավորություն էր՝ ասես դժոխքում էինք… Ծնողներս տեղափոխվեցին Ղարաբաղ, իսկ ես հինգ ակտիվ երիտասարդի հետ՝ գեներալ Կրաևի հանձնարարությամբ, մեկնեցի Մոսկվա՝ Գորբաչովի հետ հանդիպելու և սումգայիթյան դեպքերի մասին որպես ականատես պատմելու նպատակով։ Սակայն մեզ խաբեցին, որ Գորբաչովը մեկնել է Սերբիա։ Վերադարձանք Երևան, որտեղ սկսեցի մասնակցել Ազատության հրապարակում կազմակերպվող ցույցերին։ Մի օր էլ այնտեղ հացադուլ արեցի՚։ Ռուզաննան ԼՂՀ փախստականների կազմակերպության ներկայացուցիչն է, և շատերի հետ միասին հույսով սպասում է, որ մի օր միջազգայնորեն կճանաչվի սումգայիթյան ոճիրը՝ որակվելով որպես ցեղասպանություն։ ՙԳուցե թե մեր անգործությունն ու անհետևողականությունն են նաև պատճառը, որ ուշանում է միջազգային հանրության համարժեք գնահատականը,- ասում է Ռուզաննան։- Ադրբեջանի իրականացրած հրեշավոր ոճիրը պետք է ստանա իր համապատասխան գնահատականը, այլապես ՙսումգայիթները՚, ՙբաքուները՚, ՙկիրովաբադները՚ կշարունակեն մնալ պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգում։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ