Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԺԴԵՀՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 20-ին (նոր տոմարով` փետրվարի 1-ին) լրացավ հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչ, ռազմավար (ստրատեգ) ու գաղափարախոս Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակը: 

 Հայ մեծանուն ռազմական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը և նրա  ազգային  գաղափարախոսությունը, անշուշտ, նորություն չեն Արցախի համար: Պատմությունից հայտնի է, որ դեռևս  1920թ. գարնանը Գ. Նժդեհի հրամանատարությամբ հայկական մի զորամաս մտել է Դիզակի շրջան՝ օգնության հասնելով մուսավաթական Ադրբեջանի զորքերի դեմ անհավասար  գոտեմարտ մղող արցախցի իր հայրենակիցներին: Տակավին 18-րդ դարի սկզբին Դավիթ  Բեկի և Ավան հարյուրապետի ջանքերով նոր որակ ստացած Սյունիքի ու Արցախի ռազմական համագործակցությունն ավելի բարձր  մակարդակի հասավ Գարեգին Նժդեհի և Թևան Ստեփանյանի  համատեղ ջանքերի շնորհիվ: 

Խորհրդային բռնատիրության տարիներին հայ ազգային-ազատագրական շարժման  բազմաթիվ հերոսների ու նվիրյալների, մանավանդ` Գ. Նժդեհի, անունները շշուկով էին արտասանվում, իսկ հակառակորդների կողմից` չարամտորեն սևացվում: Սակայն, երբ պոռթկաց Ղարաբաղյան շարժումը, վերստին զգացվեց Գ. Նժդեհի կերպարի և նրա  ազգային գաղափարախոսության կարիքը: Որպես կանոն, ընդհատակյա կազմակերպությունների մեծ մասն անպայման օգտվում էր Գ. Նժդեհի գաղափարաքաղաքական հարուստ ժառանգությունից` մարդկային զանգվածների աշխարհայացքում, մտածելակերպի մեջ հեղափոխություն կատարելու, պատմական հիշողությունն արթնացնելու և ազգային զարթոնքին նպաստելու նպատակով: Ունկնդիրների հիշողության մեջ տպավորվել է  ՙԱզատ Արցախ՚ ընդհատակյա ռադիոկայանի եթերում նժդեհյան  գաղափարների քարոզչությունը: Այդ գաղափարների շուրջ համախմբվել են մի խումբ արցախցի ուսանողներ՝ ստեղծելով ՙՀայ երիտասարդության ճակատ՚ կազմակերպությունը, նպատակ ունենալով հասակակիցների շրջանում քարոզել նժդեհականություն և ցեղակրոնություն: Տեղական ու հայկական մամուլում, ընդհանրապես, հաճախակի կարելի էր հանդիպել ընդարձակ հրապարակումների, որոնք արտացոլում էին այդ ռազմական գործչի ու փայլուն  գաղափարախոսի իմաստասիրական, արդիականությանը համահունչ խոհերն ու պատվիրանները, ինչպես նաև ընդօրինակելի  վարքը և սխրաշատ մարտական կենսագրության զանազան կողմերը: Այս առումով արցախյան իրականության մեջ հարկ է  առանձնացնել 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին լույս տեսած ՙՎերածնունդ՚, ՙԱվետյաց երկիր՚ պարբերականները, որոնց գաղափարաքաղաքական  ատաղձը նժդեհականությունն էր...

Անշուշտ, այդ ամենն ունեցավ իր դրական ազդեցությունը մարդկային զանգվածների գիտակցության ու վարքագծի  վրա,  հիրավի պատմական այդ ժամանակամիջոցում  խաղաց օրվա հրամայականով ստանձնած իր առաքելությունը: 

Հիշում եմ` մարտական գործողությունների կարճատև դադարներին, մանավանդ  դժվարին պահերին, հաճախ էինք դիմում Գ. Նժդեհի Հատընտիրի օգնությանը` որպես զինվորի հոգու հետ խոսող ու նրա հոգուց բխող  մարտակոչի...

Մեր հանրապետության համար դժվարին մի ժամանակամիջոցի` 1992թ.  հոկտեմբերին, հանրապետական ՙԱրցախ՚ թերթում տպագրվեց  տողերիս  հեղինակի թղթակցությունը` ՙԻնչպե՞ս էր հաղթում Նժդեհը՚ վերտառությամբ(Տես ՙԱրցախ՚, ԼՂՀ ԳԽ պաշտոնաթերթ, դ 52, 14 հոկտեմբերի 1992 թ.): Այնտեղ նշվում էր, որ այժմ, երբ մեզ վիճակված է փոքրաթիվ ուժերով դիմագրավել թշնամու գերակշռող ուժերին, խիստ կարևորվում են հոգեբանական  գործոնը, հայրենիքի պաշտպանների  բարոյակամային որակները: Դրանում համոզվելու համար բավական է վերհիշել Գ. Նժդեհի` հրաշքի նմանվող  սխրագործությունները: Ինչպես հայտնի է, նա մասնակցել և ղեկավարել է բազմաթիվ ռազմական գործողություններ, սակայն նրա զորավարական տաղանդը  փայլատակել է հատկապես Զանգեզուրի հերոսամարտում, երբ Գ. Նժդեհը, ինչպես դիպուկ նկատվել է` ՙոգու զորությամբ ջախջախել է սրի զորությունը՚:

Իսկ ինչպե՞ս էր հաղթում Գ. Նժդեհը: Իր իսկ ստեղծած ժողովրդական  վաշտերին նա ոգեշնչում էր մեր հերոս նախնիների ու նահատակների (ինչպես ինքն էր ասում` ՙմեծ մեռելների՚) կերպարներով, հիշեցնելով նրանց սխրագործությունները՝ բարձրացնում էր կռվողների մարտական ոգին: Գ. Նժդեհն այնքան կարևորություն էր  տալիս այս խնդրին, որ անգամ մի առանձին հրաման էր արձակել հետևյալ  բովանդակությամբ. ՙԱզգային նահատակների անունների ամենօրյա հիշատակումը  զինվորների մեջ   բարոյահայրենասիրական, ընկած նահատակների  հավատարմությամբ ու անձնվիրությամբ ծառայելու և իրենց հայրենիքի համար քաջորեն մեռնելու բարձր տրամադրություն է ստեղծում: Հրամայում եմ Ղափան-Գենվազ և  Գողթանի զորամասերի պետերին... ամենօրյա ստուգումների ժամանակ հարգել  մեր ցեղի ընտիր որդիների  խնկելի անունները` Քեռի,  Խեչո...՚

Իսկ թե ինչ նպատակ էր հետապնդում այն, ավելի հստակ Գ. Նժդեհը  բացատրել է մի այլ առիթով. ՙԹշնամուն հոգեբանորեն գերազանցելու համար պետք է երկիրը լցնել մեր պատմական հերոսների և նահատակների ոգիաստվերներով...՚ Ահավասիկ, այն բանալին, որը մեր ձեռքն է տալիս Գ. Նժդեհն իր պատգամով, որպեսզի մենք կարողանանք բացել հաղթանակների դուռը:

Հետևությունը մեկն է. եթե մեծ հայրենասերի ու զորավարի իդեալը Դավիթ Բեկն էր, ապա այսօր մեր ազատամարտիկների իդեալը պետք է լինի Գ. Նժդեհը, որին հասնելու համար շատ ու շատ ջանքեր են պահանջվում:

Գ. Նժդեհի հաղթանակների մյուս աղբյուրը նրա անձնական օրինակն էր, վարակիչ խիզախությունը, ինչը բնավ խորթ չէ մեր ազատամարտիկներին: 

Նժդեհյան ՙհաղթելու արվեստը՚ հիրավի պահանջված էր մեր ժողովրդի համար Արցախյան պատերազմի տարիներին, մանավանդ երբ հակառակորդը ժամանակավոր հաջողություններ էր ունենում հատկապես Մարտակերտի ռազմաճակատում: Հենց տեսականորեն ու գործնականորեն ապացուցված նժդեհյան գաղափարախոսությունն էր այդ օրերին լույսը թունելի վերջում: 

Մեր բանակում Գ. Նժդեհի գաղափարները փաստորեն պաշտոնապես քարոզվել են 1993թ. նոյեմբերի երկրորդ  կեսից սկսած, այսինքն` Պաշտպանության բանակի իրավաբանորեն ստեղծումից (նոյեմբերի 10) անմիջապես հետո: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պաշտոնաթերթ ՙՄարտիկի՚ 1993թ. համարներից մեկում ՊԲ հրամանատարի գաղափարաքաղաքական աշխատանքների գծով տեղակալ Մ. Պետրոսյանի ՙԳաղափարախոսությունը մեր բանակի կյանքում՚ հոդվածում ուղղակի ասվում էր. ՙԳաղափարախոսությունը, որի  վրա հիմնվելու է դաստիարակչական աշխատանքը մեր զինված ուժերում` Գ. Նժդեհի ուսմունքի հիմքն են`  կոնկրետացված ըստ Ղարաբաղյան շարժման նպատակների՚(ՙՄարտիկ՚, ԼՂՀ ԻՊԿ օրգան, դ 35, 1993 թ.): Դրանով, փաստորեն, նժդեհյան գաղափարախոսությունը հռչակվել է ՊԲ-ում տարվող դաստիարակչական աշխատանքների հենքը...

Ինչպես հոդվածագիրն էր նշում` Գ.  Նժդեհի ուսմունքի քարոզչությունն սկսվել է նրա ՙԲաց նամակներ հայ մտավորականությանը՚ աշխատությունից հակամարտության օրենքի մասին ընդարձակ մեջբերումով ու մեկնաբանությամբ: Ի դեպ, Նժդեհի  մարգարեական նախազգուշացումը զինադադարով չհրապուրվելու և անխուսափելի ՙպատերազմական ձմռանը՚ նախապատրաստվելու վերաբերյալ վերստին հիշեցվում էր մի  այնպիսի ժամանակամիջոցում, երբ ՊԲ-ն մի շարք փայլուն ռազմագործողություններով հակառակորդին հետ էր շպրտել ագրեսիայի օջախներ հանդիսացող 7 շրջաններից ու հուսալի անվտանգության գոտի էր ստեղծել ԼՂՀ շուրջ, ինչն, անշուշտ, կարող էր վտանգավոր  ինքնահանգստացման տեղիք տալ: Ուստի, այդպիսի բան հատկապես բանակում բացառելու նպատակով, գաղափարաքաղաքական աշխատանքների պատասխանատուները վկայակոչում էին   Նժդեհին, նրա պատգամների միջոցով ազդում զինանձնակազմի տրամադրությունների վրա: 

Նժդեհյան գաղափարախոսության դերի գնահատման մասին է  խոսում նաև այն փաստը, որ ՊԲ անձնակազմի ուսուցման ձմեռային շրջանի հասարակական-պետական  պատրաստության պլանում, որը հաստատվել էր 1994թ. նոյեմբերի 12-ին, առանձին թեմա էր նվիրված Գ. Նժդեհի ՙԲաց նամակներ հայ մտավորականությանը՚ աշխատության ուսումնասիրությանը: Այդ ավանդույթը պահպանվում է մինչև այսօր...

Այժմ տեսնենք, թե ինչ դեր կարող է խաղալ նժդեհյան գաղափարախոսությունն ազգային ոգով դաստիարակման գործում...

Հուրախություն մեզ՝ բանակում  ազգային ոգով դաստիարակությունն առաջնահերթ խնդիրներից է, ինչը հաջողությամբ լուծվում է նաև նժդեհյան  գաղափարախոսության միջոցով: Հասկանալի է, որ միայն կանոնադրական պահանջները  կամ ընդամենը ուսադիրներ կրող սպայի անհոգի հրամանը բավական չեն զինվորներին սխրագործության մղելու համար: Ոգեշունչ գաղափարն ու դրանով ապրող հրամանատարի կրակոտ խոսքը կարող են զինվորին առաջնորդել իմաստավորված մահվան: 

Նժդեհյան գաղափարախոսության առանցքը կազմում են Ցեղի և Հայրենիքի հավիտենական արժեք  ներկայացնող հասկացությունները: Ի  սկզբանե գոյություն ունեցող հայերիս բնակտարածքը` Հայկական բարձրավանդակը, մեր մշտնջենական Հայրենիքն է: Հայրենասիրություն ներարկելով հայ մարդուն՝  նժդեհյան գաղափարախոսությունը սահմանում է Հայրենիքի կորսված բեկորներին  վերատիրելու դրույթը: Այն հաստատագրում է, որ պայքարի վերջնական նպատակը Հայկական  բարձրավանդակն  ընդգրկող համահայկական պետականության վերականգնումն է`  որպես ազգի կենսունակության ու արժանապատիվ հարատևության գրավական: Դրանով զինվորի գիտակցությանն է հասցվում այդ մեծ նպատակին առօրյա, մանր-մունր հիմնախնդիրները զոհաբերելու անհրաժեշտությունը...

Նժդեհյան գաղափարախոսության հիմնադրույթներից է ազգային անկախության կամ պետական ինքնիշխանության գաղափարը, որը ուսուցանում է զինվորին, թե առանց անկախության ու ինքնիշխանության ազգերը զրկվում են ապրելու բարոյական իրավունքից, իսկ նրանց ապագան մշտապես վտանգված է: Հետևաբար, հայ զինվորը պետականությունը հուսալիորեն պաշտպանելու մղում է ստանում և իմաստավորված տանում մարտական  հերթապահությունը մեր հանրապետության սահմաններում:

Գոյության կռվի, պատերազմի ու խաղաղության նժդեհյան  մեկնաբանությունները հայրենիքի մարտիկին զինում են ոգեղեն պաշարներով երկարատև պայքարին դիմանալու, մինչև հաղթական ավարտ մաքառելու վճռականությամբ: Դրանք կարող են նպաստել նաև զինվորների զգոնության ու աչալրջության բարձրացմանը:

Ներցեղային բարոյականի հիմնարար սկզբունքը քարոզում է համահայաստանյան  հայրենասիրություն և համահայկական ազգասիրություն, պահանջում յուրաքանչյուր հայորդուց մնալ Ցեղի հպատակն ու մարտիկը` անկախ քաղաքական կամ կրոնական  համոզմունքներից, սոցիալական դիրքից ու բնակության վայրից...

Նժդեհյան գաղափարախոսությունը Հայոց պատմությունը գնահատում է ամբողջության մեջ, արժեվորելով ամենայն հայկականը, որն առկա է թե նախաքրիստոնեկան և թե քրիստոնեկան ժամանակաշրջաններում, ընդսմին, անցյալը, ներկան ու ապագան դիտարկելով որպես մի անխզելի հավիտենություն: Գաղափարախոսության խորհուրդներից է Աստված-ցեղ-անհատ օրգանական կապը, որի մեկնությունը հետևյալն է.  անհատի կապը Բացարձակի ու Հավերժի հետ հնարավոր է Աստծուց իրեն տրված տեսակի` Ցեղի անընդհատ զարգացման ու հավերժացման միջոցով միայն: Այս  մեկնությամբ է իմաստավորվում մահը և հնարավորություն ընձեռում անհատին հոգեբանորեն  հաղթահարելու այն ու զոհաբերվելու հանուն Ցեղի հավերժացման, մի հանգամանք, որի նշանակությունը հայ զինվորի դաստիարակության գործում անգնահատելի է:

Նժդեհյան գաղափարախոսության անքակտելի մասն է ցեղակրոնի վարքականոնը։ Ցեղակրոնի վարքականոնի  ուսանելի դրույթներից են ուժապաշտ, հոգով, մտքով ու մարմնով զորեղ լինելը, Հայրենիքի համար իրենց արյունը շռայլած մեր մեծ  մեռելների նկատմամբ պաշտամունք ունենալը,  նախնյաց գործին ու նպատակներին հոգեհաղորդակից դառնալը, ցեղային բարոյականի կրողն ու ուսուցիչը հանդիսացող առաջնորդի  պաշտումը, ՙԱրիացի՜ր, արիացրո՜ւ՚ նշանաբանով արիադավանությունը և այլն: Թևավոր արտահայտություն է դարձել հետևյալ պահանջը. ՙՄահը մի համարիր հավիտենական կորուստ, և եթե հարկ է` մեռի՜ր, որ ապրի ցեղը Հայոց, մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքիդ՚: Ուշագրավ են նաև ՙսեփական ուժին ապավինելով` վճռական մենակի հոգեբանությամբ համակվելու՚, ՙՀայոց պատմության մեջ ամենայն գեղեցիկի, վսեմի, հերոսականի և,  ընդհանրապես, հայ լինելու համար հպարտանալու՚, ՙհանցավոր թշնամուց վրեժխնդիր լինելու, այլապես նրան մի հանցանք ներելը կնշանակի նորերը արտոնել՚ և այլ պատգամները...

Հետաքրքիր է  քարոզչին, գաղափարադաստիարակչական աշխատանքն անմիջապես իրականացնողին ներկայացվող պահանջը` անձնական օրինակով ամրապնդել խոսքը...

Շատ արժեքավոր են նաև Գ. Նժդեհի ռազմական խոհերը` պատերազմի, ռազմարվեստի, զինվորի, զորավարի մասին:

Ցեղակրոնության էական խորհուրդներից է Ցեղի մարտական ուժի հանդեպ պարտադիր պաշտամունքը: Այդ մարտական ուժը մեր բանակն է: Հետևաբար, այն  ավելի պաշտելի դարձնելու համար հարկ է բանակը վերածել կամքի ու ոգու դարբնոցի, որի քուրայով անցած յուրաքանչյուր հայորդի առաջնորդվեր  հետևյալ նշանաբանով. ՙԻնձ հաջողվեց ստանալ Հայրենիքիս համար կռվելու և մեռնելու հնարավորություն՚:

Քանի  դեռ հայ  ռազմիկի ամենահիմնական զենքը մնում է ոգին, նժդեհյան գաղափարախոսությունը լինելու է նրա սնուցիչը, ստնտուն: 

 

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատմական գիտ. թեկնածու