[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը ԼՂՀ  ՊԲ  ստորաբաժանման հետ տեղի ունեցավ ս. թ.մարտի 17-ին։ Այցելեցինք  Հյուսիսային ուղղության առանձին մոտոհրաձգային զորամաս։ 

 Ասեմ, որ մեր զինվորականների համար նվերների պատրաստմանն այս անգամ  մեծ չափով մասնակցել է  ՙՆորայր-Հրայր եղբայրներ՚ արտադրական կոոպերատիվի տնօրեն Մանվել Դավթյանը։ Նվերների պատրաստման գործում իրենց բաժինն ունեն նաև ԱԿԱՀՄ կազմակերպությունն ու Ստեփանակերտի հ. 6 դպրոցի տնօրինությունը։ Մեկ անգամ եւս տեղին է շեշտել, որ մեր բանակն ունի անհրաժեշտ ամեն ինչ. մեր  արածն ընդամենը խորհրդանշական օգնություն է մեր ժողովրդի անվտանգության թիվ 1 երաշխավորին՝ հարազատ բանակին... Ինչ էլ որ տանելու լինենք տղաների համար, երեւույթն ամենից առաջ բարոյական ենթատեքստ ունի։

Խմբին ընդունեց զորամասի հրամանատարն ինքը՝ փոխգնդապետ Կարեն Ջալավյանը։ Նա մեզ ծանոթացրեց  հրամանատարական կազմի հետ։ Այնուհետեւ կայացավ հանդիպման պաշտոնական մասը։ Այն տեղի ունեցավ զորամասի բակում՝ սպաների ու զինվորների ներկայությամբ։ Մեր խմբի յուրաքանչյուր անդամի խոսք, ելույթ նման հանդիպումներին, պարզ է, առաջին հերթին պարունակում է պատգամ՝ գերազանց ծառայել հայրենիքին, ու երկրորդ՝ հորդոր, որ տղաներն անփութորեն եւ անհարկի վտանգի չենթարկեն իրենց, լինեն զգույշ եւ աչալուրջ։ 

Մեզ հետ տարել էինք քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ եւ այլն։ Այդ ամենը բաժանվեց  զինվորներին։ 

Ամեն անգամ ստորաբաժանումներ այցելելիս զրուցում եմ զինվորների հետ։ Բացառություն չէր և այս հանդիպումը։ Տեսնել, լսել էր պետք շարքայիններ Շիրակ Եսայանի, Սուրեն Սահակյանի, Արթուր Առաքելյանի, Ռոբերտ Դանիելյանի, Ռազմիկ Աղամիլյանի եւ մյուսների անկեղծ խոստովանությունը՝ հասկանալու, թե տղաների համար ինչքան կարեւոր է թիկունքի սատարումն զգալը։

Միջոցառմանը հատուկ երանգ հաղորդեց հանրապետության ժողովրդական արտիստ  Քաջիկ Հարությունյանի արհեստավարժ ասմունքը... Հուզիչ էին Գեւորգ Միրզոյանի եւ Լուսինե Մարտիրոսյանի երաժշտական կատարումները։ Զինանձնակազմը մեծ բավականությամբ ու ոգեւորությամբ էր ընդունում յուրաքանչյուրի ելույթ՝ լինի երգ, պար թե ասմունք։

Մեր կազմակերպության պատվոգրերին ու շնորհակալագրերին արժանացան մշակութային միջոցառման առավել ակտիվ մասնակիցները, ինչպես նաև Առանձին մոտոհրաձգային գումարտակի լավագույն զինծառայողներ։ Իսկ զորամասի հրամանատար, փոխգնդապետ  Ջալավյանին հանձնեցինք ԱԿԱՀՄ ՙՀայրենիք եւ հավատ՚ հուշամեդալ։  

ՎԵՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

ԼՂՀ  ԱԿԱՀՄ նախագահ