[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎՍ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Փոստային հիմնական ծառայությունների իրականացման համար գործադրվում են  փոստային նամականիշներ, որոնք փոստային առաքումների վճարման պետական նշաններ են և աշխարհի կողմից ընդունվում են որպես ինքնիշխանության արտահայտություն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում նամանանիշների թողարկումն սկսվել է 1993 թվականից. դրանով աշխարհին մեկ այլ ձևով ազդարարվեց անկախ ու ինքնիշխան պետության մասին: Նամականիշների թողարկման ու ծագած խնդիրների շուրջ է ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրույցը:

Տնօրենի տեղեկատվությամբ` վերջին տարիներին նամականիշների տպագրման հարցում մեծ խնդիրների են առնչվել. երկար տարիներ ԼՂՀ նամականիշները տպագրվում էին Հոլանդիայի ՙRoyal joh Enschede՚ ընկերությունում: Սակայն 2010թ. վերջերին նշված տպագրատնից նամակ է եկել, որում ընկերությունը ներողություն է խնդրում, որ այլևս չի կարող համագործակցել ՙԱրցախփոստի՚  հետ, քանի որ Ադրբեջանը բողոք է ներկայացրել Եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիային` պահանջելով արգելել ՙRoyal joh Enschede՚ ընկերությանը տպագրել Լեռնային Ղարաբաղի նամականիշները, քանզի չկա Ադրբեջանի համաձայնությունը: Դրանից հետո ՙԱրցախփոստը՚  հարկադրված էր փնտրել նոր տպագրատուն: Մի շարք եվրոպական ընկերություններ այդ նույն պատճառով հրաժարվեցին տպագրել ԼՂՀ նամականիշերը: ՙԱրցախփոստը՚ փորձեց օգտվել ՙՀայփոստի՚ նամականիշներ տպագրող՝ Ֆրանսիայի ՙCartor՚ տպագրատան ծառայություններից։  Կարծես թե համաձայնել էին. շարվածքն արդեն պատրաստ էր տպագրության, երբ նկատեցին, որ նամականիշների վրա գրված է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն՚: Շարվածքը հանեցին, նամականիշները ոչնչացրին ու  հրաժարվեցին համագործակցել, քանի որ ողջ Եվրոպայում գործում են Եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի որոշումները: Ընկերությունը շարունակեց որոնել տպագրատուն օվկիանոսից այն կողմ և ստացավ կանադական ՙLow Martin grup՚ տպագրատան համաձայնությունը: Երկու տարի ՙԱրցախփոստի՚ նամականիշները տպագրվում էին Կանադայում, բայց դա ավելի ֆինանսատար էր, քանի որ տեղափոխման համար մեծ գումարներ էին պահանջվում: Մի խոսքով` երկար որոնումներից հետո ծանոթ ֆիլատելիստների օգնությամբ համագործակցություն հաստատվեց մոլդավական տպագրատան հետ: 

Գարիկ Գրիգորյանի հավաստմամբ` Քիշնևում տպագրված նամականիշների որակը, ըստ ֆիլատելիստների գնահատականների, չի զիջում մինչ այդ տպագրվածների հատկանիշներին (սարքավորումները, տեխնոլոգիան ամբողջովին ներկրված են Եվրոպայից): Տնօրենը հատկանշեց, որ Ադրբեջանը մի քանի անգամ կրկին փորձել էր խոչընդոտել նամականիշների տպագրմանը, սակայն տպագրատան ղեկավարությունը չի արձագանքել Բաքվի բողոքներին ու շարունակել է համագործակցությունը, որի երաշխիքն ՙԱրցախփոստի՚ վստահելի գործելակերպն է: Մինչդեռ, ըստ Գ. Գրիգորյանի, Ադրբեջանը չի դադարում բողոքների շարանը, և ընկերությունը շարունակում է փնտրել այլընտրանքային տարբերակներ, որ հանկարծակիի չգա: ՙՆամականիշների թողարկման կարևորությունը, ըստ իս, հասկանալի է բոլորիս համար: Նախ, դա ընդհանրապես միջազգային ատրիբուտ է, որի միջոցով նույնպես աշխարհի երկրները հաղորդակցվում են իրար հետ, տեղեկանում տվյալ երկրի պատմության, մշակույթի, բնության առանձնահատկությունների և մի շարք այլ ուշագրավ տեղեկությունների, իրադարձությունների մասին: Դա առավել ևս կարևոր է մեր պարագայում. չճանաչված պետության համար մեծ հնարավորություն է՝  ճանաչելի դարձնել սեփական երկիրը, հատկապես որ նամականիշում պարտադիր երկու լեզվով` տվյալ դեպքում հայերեն և անգլերեն, նշվում է պետության անունը: Շեշտեմ, որ մեր թողարկած նամականիշները, բուկլետները, բացիկները բավականին հետաքրքրություն են առաջացնում ֆիլատելիստների, զբոսաշրջիկների շրջանում՚,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Տնօրենի տեղեկատվությամբ` այսօր թողարկած նամականիշների ու գեղաթերթիկների տեսակների թիվը հասնում է 92-ի, ընդ որում՝ 56 նամականիշ և 4 գեղաթերթիկ տպագրվել են վերջին 6 տարում:

Նա կարևորեց նաև Արցախի մասնակցությունը ֆիլատելիայում ընդունված միջոցառմանը, երբ մի շարք երկրների կողմից հռչակվում է տվյալ տարվա թեման, և աշխարհի համապատասխան ընկերությունները միանում են այդ նախաձեռնությանն ու թողարկում թեմային համահունչ նամականիշներ: Արցախը ՙՀայփոստի՚ հետ մեկտեղ երկու անգամ մասնակցել է նման միջոցառման.  2004թ.`իր թողարկած ՙՂարաբաղի նժույգ՚ և 2014թ.` ՙՇուշիի տեսարժան վայր՚ նամականիշներով: Ի դեպ, ասենք, որ այդ նամականիշներն ընդգրկվել են գերմանացի ճանաչված ֆիլատելիստ Ռիչարդ Զիմերմանի կողմից  2015թ. տպագրած նամականիշների կատալոգում:

Տնօրենի հավաստմամբ` ընկերության հետևողական աշխատանքների շնորհիվ տարեցտարի ավելի շատ և հարուստ տեսականիով թողարկվում են փոստային վճարման պետական նշաններ` նամականիշներ: Այսպես, 2015 թվականին թողարկվել է 14 անուն նամականիշ` 231.000 ընդհանուր տպաքանակով և մեկ գեղաթերթիկ` 5.000 տպաքանակով: ԼՂՀ նամականիշների, գեղաթերթիկների, թեմատիկ հավաքածուների բուկլետների վաճառքի ծավալը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6.744 հազ. դրամով՝ հասնելով  26.201 հազ. դրամի:

Հիշեցնենք, որ 2015-ին ՙԱրցախփոստ՚ ընկերությունն առաջին անգամ` իր տարեկան թողարկումների տեսականիով, մասնակցել է նոյեմբերի 21-27-ը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին և կազմկոմիտեի կողմից արժանացել դիպլոմի: Օգտագործելով այդ հարթակը՝ ընկերությունը կապեր է հաստատել միջազգային տարբեր ֆիլատելիստական կազմակերպությունների հետ, կան որոշ պայմանավորվածություններ:

Գ. Գրիգորյանի տեղեկատվությամբ` այս տարի ևս նախատեսվում է ՙՀայփոստի՚ հետ մեկտեղ թողարկել նամականիշ, որի թեման կլինեն երկու հայկական պետությունների կազմավորման 25-ամյա հոբելյանները:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ