[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ.

Որեւէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետեւի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Նրա խոսքով, Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսեւորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» եւ սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը:

«Ես ձեզ հավատացնում եմ, որ որեւէ տարածք ադրբեջանցիները չեն «ազատագրել», այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում եւ մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչեւ մեր շփումն ավարտենք, այլեւս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը եւ փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները եւ դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:

Որեւէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետեւի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաեւ զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա ոխսքով, այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության եւ գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը:

Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք եւ ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ եւ պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը: