[ARM]     [RUS]     [ENG]

Վիրավորներից շատ շատերը, նույնիսկ անդամահատված ոտքերով, պատրաստ են վերադառնալ դիրքեր. Սեյրան Օհանյան

Զոհվածների ու վիրավոր զինծառայողների ընտանիքները ամբողջությամբ մեր ուշադրության կենտրոնում են:

Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե կառավարությունն ի՞նչ ծրագիր է մշակում այս օրերին ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու համար:

«Առաջին հերթին մենք հասկանում ենք, որ մարտական գործողությունների ժամանակ գոյություն ունեն անվերադարձ ու վերադարձվող կորուստներ: Վերադարձվողներն այն մարդիկ են, ովքեր ապաքինվում են ու վերադառնում դիրքեր: Այս օրերին  ՀՀ նախագահը և բոլոր պաշտոնատար անձինք եղել են հոսպիտալներում, և  պետք է ասեմ, որ վիրավորներից շատ շատերը տրամադրված են վերադառնալ և նույնիսկ անդամահատված ոտքերով աջակից լինեն իրենց մարտական ընկերներին», -հայտարարեց Օհանյանը:

Նրա խոսքով, պատերազմում վիրավորված զինծառայողներին աջակցությունը տրամադրվում է պետության ընդունած օրենսդրության համաձայն:

«Առաջին հերթին մենք հիմա աշխատում ենք նրանց արագ ոտքի կանգնեցնել և բացի դրանից բուժումը կազմակերպել. եթե այստեղ ստացվում է, ապա Հայաստանում կբուժվեն, իսկ ում մոտ չի ստացվում, կտեղափոխենք արտերկիր», -նշեց Օհանյանը:

Նա նաև վստահեցրեց, որ «մեծ ուշադրության կենտրոնում» են զոհվածների ընտանիքները. նրանց տրամադրվում է օգնությունը, կազմակերպվոում է հուղարկավորությունը, գերեզմանաքարն է տեղադրվում:

«Եվ ԼՂՀ ՊԲ-ն, և Պաշտպանության նախարարությունը, և կառավարությունը և նաև ես, էլ չեմ ասում շատ բարերարներ խիստ անհատական օգնություններ ցուցաբերում են», -հավաստեց Պաշտպանության նախարարը:

Ի դեպ, Սեյրան Օհանյանը Ազգային ժողով էր եկել զինվորական համազգեստով: