[ARM]     [RUS]     [ENG]

Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին

Այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործունեության ու դրա արդյունավետության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ասել է.«Իր գոյության տարիների ընթացքում ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսևորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն հանգեցրին մարդկային կորուստների և ճգնաժամի խորացման, ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլև կարող են նոր մարտահրավեր դառնալ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին, ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի դրույթներին, այլև` ԱՊՀ կանոնադրությանը, որում նույնպես ամրագրված է վեճերի և հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը:

Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ոչ բոլորն են ԱՊՀ-ում գործնականում կիսում այս մոտեցումը: Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր:

Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին: Ակնհայտ է, որ այս ամենը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Մենք բազմիցս հրավիրել ենք միջազգային հանրության ուշադրությունը և կոչ ենք արել կանխել Բաքվի ռազմատենչ նկրտումները` նկատի ունենալով իրավիճակի հենց նման զարգացումը, որի ականատեսը եղանք այս օրերին:

Այսօր առավել հրամայական են դարձել ապագայում տեղի ունեցածի կրկնության բացառումը, խնդրի ռազմական լուծման վտանգավոր փորձերից հրաժարումը, հնարավոր լուծումներ գտնելուն ուղղված ջանքերը»։

Խոսելով ԱՊՀ հնարավոր բարեփոխումների և կազմակերպության արդյունավետության բարձրացման մասին՝ նախարար Նալբանդյանն ասել է.

«Ցանկալի է, որ ԱՊՀ-ում բոլորը հավասարապես գիտակցեն իրենց պատասխանատվությունը այս տարածքի՝ որպես համագործակցության և գործընկերության միջավայր պահպանման և կազմակերպության ապագայի գործում։ Այդ խնդրին կծառայեր նաև ԱՊՀ գործունեության կատարելագործումը: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել ԱՊՀ-ն: Բազմակողմ կառույցը գրավիչ է այն ժամանակ, երբ այն գործունակ է` հասկանալի փոխադարձ պարտավորություններով, հստակ առաջնահերթություններով և ոչ ուռճացված կառույցներով, որոնք չեն կրկնում ճյուղային համագործակցային մարմինների գործառույթները։

Մենք կարծում ենք, որ այս կամ այն ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված որոշումների ընդունումը նպատակահարմար է դիտարկել՝ հաշվի առնելով մասնակից պետությունների իրական հետաքրքրվածության աստիճանը: Ցանկանում եմ ընդգծել` իրական փոխգործակցության, այլ ոչ թե ձևական պատրաստակամության։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնակից պետություններից մեկը ստորագրում է ընդունվող փաստաթղթերի միայն 10 տոկոսը, դրանցից 90 տոկոսը` վերապահումներով։

Երբ այս կամ այն հարցում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում միայն որոշ մասնակից երկրների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ինտեգրացիոն և համագործակցության այլ միավորումների անդամներ, ԱՊՀ ձևաչափում որևէ հարցի ներառումը պետք է առավել մանրամասն քննության առնվի։ Միաժամանակ, տվյալ մոտեցումը չի կարող հանգեցնել համագործակցության սահմանափակման՝ նշված ոլորտներում արդեն իսկ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի շրջանակներում:

ԱՊՀ շրջանակներում նպատակահարմար է շարունակել աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ինվենտարիզացիայի ուղղությամբ, հստակ մեխանիզմներ սահմանել՝ ապահովելու հետևյալ սկզբունքների կիրառումը`
-քվոտային հաստիքների պարտադիր ռոտացիա,
-իրավաստեղծ գործունեության օպտիմալացում,
-փաստաթղթերի նախագծերի պատրաստման գործում ԱՊՀ կառույցների և մարմինների պատասխանատվության և հաշվետվողականության համապատասխան մակարդակի ապահովում,
-գործառույթների կրկնօրինակման բացառում:

Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ ԱՊՀ-ում Հայաստանը ունի դրական օրակարգ: Մենք անում ենք հնարավորը, որ կուտակված դրական փորձն օգտագործելով գործնական հունի մեջ դնենք և ապահովենք ԱՊՀ ադապտացումը ժամանակակից իրողություններին»։

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ու հավանություն տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերի: