ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ
Հայոց դիցուհիներին հատուկ դիմագծեր ու նրբագեղություն ունի Աշխեն մայրիկը, նոճիների սլացիկություն ու սոսյաց ամրություն: Մոտ երեք ամիս հետո կբոլորի նրա 100-ամյակը, և հետաքրքիր է, թե ինչպես է ապրել իր ողջ կյանքն այդ կինը, որ մնացել է այդքան եռանդուն, երիտասարդ ու առողջ:
Կյանքի մութ ու գորշ տարիներն ի զորու չեն եղել աղճատելու նրա աստվածային գեղեցկությունն ու անարատ հոգին: 15 թոռ, 30 ծոռ, 3 կոռ ունի, որ հոգատարությամբ ու ջերմությամբ են լցված Աշխեն մայրիկի հանդեպ: Նրանց բոլորի համար կամ մեծ մայրիկ է, կամ՝ պարզապես մայրիկ և՝ ոչ տատիկ:
Հեշտ ու դյուրին չի եղել նրա կյանքը: Պատմում ու հիշում է բոլոր մանրամասները:
Ծնվել է 1916թ. հուլիսի 1-ին (իր վկայությամբ՝ հունվարի 7-ին. ծննդյան վկայականը չի պահպանվել, որովհետև 1918թվականին թուրքերը հարձակվել ու վառել էին նրանց տունը): Գյուղի նորաբաց դպրոցի (1923թ.) առաջին աշակերտներից է, որ սովորել է ընդամենը չորս տարի: Ծնողների միակ դուստրն է եղել: Շատ վաղ է զրկվել ծնողներից և մնացել հորեղբոր՝ Հայրոյի խնամքին: Ամուսնացել է Ենոքի հետ 1932թ. մարտի 25-ին (Ենոքը տնփեսա է եկել նրա հայրական տունը): Աշխեն մայրիկը չի ուզում շրջանցել ամուսնու ընտանիքին բաժին հասած դաժան ճակատագիրը: Նրանք ապրում էին Բաքվում: Ընտանիքում հինգ տղա երեխաներ կային, երբ սկսվեցին 20-րդ դարասկզբի Բաքվի հայկական կոտորածները: Ենոքը ընտանիքի ավագ որդին էր՝ ծնված 1909 թվականին: Հայրն ու մայրը իրենց հինգ որդիներով տեղափոխվում են Շուշի: Շատ ժամանակ չանցած՝ սկսվում են Շուշիի հայերի կոտորածները։ Նրանց հարևան մի թուրք Ենոքի հորը հայտնում է, որ թուրքերը գիշերը հայ կանանց հավաքել են, տարել մոտակա ժայռից նետել ձորը:
Հաջորդ օրը թուրքերն անարգել խուժում են նրանց տուն: Հայրը մորը թաքցրել էր տեղաշորի տակ, երեխաներին նստեցրել վրան: Երբ թուրքերը հարցնում են, թե ուր է երեխաների մայրը, հայրը խաբում է, թե մահացել է, երեխաներին որբ թողել: Հաջորդ գիշեր հարևան թուրքը երեխաներին տեղավորում է խուրջինների մեջ, բեռնում ձիուն (Ենոքը՝ ծնողների հետ ոտքով) հասցնում Շուշիքենդ (այժմ՝ Շոշ), թողնում մի թոնրատան ու արագ անհետանում։ Շոշում երկար չեն մնում. այստեղ էլ էր վտանգավոր: Ենոքի հայրը, որի արմատները Խնապատից են, վերցնում է ընտանիքը և տեղափոխվում այստեղ: Ծանր պայմաններում հասակ են առնում երեխաները, որոնցից երեքը տնփեսա են գնում՝ Գրիգորին, Ալեքսանդրը, Ավանեսը:
Ծանր տարիներ էին: Ենոքն ու Աշխենը սկսեցին տուն-տեղ դնել: Ոչինչ չունեին: Ամուսինը Աղդամից մի արկղ էր բերել տուն: Մի քար մի կողմում, մյուսը՝ հակառակ, ինչը սեղան էր ծառայում ընտանիքի համար: Դժվարն առաջին տարին էր: Մտան կոլխոզ, աշխատեցին, առաջին տարին երեք հարյուր կիլոգրամ ցորեն վաստակեցին, հաջորդ տարիներին՝ ավելի շատ: Ժրաջան մեղուների պես գիշեր-ցերեկ աշխատում էին:
1934 թվականին, երբ ծնվեց առաջնեկը՝ աղջիկը, Աշխենը չկտրվեց աշխատանքից: Հանդում օրորոց էին սարքում (բոլոր կանայք այդպես էին վարվում), խնամում ու միաժամանակ վաստակում: Ամուսինը շատ աշխատասեր էր, ստեղծող. տարբեր տեսակի անասուններ էր պահում, խոզերի և կովերի ֆերմաների վարիչն էր, անասնաբույժ, կոլտնտեսության նախագահի տեղակալ:
Կարճ ժամանակամիջոցում ընտանիքը ստեղծում է իր բարեկեցիկ կյանքը: Հիշում է, որ շատ-շատերն էին մի կապ ցախ կամ փայտ ձեռքներին գալիս Ենոքի դուռը, որ մի բաժակ օղու արժանանան: Հաշտ ու համերաշխ, արդար վաստակով շենացրել են իրենց տունը, հինգ երեխաներ մեծացրել (երկու աղջիկ, երեք տղա): Երկուսն էլ առատաձեռն էին: Հարևան, բարեկամ հաճախ էին դիմում նրանց՝ որևէ բանով օգնելու համար: Շատ է պատահել, որ ամուսինը ֆերմայից յուղ ու շոռ է բերել տուն, կնոջն ասել, որ հաջորդ օրը հանդ տանի՝ կանայք ուտեն, մեղք են: Եթե պատահում էր, որ Աշխենը հանդ չէր գնում, կոլտնտեսության նախագահ Աթալարանց Իվանը կգար ու կասեր.
-Աշխե՜ն, դու որ հանդ չես գնում, ոչ մի կին էլ չի գնում: Խնդրում եմ՝ գնաս:
Հասկանալի էր. հանդի աշխատանքը շատ ծանր էր, հացն էլ՝ պակաս: Պատմում է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին տղամարդիկ ռազմաճակատում էին, մեծահասակներն էին կեռով վար անում, ցախ կտրում: Ողջ ծանրությունը կանանց ուսերին էր: Գյուղի մոտ մի փռշնի կար. այդտեղից մինչև Մեծ Նանը կեռով վարել են։ Հունձն էլ չինով (մանգաղ) են կատարել: Աշխենը շատ սրտացավ վերաբերմունք է ունեցել սոված ու աղքատ մարդկանց հանդեպ: ՙՋուբս, ծոցս միշտ ուրիշի համար եմ լիքը պահել, - խոստովանում է նա ու հիշում մի պատմություն:- Հանդում աշխատելիս կեսօրվա հացն էինք ուտում: Մեր կանանցից մեկը՝ Սալաթին, թիկունքով էր նստած ճաշի: Ասում եմ.
-Սալաթի՜, ինչու՞ ես դեմքդ շրջում:
Նկատում եմ, որ հաց չունի ուտելու: Իմ հացը կիսում եմ, դնում ծնկանը և ասում՝ շու՜ռ արի: Էլի չի ուտում: Նորից եմ ասում.
-Դարդդ ասա, հասկանանք. ինչու՞ չես ուտում:
Նա թե՝ բա Բա՞գին… Հասկանում եմ, որ որդու մասին է խոսքը: Էլի եմ կտրում հացը, տալիս նրան և ասում՝ էս էլ Բագիի համար: Եվ հանգիստ ուտում է՚:
Հիսուն տարեկան էլ չկար, որ մահացավ ամուսինը: Միշտ վառ ու անաղարտ պահեց նրա հիշատակը: Երեսուն տարի կոլտնտեսությունում աշխատեց, ոչ ոք չհամարձակվեց խեթ աչքով նայել նրան:
Ամուսնու կենդանության օրոք երեխաներից երկուսն էին ամուսնացած: Մահից հետո ամուսնացրել է մյուս երեքին, հոգացել թոռների մասին: Միշտ երիտասարդ, գեղեցիկ ու եռանդուն է մնացել: Տարիները չեն խլել նրա աստվածային գեղեցկությունը։
Կոլտնտեսության նախագահ Գուրգեն Մանգասարյանը մի օր նրան հարցրել էր.
- Աշխե՜ն, Ենոքը ինչպե՞ս է պահել քեզ, որ այդքան երիտասարդ ես մնացել:
Պատասխանել է.
- Հալալ-զուլալ կացել եմ, ամուսնուս հետ ձեռք ձեռքի տված աշխատել, արարել ու երջանիկ ապրել: Երբեք չենք վիճել, ապրել ենք՝ իրար հասկանալով:
Արցախյան պատերազմի տարիներին էլ Աշխեն մայրիկը, Լեմբերդի երեք աղջիկներին առած, եղել է Սարդարաշենում, Նորագյուղում, Ստեփանակերտում՝ ՙչաթուն փորը կապած, ցաքատը ձեռքին՚ (անտառից փայտ էր բերում, թոռներին պահում): Բայց ուշքը միշտ հետ էր, քանի որ չորս թոռներն ու երեք տղաները պատերազմում էին:
Ուրիշ ցավ էլ ունեցավ. փոքր աղջիկը՝ Ֆրանգիզը, և մեծ որդին՝ Շիրխանը, Սումգայիթի հայտնի դեպքերից հետո թողեցին իրենց բարեկեցիկ կյանքը, լիքը տները և միայն հագի շորերով հասան Ղարաբաղ: Պետությունը փախստականներին տներով ապահովեց, մայրն էլ՝ կենցաղային իրերով:
Վերջին տարիներին փոքր տղայի՝ Ռոբերտի հետ լավ էր ապրում: Երեք տարի է՝ նրա մահից հետո հեռուստացույցը չի միացնում: Շարունակում է ապրել. լվացքն էլ է ինքն անում, հատակը լվանում, փոքրիկ բանջարանոց մշակում, հավերին կուտ տալիս:
Այլևս դարպասի մոտ չի նստում. զրուցընկեր չունի (տարիքով կանայք արդեն չկան):
Փոքր աղջիկն է հոգում Աշխեն մայրիկի մասին, որը շաբաթը մեկ-երկու անգամ Ստեփանակերտից լիքը պայուսակով այցելում է մորը:
Սիրով է արտահայտվում բոլոր թոռների մասին, հատկապես՝ Լիանայի, որը հենց լսում է՝ մեծ մայրիկի գլուխը տաքացել է, դեղ ու դարմանով շտապում է նրա մոտ: Թոշակից էլ բաժին է հանում բոլորին: Ամուր առողջության տեր այդ կինը երբեք բժշկի չի դիմել: Այժմ արյան ճնշման խնդիր ունի: Սա է միակ անհանգստացնողը:
Երբ այցելեցի նրան, միս էր ծեծում: Չսպասեց իմ հարցին, ասաց.
-Վաղը աղջիկս գալու է, միասին կուտենք:
100-ի սահմանագիծը շուտով հատող Աշխեն մայրիկն առույգ է, միտքը՝ պայծառ: Հրաժեշտի պահին էլ չմոռացավ իր օրհնանքը տալ.
-Յաշս քաշիք (հասնեք իմ տարիքին) ու բազմապատկեք:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ