Logo
Print this page

Հերոսներին պարգևատրել են ավտոմեքենաներով

Ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել մարդատար և շտապօգնության «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենաներ, որոնց բանալիները այսօր ՊԲ ներկայցուցչին են հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Բարերարների կողմից «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանը, Նարեկ Մալխասյանը և Գևորգ Մանուկյանը, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում խոցել են ադրբեջանական 2 ուղղաթիռ, 5 տանկ և 1 ՀՄՄ:

Ավտոմեքենաների բանալիներն անձամբ հասցեատերերին է հանձնել ու շնորհավորել ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը:ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով զինվորներին, մասնավորապես ասել է. «Հպարտանում ենք ձեզնով և մեր բոլոր այն հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»:ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, ով ադրբեջանական ագրեսիայի օրերին ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ, լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել նվերի համար: «Երբ խոցում էի թշնամու տանկերը, այդ պահին մտածում էի թշնամուն թույլ չտալ թեկուզ մեկ մետր առաջ գալ: Ես իմ պարտքն եմ կատարել: Այսօր էլ պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքը ու ամուր պահել մեր սահմանները: Հիմա ավելի փորձառու եմ դարձել: Ուզում եմ բոլոր հայ մայրերին կոչ անել, որ նրանք միշտ հանգիստ ու անհոգ լինեն, որովհետև մենք ամուր կանգնած ենք դիրքերում»,- ասել է Մ. Պետրոսյանը:Թշնամական ուղղաթիռներից մեկը խոցած Գևորգ Մանուկյանն,  իր հերթին շնորհակալություն հայտնելով պարգևի համար, ասել է. «Նվերի համար, անշուշտ,  շատ ուրախ եմ, սակայն նշեմ, որ այս ամենը մենք արել ենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ծնողների ու հայ ազգի»: Գևորգ Մանուկյանի հայրը՝ Հովհաննես Մանուկյանը, ով նույնպես ներկա էր պարգևատրման արարողությանը, լրագրողների հետ կիսելով որդու ուրախությունը նշել է, որ իրենք լավ երեխա են դաստիարակել, բայց բանակն էլ իր հերթին դաստիարակել է՝ որպես լավ զինվոր, հայրենիքի սահմանները անառիկ պահող տղամարդ:ՊԲ զինծառայող Նարեկ Մալխասյանը, ում ևս հաջողվել է թշնամու ուղղաթիռ խոցել, ասել է, որ շնորհակալ է նման գանահատանքի արժանանալու համար: «Ամեն ինչ մենք արել ենք մեր հայրենիքի համար: Ուրախ եմ, որ բացի իմ ընտանիքից իմ արարքի համար կարողացել եմ ուրախացնել մեր ժողովրդին: Հպարտ եմ դրա համար, հպարտ եմ իմ ընկերների համար և խոնարհվում եմ մարտերում զոհված մեր բոլոր զինվորների հիշատակի առաջ»,- ասել է Ն. Մալխասյանը:

Նշենք, որ բարեգործների կողմից նվիրաբերվել է 9 «ՈւԱԶ» մակնիշի ունիվերսալ ավտոմեքենա, 2 «Նիվա» և 6 «Շեվրոլետ Նիվա» մակնիշների ավտոմեքենաներ: Բացի այդ, բարեգործության շրջանակներում Արցախ են ճանապարհվել 2 «Ուրալ» և 2 «Կամազ» մակնիշների բեռնատար ավտոմեքենաներ:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.