[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ

Մեր հերոս տղաների հետ առաջնագծում ենք:

Տղաներ, ովքեր դարձել են պատվարն ու պահապանը հայ ժողովրդի: Տղաներին մենակ չթողնելու և Արցախ աշխարհին տեր կանգնելու համար հազարավոր կամավորներ են ցանկանում հասնել առաջնագիծ: Շատերն արդեն այստեղ են՝ թև ու թիկունք են ժամկետային զինծառայողներին: Այստեղ են նաև Քաշաթաղի շրջանի կամավորականները՝ ազատամարտիկներ, վերջերս զորացրված տղաներ։  Կամավորականների մի մասն էլ աշխատանքներ է տանում՝ վերացնելու թշնամու հրետակոծությունից զորամասին հասցված վնասները։  

Մինչև առաջնագիծ հասնելը զորամասում հանդիպեցի տանկիստներին: Վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Հ. Հակոբյանը 2008 թվականից ծառայում է բանակում։ Ասում է, որ մարտերի ընթացքում կորցրել է 3 զինվորի՝ Միշային, Արտակին և Դավիթին: Վաշտը թշնամուն մեծ կորուստներ է հասցրել՝ 4 զրահամեքենա, 3 տանկ, բազում ասկյարներ: Այն հարցին՝ ի՞նչ էին զգում մարտի ընթացքում, պատասխանեցին՝ կատարել խնդիրը։ Ավագ լեյտենանտ Արմեն Մելքումյանը Ճարտարից է, 13 տարի ծառայում է: Ասում է՝ մեծ վտանգ են ներկայացնում անօդաչու սարքերը: Կրտսեր սերժանտ Արամ Համբարձումյանն արդեն 15 ամիս է՝ իր տանկով պաշտպանում է հայրենի հողը: Սերժանտ Արտյոմ Մկրտչյանը նշում է. մարտի ընթացքում միայն մի բան էր մտածում՝ թշնամու շատ զրահատեխնիկա խոցել։ Տիգրան Խուդավերդյանը նույնպես վճռականությամբ է լցված և պատրաստ՝ նորից  հակահարված տալու մեր անդորրը խախտող թուրքին: Զորամասում կամավորական ջոկատներ էին սպասում, որ զենք ստանան ու բարձրանան դիրքեր: Այստեղ էր Քարինտակի խումբը՝ նախկին ազատամարտիկներ, նրանց զավակները՝ համայնքապետ Մխիթար Առուշանյանի գլխավորությամբ (1992թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Քարինտակի հերոսամարտը, որի ընթացում մարտիրոսվեցին 20-ից ավելի քաջորդիներ, այդ թվում և  հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Այժմ Վաղարշակի որդին է նոր մարտական ջոկատի հրամանատարը): 

Շուշիի ջոկատի կազմում եկել էին նաև Բերդաձորի ենթաշրջանի ազատամարտիկներ Անդրանիկ Մովսիսյանը, Դավիթ Ղևոնդյանը: Ջոկատներից մեկում էր Լեյլա Եփրեմյանը, ով նաև ցանկանում է  թշնամուց վրեժ լուծել 1990-ական թվականներին իր ընտանիքին պատուհասած չարագործության համար: Զորամասում հանդիպեցի նաև գրող-հրապարակախոս Զորի Բալայանին, ով ուղեկցում էր արտասահմանցի լրագրողների: Այն հարցին՝ ինչպե՞ս է ընդունում կամավորների ներկայությունը, Զ. Բալայանը պատասխանեց. ՙՍա միաբանության խորհուրդն է. իմանալով Արցախին հասած նոր պատուհասը, ազգը ոտքի է կանգնել: Մարտական մեծ փորձ ունեցող ազատամարտիկների այստեղ լինելը մեծ բան է, և հավատում եմ՝ այս անգամ էլ թշնամին արժանի հակահարված կստանա ու հետ կշպրտվի՚: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարգարյանն  արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս օրերին մեր բանակը տվել է զոհեր, բայց հերոսաբար դիմակայել է թշնամուն, հետ շպրտել Թալիշ գյուղից, որտեղ թուրքերը  ծերունիների են սպանել։ Անդրադառնալով այդ օրերին տեղի ունեցած մարտերին՝  նա նշեց, որ թշնամին հանկարծակի սկսեց հարձակումը՝ հրետակոծելով նաև զորամասի տարածքը: Բազում արկեր են ընկել զորամասի ու գյուղի վրա: Սակայն երկու ժամվա ընթացքում մեր տղաները հասել են մարտադաշտ, Թալիշից դուրս քշել թշնամուն, դիմակայել սահմանի ողջ երկայնքով: Ա. Մարգարյանը  նաև նշեց, որ դիվերսիոն խմբերը գործել են 30-ական ասկյարներով, սակայն շուտով նահանջել են, շատերը ոչնչացվել: Երկար ժամանակ հայկական դիրքերը տարբեր զինատեսակներից հրետակոծելուց հետո թշնամու հետևակն է անցել հարձակման, բայց այսքանից հետո  էլ մեր 18-20-ամյա տղաները  հերոսաբար դիմակայել են: Գերմանացի լրագրող Քիրստիան Էյշին հարցրի՝ ծանո՞թ է Արցախի պատմությանը, գիտի՞ որն է արցախցու նպատակը, պատասխանեց՝ գիտի և ուզում է իր գործընկերների հետ իրականությունը ներկայացնել եվրոպացիներին: 

Վերջապես եկավ ժամանակը, և քաշաթաղցի կամավորականների մի մասը բարձրացավ առաջնագիծ: Եղբայրներ Սիմոն և Արսեն Ամիրշատյանները ցանկանում էին միասին լինել, միասին կռվել թշնամու  դեմ։ Մեր առաջին խումբը տեղ հասավ գիշերը, և բաժանվեցինք տարբեր մարտական հենակետերում: 

Դիրքերում ծանոթացա ազգի լավագույն զավակների հետ, ովքեր եկել են ՀՀ և ԼՂՀ մարզերից ու շրջաններից: Իրար հետ էին և՜ ժամկետային զինծառայողները, և՜ Վաղուհաս գյուղի, և՜ Քաշաթաղի շրջանի, և՜ Սիսիանի տարածքի ներկայացուցիչները: Հենակետի պատասխանատու, վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Գեղամ Պողոսյանն Արցախի Սպիտակաշեն գյուղից է, ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ինը տարի է, ինչ մարտական հենակետերում է: Ապրիլի 1-ին իր վաշտով բարձրացել է առաջնագիծ՝ հերթափոխի: Եղել է հինգ հենակետերի պատասխանատու հրամանատարը: Շուտով սկսվել է թշնամու հարձակումը: Ավագ լեյտենանտ Լևոն Սուղյանի հրամանատարությամբ ինը քաջեր այդ օրը հսկում էին տարածքում միշտ վտանգավոր համարվող հենակետում, որտեղով հաճախ է թշնամին փորձում ներս սողոսկել: Ապրիլի 2-ի կեսօրին այս հենակետը նույնպես ենթարկվել է ականանետային արկակոծման: Դիրքերի վրա ընկել են մոտ 500 արկ ու ռումբ: Շնորհիվ հրամանատարի ճիշտ գործողության՝ զինվորները ողջ են մնացել: Այնուհետև թշնամու հետևակն է անցել գրոհի՝ մտածելով, որ դիրքերում ողջ մնացածներ չեն լինի: Ապաստարանում պատսպարված մեր քաջերը դուրս են եկել ու դիմակայել  ասկյարներին, ոչնչացրել մոտ 40-ին, և, փառք Աստծո, մերոնցից ոչ ոք չի տուժել, թեթև վիրավորվել է մի զինվոր, թեկուզ թշնամին նռնակներ է նետել խրամատի մեջ: Ավագ լեյտենանտը հրճվանքով էր պատմում, թե ինչպես են տղաները թշնամու նետած նռնակը հետ շպրտել ու շարքից հանել թուրքերին: Գ. Պողոսյանը  նաև նշեց, որ թշնամին օգտագործել է հատուկ նռնակներ, որոնց պայթյունից հետո խրամատներում անսովոր գազ էր լցվում: Այսքանից հետո մեր քաջերը հետ են շպրտել թշնամուն, նախահարձակ եղել և տասնյակ ասկյարների ալլահի ծոցն ուղարկել: 

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից հենց առաջին օրը 42 կամավոր է օգնության հասել  համայնքի ղեկավար Լորիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Սիսիանից եկած կամավորական Գագիկ Ստեփանյանը տեսել էր մարտական ընկերների նահատակվելը, փորձել փրկել անօդաչու սարքից արձակված ռումբից վառվող ընկերոջ կյանքը, չէր հաջողվել: Մնացել է այստեղ, պետք է տեր մնալ հայոց հողին և վրեժխնդիր լինել: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ,  ազգությամբ ասորի Իվան Աբրամովը 1 տարի 2 ամիս է, ինչ ծառայում է Հայոց բանակում, նա գիտակցում է իր առաքելությունը և պատրաստ է պաշտպանել հայրենիքը: 

Առավոտյան այս հենակետում ծանոթացա վաշտի շտաբի պետ կապիտան Ռուդիկ Հակոբյանի հետ:  11 տարի է՝ ծառայում է Հայոց բանակում. ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: ՙԹուրքերը եկան հանկարծակի, տասնյակ անգամ ավել, մինչ այդ ռմբակոծելով մեր դիրքերը, բայց մի բան հաշվի չէին առել, չեն ճանաչում մեր զինվորին, չգիտեն, որ յուրաքանչյուր հայ դիրքապահ զինվոր անխոցելի վահան է իր հայրենիքի համար՚,¬ ասաց կապիտանը։ Երբ զրուցում էի տղաների հետ, լուր հասավ, որ  մոտակայքում զինվորները թշնամուց ՙՈւրալ՚ մակնիշի ավտոմեքենա են առգրավել: 

Հաջորդ գիշերը քաշաթաղցիներով ու հենակետի պատասխանատու ենթասպա Դավիթ Բաբայանի և սերժանտ Այեքսանդր Օհանջանյանի հրամանատարությամբ գործող ջոկի հետ հարևան հենակետերից մեկում էինք: Այս հենակետի վրա նույնպես շատ արկ ու ռումբ է ընկել, և դարձյալ պատասխանատու հրամանատարի ճիշտ գործելու շնորհիվ ոչ մի զինվոր չի տուժել: Այստեղ տղաները փոքր մատուռ են կառուցել և առավոտյան ու երեկոյան մոմ են վառում, հավատով, որ Տերն ու Ս. Աստվածածինը զորավիգ են իրենց: Ալեքսեյ Օհանջանյանը հիացած է իր ջոկի տղաների մարտունակությամբ: Քիչ ժամանակ է մնացել, որ զորացրվի, հայրենիքի պաշտպան է նա, ում մասին հրամանատարները խոսում են գովեստով: 

Քաշաթաղցի կամավորական, սիրիահայ Անդրանիկ Չավուշյանն ասաց. ոչ ոք չի կարող հայի կամքին դեմ կանգնել։ Կարևորը միասնությունն է։ 

Գիշերը դիտակետի մոտ էինք: Զինվորներից Հայկազ Գևորգյանը 9 ամիս է՝ ծառայում է հայրենիքին, արդեն հարմարվել է դիրքերի կյանքին: Ասաց՝ մարտերի օրերին նույնպես այս հենակետում էր: Կարեն Եղիազարյանը Հացավանից է։ Ռուբեն Անտոնյանը դեռ 10 ամիս պետք է հսկի այս հատվածը: Շուշի էին կոչում զինվոր Արմեն Սարգսյանին, ով Շուշի քաղաքի բնակիչ է, բարի ու քաջ տղա: Երեք ամիս անց զորացրվելու է, այժմ իր ընկերների հետ է, կռվում է, որ հարազատ Շուշին նորից թուրքին չանցնի: Այս օրերին հարաբերական անդորր է, իսկ գիշերային անսովոր լռությունն ավելի է լարում դիրքապահներին. հազար ու մի միտք է անցնում զինվորի գլխով: Տեսնես թշնամին այս անգամ ինչ է մտմտում, ո՞ր հենակետի վրա է հարձակվելու, արդյո՞ք դիվերսիա չի նախատեսել և նման հարցեր:   Աղանուս գյուղի բնակիչներ Մանվել Դալլաքյանը և  Վոլոդյա Ծատուրյանը եկել են, որ միանան ժամկետային զինծառայող  Նարեկ Ծատուրյանին (Վոլոդյայի եղբայրն է), ով մոտակա հենակետերից մեկում է: Քարեգահից են 58-ամյա Յուրան ու 23-ամյա Ռոբերտ Բաբայանը, ովքեր մշտապես պահպանության տեղամասում էին: Բերձորցիներ Արմեն Պետրոսյանը, Անդրանիկ Չավուշյանը, Մուրադ Փալանջյանը զինվորների հետ միասին էին հսկում տարածքը։ Հենակետի պատասխանատու ենթասպա Դավիթ Բաբայանի հետ  ոտքով իջանք զորամաս: 

- Այժմ իմ և մեր բոլորի խնդիրն է թույլ չտալ թշնամուն խախտել մեր սահմանը,- ասաց հայրենիքի զինվորը, հավելելով,- մենք խաղաղություն կպարտադրենք միայն հզոր կամքի շնորհիվ: 

Քայլում ենք գարնանային ծաղիկներով պատված դաշտամիջյան ճանապարհով: Կարմիր կակաչները նորից են հուշում՝ այս հողն արդեն որերորդ անգամ սրբանում է մեր հերոսների արյամբ, և այսօր ազգովին պետք է պաշտպան կանգնենք ու տեր մնանք: Վերջապես եկավ զինվորների համար սնունդ բերող բեռնատարը, որի վարորդն է Գոռը: Այս համարձակ տղայի մասին դարձյալ սիրով է խոսում հրամանատարը՝ Դավիթը: Մեզ հետ զորամաս է իջնում նաև կամավորական Գարեգին Զոհրաբյանը, ով երկու օր է, ինչ որդու՝ ժամկետային զինծառայող Հակոբ Զոհրաբյանի հետ հսկում է  հայրենի սահմանը այն հավատով, որ որդին ամուր է կանգնած իր հենակետում: 

Ճանապարհին հանդիպեցի քաշաթաղցիների նոր ջոկատի: Տղաները զենք էին ստանում, որ բարձրանան դիրքեր... 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 ք. Բերձոր