[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ

Քսաներկու տարվա խարդավանքների որոճումից հետո թշնամին կրկին հանեց դիմակն ու ցույց տվեց իր իսկական դեմքը։

Ապրիլի 2-ը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր հարևանը  չի դադարել սադրանքներ հյուսելուց և ժառանգորդն է իր նախնիների զավթողական գեների։ Այս կարճաժամկետ պատերազմը կրկին ապացուցեց, որ նրա աչքը դեռ մեր ստեղծածին է, մեր ունեցվածքին, մեր լեռներին։ 

Վերջերս շատ եմ հիշում ողորմածիկ տատիս ասածները։ Երբ ես դեռևս 16 տարեկան աղջնակ էի և Բաքվի ինստիտուտներից մեկի ուսանողուհի,  արձակուրդներին գյուղ իմ վերադառնալուց  տատս գորովանքով համբուրում էր ինձ ու շշնջում.

- Բալե՛ս, զգույշ մնա դրանցից... 

Ու որքան էլ փորձում էի երեք անգամ վառված տունը կրկին շենացրած, հինգ որբ պահած-շահած տատիս համոզել, որ ժամանակներն ուրիշ են (ինտերնացիոնալիզմ, քաղաքակրթություն և այլ զիբիլներ), նա բազմանշանակ օրորում էր գլուխն ու ասում.

- Բալե՛ս, առած կա՝ շան հետ ընկերացիր, բայց ճիպոտը ձեռիցդ մի գցիր... Զգո՛ւյշ մնա...

Ջահելներս թերահավատ ժպտում էինք տատիս ասածների վրա և առօրյա հոգսերի, դասերի մեջ մոռանում մինչև  հաջորդ ՙզգույշ մնա՚-ն։ Միայն տասնամյակներ անց, երբ մեր հարևանները կրկին իրենց թաթը մեկնեցին դեպի մեզ, հասկացա տատիս խոսքերի ողջ լրջությունը... Հասկացա, որ ճշմարտությունը մեկն է՝ թուրքը մնում է թուրք։ Այն թուրքը, որը երեք անգամ հրի է մատնել մորս հորական տունը, սպանել նախապապիս ու նախատատիս, որբության մատնել  տատիս ընտանիքը ու խեղճ տասնամյա տատիս ուսերին աշխարհի չափ ծանր բեռ դրել... Այո, թուրքը մեկ հարյուրամյակի ընթացքում նույն թուրքն է մնացել... Փոխվել է միայն հագուստը, սակայն հոգին մնացել է նույն ճղճիմն ու ընչաքաղցը, աչքն ուրիշի ինչքին, աչքերի խորքում՝ նույն դավադիր փայլը, յաթաղանը՝ միշտ սրած։ Իսկ կեղծավոր, շողոքորթ ժպիտը, որով նա կարողացել է միշտ սրտեր գրավել, չի ջնջվել դեմքից, երբ շփվել է աշխարհի ուժեղների հետ։

Վերջին օրերի իրադարձություններն ի հայտ բերեցին, որ թշնամին հաշվի չէր առել մի նրբություն, մեր ազգի մի նոր հատկանիշ՝ վտանգի պահին միանգամից համախմբվելու, իրար սատարելու հատկանիշը։ Մոռացվեցին ներքին երկպառակտումները, կուսակցական վեճերը։ Բոլորը միանգամից  անդամագրվեցին մի նոր կուսակցության՝ Արցախի փրկությանը, արյան գնով ձեռք բերված անկախության պաշտպանութանը։ Արցախը, Հայաստանը և Սփյուռքը կրկին մի բռունցք դարձան՝ տալու մեր վերջին կռիվը։ Վերջապես հայը հասկացավ իր դարավոր սխալը՝ մեծ եղբայրը միշտ էլ վերջին պահին կտրել է հայի հույսի թելը, ու հայը զգացել է, որ բաց է իր թիկունքը։ Եվ այդ բացը լրացրել են մեր բարեկամներն աշխարհի բոլոր ծագերից։ Մեր հույսը մենք ենք ու մեր Աստված։ Մեր հույսը մեր արծիվ տղաներն են՝ առյուծոգի՝ հուրուկրակ, քանզի թիկունքում հող հայրենին է, հայրենիքի ճղակոտոր ծառը, հարազատ մայրն ու սիրած աղջիկը, թոթովախոս բալիկը... Սրբազան զոհերը վրեժի են կոչում մերօրյա հերոսներին, ու նրանցից յուրաքանչյուրը մի Անդրանիկ ու Ավո է կրկին... 

Այսօր ոգին է մեր դրոշը և Աստված՝ մեր հույսը... Վերջապես գիտակցել ենք՝ մեր տունը մենք պետք է պաշտպանենք, պուտինների և օբամաների գլուխներն ՙավելի կարևոր՚ հոգսերով են զբաղված։ Լինենք միասնական, կանգնենք մեր որդիների և ամուսինների թիկունքին, ինչով կարող ենք սատարենք սահմանին կանգնած զինվորին՝ այս է բոլորիս խնդիրը։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր պարտքը հատուցել Հայենիքին՝ լինի դա սահմանում, թիկունքում թե գաղափարախոսական ճակատում։

Աստված պահապա՜ն մեր  Արցախ աշխարհին...

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ