[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԽՐԱՄԱՏԻ ԶԻՆՎՈՐԸ

Արցախյան պատերազմի դժնդակ տարիներին ստեղծվեց, թրծվեց ու առնականացավ մի ՙբանակ՚, որին մենք կոչեցինք ՙճերմակ խալաթավորներ՚։ Երջանկահիշատակ Վալերի Մարությանի գլխավորությամբ նորանկախ մեր հանրապետությունում դրվեց ռազմական բժշկության հիմքը։

Այսօր մենք Արցախի թե՜ ռազմական և թե՜ քաղաքական համակարգում ունենք բուժաշխատողներ, ովքեր ոչ միայն արհեստավարժ են, այլև խրամատի զինվոր՝ բառի բուն իմաստով։ Նրանք մարդկային կյանքերի համար պայքարի մեջ են ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակներում։ Ահա թե ինչու մեր հասարակությունն ընդգծված հարգանք ունի ճերմակ խալաթավորների հանդեպ։

Ապրիլյան ռազմական իրադարձությունները եկան վերստին փաստելու, որ Արցախի բժշկական համակարգն ունակ է ցանկացած իրավիճակում գործելու արագ, օպերատիվ ու համախմբված։ Այս մտքին հանգեցի տարբեր վայրերում ու իրավիճակներում զրուցելով վիրավորների հարազատների հետ։ Նրանք բառեր չէին գտնում՝ երախտագիտություն հայտնելու իրենց զավակներին ու բարեկամներին երկրորդ կյանք պարգևած բժիշկներին, բուժանձնակազմին։ Իսկ Մատաղիսի վիրավոր համայնքապետի՝ Զավեն Ավանեսյանի մայրը, բազմավաստակ մանկավարժ Ժաննա Եդիգարյանը, իր մտորումներն ու երախտագիտության խոսքը թղթին է հանձնել չափածո։ Տիկին Ժաննայի խոսք-մաղթանքներն էլ ինձ հուշեցին հանդիպել ռազմական ու քաղաքացիական բժշկական համակարգի պատասխանատուների հետ և առաջին ձեռքից պարզել, թե ինչպես է նրանց գլխավորած համակարգը դիմակայել հերթական փորձությանը։ 

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ՝ փոխգնդապետ Զորիկ Սաղյանի տեղեկատվությամբ՝ իր ենթակայությամբ գործող բուժանձնակազմը փորձությանը դիմակայել է մի առանձին պատասխանատտվությամբ։ Այստեղ յուրաքանչյուրն իր գործն արել է  պատվի ու պատասխանատվության գիտակցումով։ Մի քանի օրվա ընթացքում կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, բոլորն էլ՝ հաջող ելքով։ Հոսպիտալի բուժանձնակազմի մի զգալի մասը ևս փորձառություն է ձեռք բերել անցյալ դարի 90-ականներին։ Նաև նրանց հմտության ու փորձառության արդյունքում է վիրավոր զինծառայողների գերակշիռ մասը կրկին շարք վերադարձել։ Հաջողության մի գրավականն էլ Զ. Սաղյանը համարում է այն հանգամանքը, որ հոսպիտալը համալրված է նաև նեղ մասնագիտության կադրերով։ Ի դեպ, հոսպիտալի անձնակազմին օգնել են Հանրապետական բժշկական, Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնների, ՀՀ  կենտրոնական ռազմաբժշկական հոսպիտալի մասնագետները։ Պարզից էլ պարզ է, որ ինչքան շուտ վիրավորն առաջին բուժօգնություն ստանա, այնքան բուժման հետագա ընթացքն արդյունավետ կլինի։ 

Հոսպիտալից բժիշկներ են մեկնել նաև շրջաններ՝ տեղում օգնելու վիրավորներին։ Թվերի ու փաստերի մեջ չխորացանք՝ մանավանդ երբ հոսպիտալի պետից տեղեկացանք, որ ինչքան տուժածներ հասցվել են վիրահատարան, բոլորի կյանքը փրկված է։  

- Որքան ընդունվել են բուժհիմնարկ, այնքան էլ դուրս են գրվելու,- վստահեցնում է Զ. Սաղյանը։- Մեծ մասի առողջությանը վտանգ չի սպառնում, և լրիվությամբ կազդուրվելուց ու ապաքինվելուց հետո տուն կամ զորամաս են գնալու։ 

Իր բարձրության վրա է գտնվել նաև միջին բուժանձնակազմը։ Նրանց շարքերում ռազմաբժշկական փորձառություն ունեցողներն էլ շատ են։ Էլ չենք խոսում նվիրվածության ու սրտացավության մասին։ Այս պարագայում անհնար է գտնել գոնե մեկ անտարբեր կամ գլուխ պահող անձի։ Ըստ փոխգնդապետ Զ. Սաղյանի՝ ողջ անձնակազմով արել են ամեն հնարավորն ու անհնարինը՝ զինվորների կյանքը փրկելու համար, և փառք Աստծո, դա նրանց հաջողվել է։ 

Չնայած հարաբերական հանգստին, երկու օր առաջ էլ վիրավոր են բերել՝ ծանր վիրավորումով, բայց  վիճակը կայուն է, և համապատասխան բուժում կստանա։ 

Հոսպիտալի պետը վստահեցրեց, որ ողջ անձնակազմով պատրաստ են ցանկացած իրավիճակում ցուցաբերել լիարժեք բուժօգնություն։ Իսկ աշխատանքի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մանր-մունր թերությունները վերացված են։ Ռազմական լեզվով ասած՝ անձնակազմը մարտունակ է, արհեստավարժ, ունակ լուծում գտնելու ցանկացած բարդ իրավիճակում։ Սա միանշանակ է։ Բոլորն էլ 24-ժամյա արթուն պահապաններ են և պատրաստ՝ ինչպես խրամատի զինվորը։ 

ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Բազյանի հետ նույնպես մեր զրույցը վերոշարադրյալի շրջանակներում էր։ Կենտրոնի տնօրենի դիտարկմամբ՝ ծանրության առավել մեծ բաժինն իրենց ուսերին կրել են զինվորական հոսպիտալները։ Ճիշտ է, իրենք ևս պատրաստ էին և ընդունել են վիրավորների, իսկ մի մասին էլ Երևան են տեղափոխել։ Ըստ բուժհիմնարկի ղեկավարի՝ Հանրապետական բժշկական կենտրոնը ոչ միայն այդ լարված օրերին, այլև մշտապես պատրաստ է լիարժեք բժշկական օգնություն ցույց տալու թե՜ բնակչությանը և թե՜ բանակին՝ ցանկացած իրավիճակում։  Նրանք օգնության ձեռք են մեկնել և՜ բանակին,  շրջանային բուժհիմնարկներին, և դա իրենց պարտքն է։ Հիվանդանոց ընդունված բոլոր վիրավորներն էլ ապաքինման փուլում են, պահի դրությամբ ծանր վիրավորներ չունեն։ Գործադիր տնօրենի հավաստմամբ՝ իր գլխավորած կոլեկտիվը քաջ գիտակցում է, թե ինչի են կոչված իրենք։ 

Կ. Բազյանի հավաստմամբ՝ իրենք վաղուց պատրաստ են ցանկացած արտակարգ իրավիճակում լիարժեք գործելու համար։ 

 

Սիրվարդ Մարգարյան