[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԱՊԱՅԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ

Ապրիլի 27-ին  Ստեփանակերտ հասավ Կրասնոդարի երկրամասի Արմավիր և Անապա  քաղաքների հայերի նպատակային աջակցությունը։ 

 Արմավիրի մարզի  հայերը ԼՂՀ ՊԲ-ին նվիրաբերել են  ՙՈւԱԶ՚ մակնիշի 3 շտապօգնության մեքենա և տեխնիկական սարքեր՝ առաջնագծի համար, իսկ Անապայի հայ համայնքը՝ տեխնիկական  սարքեր և 1 զրահապատ մեքենա։ Արմավիրի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աջակցությունը կազմակերպվել է շտապ, և  ոչ բոլորին են հասցրել իրազեկել նախաձեռնության  մասին. մասնակցել են նրանք, ովքեր հասցրել են տեղեկանալ, բայց Արցախի ցավով ու ճակատագրով այսօր մտահոգված են բոլորը։ Նպատակային աջակցության մի մասը, Ս.Հայրապետյանի խոսքով, Արցախ  է առաքվել գումարային, մի մասը՝ այս ավտոմեքենաների ու սարքավորումների տեսքով։ Նա նշեց, որ նվերն անձամբ տեղ կհասցնեն, որպեսզի շփվեն հայրենիքի  պաշտպանների հետ, ոգի առնեն և նրանց փոխանցեն, որ ամբողջ հայությունն իրենց թիկունքին է, անհրաժեշտության դեպքում՝ կգա և կկանգնի  նրանց կողքին։ Ս. Հայրապետյանն ընդգծեց, որ այս պահին կարևորը ոչ միայն և ոչ այնքան  նյութական օժանդակությունն  է, որքան միասնությունը, որ անպարտելի է դարձնում մեզ։ 

Անապայի հայկական համայնքը ներկայացնող Կամո Խաչատրյանն արմատներով  Թալիշ գյուղից է։ Բնականաբար, նա չէր կարող անտարբեր մնալ հայրենի գյուղի ճակատագրի նկատմամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր ընկերների  հետ գալ և մասնակցել հարազատ բնօրրանի պաշտպանությանը։ Նա Արցախյան  պատերազմի  մասնակից է և հայրենիքից հեռացել է  90-ականներին, պատերազմի ավարտից  հետո։ 

Մեր հայրենակիցները նշեցին, որ բեռների տեղափոխման ընթացքում անցակետերում  որոշ դժվարություններ են առաջացել, որոնց հաղթահարումն ակնկալում են ԼՂՀ իշխանություններից։  Նվիրատվությունների՝ ՊԲ-ին փոխանցելուց հետո ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին ընդունել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ