[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԲԱՍԻՐ ԵՎ ՆՎԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆ՝ ՋԱՀԱՆ ԼԱԼԱՅԱՆ

Իրականում նա առասպել էր, քայլող լեգենդ, մարդու իր հազվագյուտ տեսակով, իր աշխարհընկալմամբ ու աշխարհզգացողությամբ, յուրօրինակ կենսակերպով և անխոնջ ու համեստ գիտնականի բացառիկ կերպարով։

Նրա բնագավառը այգեգործությունն էր, բայց սիրում էր բանարվեստը, կատարելապես տիրապետում հայերենին և ռուսերենին, գիտեր հայ, ռուս և համաշխարհային գրականությունը, հանդիպել էր ժամանակի գրական հսկաների հետ։ ՙՎարպետի հևքը՚ անտիպ հուշագրություն ունի՝ նվիրված Ավետիք Իսահակյանին։ Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղակադեմիան։ Խաղողի 22 տեսակի նոր սորտերի, 3 տպագրված և անտիպ գրքերի հեղինակ է։  Անտիպներից ՙԱրցախն աստվածային դեղատուն է՚ գիրքը գտնվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ և ուր որ է՝ լույս պիտի ընծայվի։ Ջահան Լալայանը շատ էր սպասել այդ գրքի լույսընծայմանը...

Ապրում էր մեծերին հատուկ կյանք ու կենցաղով՝ պարզ, ինքնիշխան, համեստ ու հասարակ։ Ինքնամփոփ էր։ Հասարակական հավաքույթներին մասնակցում էր, բայց չէր օգտվում սեղանից։ Առաջնորդվում էր կայուն, առողջ սննդակարգով։ Ինչպես բոլոր մեծերը, տանել չէր կարողանում կեղծիքը։ Հրաժարվեց մտնել կոմկուսի շարքերը։ Հավատացյալ էր։ Չէր ընդունում ԽՍՀՄ-ը։ Չարիքի կայսրություն է, ասում էր։ Մոսկվայում գիտական ատենախոսության պաշտպանության ժամանակ  ընդդիմացավ ԲՈՀ-ին, ինչը պատճառ դարձավ պաշտպանությունը տապալվելուն։ 

Հետագայում, Հայաստանի անկախացումից հետո, նրա գիտնական ընկերներն առաջարկեցին գիտական իր փայլուն աշխատանքը պաշտպանել Հայաստանում։ Եվ համոզված էին, որ միանգամից կստանար գիտությունների դոկտորի աստիճան։ Կտրուկ հրաժարվեց։ Նա դափնիների ու կոչումների կարիքը չուներ։

Շրջապատված էր հարազատների, համագյուղացիների, համախոհների հոգատարությամբ ու հարգանքով։ Մարգարտաշար ձեռագիր ուներ (ձեռագիրը մարդն է), շքեղ խոսք (ՙԽոսքը հոգու շունչն է՚. Գ. Նժդեհ). հայերենը շողշողում էր իր ճոխությամբ, երբ գրավոր թե բանավոր խոսքի հեղինակը Ջահան Լալայանն էր։ Ընդգծված ակնածանք ուներ մանկավարժ հոր հանդեպ։ Սիմոն Լալայանից նա շատ բան էր ժառանգել։ Արցախի բարգավաճումը կապում էր խաղողագործության հետ։ 

ՙԽաղողենին հրաշք է, կարող է մեկին 10 հատուցել, եթե նվիրաբերվես իրեն՚,- ասում էր վազի գիտակը։ 

Անչափ ուրախանում էր, երբ տեղեկանում էր, որ իր ճանաչած մարդիկ ձեռնամուխ են եղել խաղողայգիների հիմնադրմանը։ Ամեն կերպ աջակցում էր նրանց։ Ղարաբաղյան ազգային¬ազատագրական շարժումն ընդունեց խանդավառությամբ և գիտեր, որ առանց արյունահեղության Արցախի վերամիավորումը Հայաստանին կամ անկախացումը անհնարին է։ Վիրավորվեց ոտքից։ Օդանավից նետված ռումբի բեկորից մեծ պատռվածք էր ստացել ազդրը։ Չդիմեց բժշկի։ Ժողովրդական բժշկության գիտակ էր, և առանց բժշկական միջամտության ապաքինեց իր վերքը։ 

Մարտունու շրջանում Ճարտարի կոլվարչության նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լեոնարդ Մայիլյանի հետ Ջահան Լալայանն այն եզակի պաշտոնատար անձանցից էր, ով առանց երկմտանքի ողջունեց Արցախի ազատագրական պոռթկումը և մտավ պայքարի հորձանուտը։

Օրհնյալ լինի ծնունդդ, բացառիկ մարդ, պատահական չէ, որ հենց փետրվարի 20-նն է քո ծննդյան օրը...

ՋԱՀԱՆ ԼԱԼԱՅԱՆԻ 

ՆՈԹԱՏԵՏՐԻՑ 

 ՙԵս շա՛տ, շատ հաճախ եմ մտաբերում Արթուր Մկրտչյանին. ծանոթացել ենք այն հրաշունչ օրերին, երբ Արցախը պատգամավորության թեկնածուներ պիտի նաև առաջադրեր։ 

Մեր զրույցը հոգեհարազատ էր...

- Արթուր,¬ դիմել էի նրան,¬ գիտե՞ս, ես իրավունք ունեմ հպարտանալու. հադրութցիները դեռևս պահպանում են իմ նախապապի բեկական տունը։ Թաղլարում է, ինչպես գիտես, և մինչև հիմա այդպես էլ կոչում են՝ ՙԲեկի տուն՚։ Հադրութի շրջանում դեռ պահպանվել է ՙՋահանանց տափը՚ անվանումը։ Խոսքը, հավանաբար, վերաբերում է գեներալ Մադաթովի անձնական համհարզ Ջահան¬բեկ Լալաբեկովին...՚։ Արթուր Մկրտչյանի հետ երկար ենք զրուցել, երևի թե բնազդի թելադրանքով  ՙճանաչել՚ իրար։

- Ընկեր Լալայան Ջահան, մեր այսօրվա զրույցը հուշում է, որ հենց Դուք եք այն մարդը, ով պետք է Մոսկով գնա ու այնտեղ պաշտպանի մեր բախտորոշ, ցավագին հարցը. թող բախտը ժպտա, և դեպուտատության թեկնածուներից ընտրվեք հենց Դուք։ 

Արթուրի խոսքի մեջ և՜ հուր կար, և՜ յասամանի բուրմունք... Հուրը ՙանթեղված էր՚։

Անսասան վճռականություն, լուսավոր միտք և պողպատի ամրություն... Արթուրի խոսքերում նաև գարնան հեռավոր և այնքան ցանկալի Զարթոնք կար... Կար նաև ՙկույր քաշաթուխպի՚ պարզորոշ կռահում իր անցնելիք ճամփի կեռմաններում, խաչմերուկներում։ Նրա մատաղ հոգին թրթռում էր իր անցնելիք ճամփաների այդ ՙկույր քաշաթուխպից՚։

 

* * *

Հավասարակշռությունից հանված էր ազատատենչ Արցախը... Հրդեհ էր սպասվում, մեծ հրդեհ, համազգային հրդեհ... Մեր դարավոր թշնամին իրեն բացարձակ ազատ էր զգում՝ խժդժություններ, ավերածություններ անելու... Արցախը դարերից եկած նույն Արցախն էր՝ անզիջում, վճռական...

Օ՛, բայց Մոսկո՛վը... Գազազած Արցախին անհնար է սիրաշահելը... Բայց խորհել է պետք, խորհելը քաջին է սազական։

Ստեփանակերտում հզոր ցույցերի գոչյունները՝ ՙՀայաստան¬Միացում՚, երկինք կհասնեին։ Առավել կարճ ճամփան՝ Ճարտարից Ստեփանակերտ, անցնում էր Մուշկապատ¬Հաղորտի¬Ննգի¬Քռասնի գյուղերով։ Ես իմ համախոհների հետ արդեն կուպար էի արել այդ ճամփան, որպեսզի ժամ առաջ Ստեփանակերտ հասնենք ու խառնվենք հուզված ամբոխին, լսենք ու մեր խոսքն ասենք։ Առաջին աքլորականչին մենք անլվա, անոթի, բռնում էինք Ստեփանակերտ տանող ճամփան։ Աչքիս ծերով զննում էի ընկերներիս և պարզ տեսնում. աչքներում հավատ կա, հաստատակամություն, լեռնցու զայրույթ, թոհ ու բոհի մեջ ցատկելու պատրաստակամություն...

* * *

Աշխարհահռչակ պրոֆեսոր Նեգրուլն իր դասախոսությունների ժամերին քանիցս նշել է, որ խաղողենու համար ամենանպաստավոր պայմանները Լեռնային Ղարաբաղի պայմաններն են՝ ռելիեֆը, հողի կազմությունը, օդերևութաբանական պայմանները։ Արցախը լեցուն է օժտված, տաղանդավոր երիտասարդներով, նրանց չպետք է աչքաթող անել վայրկյան անգամ։ Առավել օժտվածներին պետք է ուղարկել արտասահման՝ խոշոր մասնագետներ ունենալու համար։ Արցախը կանգնած է գորդյան հանգույցի առջև։ Տիտանական ջանքեր են պահանջվում, որպեսզի բռնենք ՙՀավերժի ճամփան՚...

 

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ