Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՊԱՐՏԱՆՔ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

 

 

 

Լինում են այնպիսի դեպքեր, երբ ակամայից արտաբերում ես. ՙԼռել չեմ կարող՚։ Խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի  մասին է։

Ոմն մեկը (չեմ ցանկանում այստեղ նրա անունը ներկայացնել, քանզի զավակների տեր է) հեռուստատեսությամբ հանդես եկավ, ես կասեի, ախտաբանական ինքնավստահությամբ, անձնապաստանությամբ։ Իսկ խոսում էր այն մասին, թե իբր պատերազմի տարիներին Հադրութում  ՙոչինչ չանելուց՚ հետո Մանվել Գրիգորյանը  ՙգնաց Մարտակերտ, որտեղ հայտնի չէ, թե ինչով էր զբաղվում՚։

Չեմ կարող լռել արդեն իսկ այն պատճառով, որ այդ ժամանակ ես գործնականում բոլոր ուղղություններում  էի լինում՝ գրառումների տետրը ձեռքիս։ Եվ, բնականաբար, եղել եմ Մարտակերտում, և ոչ մեկ անգամ։ Հիշեցնեմ, որ 1992 թվականի ամռանը թշնամին զավթել էր Մարտակերտի շրջանի քառասուն տոկոսը, Հադրութի շրջանի տարածքի գերակշիռ մասը, գործնականում  ողջ Բերդաձորի ենթաշրջանը։ Թալանվել ու ավերվել էին կենսապահովման բոլոր օբյեկտները, բոլոր գերեզմանատները, հանվել-տարվել էին բոլոր մարմարե շիրմաքարերը։ Եվ, իհարկե, այդ ամենի մասին ես գրում էի։ Սկզբում նյութերը տպագրվում էին թերթերում, 1995 թվականին լույս տեսավ գիրքս՝ ՙԴժոխք և դրախտ՚, ռուսերեն տարբերակը՝ "Между адом и раем", իսկ շուտով՝ նաև անգլերենով։

Եվ այսօր ես չեմ ցանկանում ոչ մի բանավեճի մեջ մտնել։ Կարծում եմ, բավական է ընդամենը հրապարակել թեմային վերաբերվող որոշ հատվածներ՝ առանց որևէ մեկնաբանությունների։ Չէ՞ որ այն ժամանակ մենք չգիտեինք, թե հետագայում  ով է դառնալու գեներալ, ով՝ նախարար կամ նախագահ։ Այնպես որ կողմնակալության մեջ ոչ ոք չի կարող կասկածվել։

Չեմ կարող լռել նաև այն պատճառով, որ Մանվել Գրիգորյանն ութ զավակ ունի և առայժմ մի այդքան էլ թոռներ։

Մեծշենը մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ։ Թալանվեց Արցախի ամենագեղեցիկ գյուղը։ Ավերեցին չորս հնագույն գերեզմանոցներ։ Եվ ահա, հենց իմացա, որ արդեն Մեծշենում է գտնվում բոլոր իշխող բարձրունքները գրաված Մանվել Գրիգորյանի բրիգադի հրամանատարական շտաբը, ես որոշեցի անհապաղ գնալ այնտեղ և միաժամանակ էլ նայել իմ բուխարուն։ Ինձ հետ էին երկու մեծշենցիներ՝ Դավիթ Անանունի ազգականներ և կնոջս զարմիկներ, վիրաբույժ Էդիկ Ղուկասյանը և Շուշիի Ղազանչեցոց  տաճարի վերականգնիչ Ռոման Երիցյանը։ Ես բառացիորեն խուժեցի ամայացած տուն։ Մեխվածի նման կանգ առա այնտեղ, որտեղ բուխարին էր։ Դրա տեղում մնացել էր միայն ծխատարի սառն ու դատարկ անցքը։

* * *

Երեք ժամ անցկացրեցինք Մանվելի շտաբում՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի մեծ խմբի հետ։ Ներկայացնեմ գրառումս այն մասին, թե ինչպես դուրս եկանք շտաբի տարածքից։

Մեքենաների շարանը դուրս է գալիս այն տարածքից, որտեղ տեղակայված է, պայմանականորեն ասած՝ Մանվելի բրիգադը։ Ես գլխավորող մեքենայում եմ։ Կանգ ենք առնում ուղեփակոցի առջև։ Տնակից դուրս է ցատկում ավտոմատավոր երիտասարդ մի զինվոր և, ասես ինչ-որ բանով իրեն մեղավոր զգալով, սկսում է արդարանալ.

-Ներեցեք, ի սեր Աստծո, բայց ես պետք է զանգեմ և ստանամ ձեր ելքի թույլտվությունը։

-Բայց ինչո՞ւ ես ներողություն խնդրում,- ժպտացի ես։

-Ախր ես և՜ ձեզ եմ ճանաչում, և՜ բարոնուհի Քոքսին։ Եվ անխոս բոլորիդ ներս եմ թողել տարածք։ Բայց մենք հրահանգ ունենք. երբ դուրս են գալիս տարածքից, պետք է անպայման զգուշացնել պահակությանը։ Դեպի ներս՝ պատասխանատվությունն ինձ վրա վերցրի, որովհետև ձեզ գիտեմ։ Իսկ դեպի դուրս՝ հրամանը թույլ չի տալիս։

Ես մեր խոսակցության բովանդակությունը հաղորդեցի  լեդի Քոքսին։ Եվ նա իսկույն փայլատակեց։ Դրվատեց զինվորին և ավելացրեց.

- Այ, հիմա ես ամբողջ հարյուր տոկոսով հավատում եմ, որ Ղարաբաղն ունի ոչ միայն պրոֆեսիոնալ կանոնավոր բանակ, այլև լուրջ բանակ։

* * *

Բրիգադային հրամանատար Մանվել Գրիգորյանին հրաժեշտ տալիս առաջարկեցի ինձ տալ իր տան հեռախոսահամարը, որպեսզի կարողանամ զանգել նրա հարազատներին և պատմել մեր հանդիպման մասին։ Սկզբում նա հրաժարվեց, բացատրելով, որ կանոնավոր ռադիոկապի մեջ է Արշալույս գյուղում ապրող իր ընտանիքի հետ։ Բայց երբ ես հավելեցի, որ ուզում եմ մորը պատմել, թե ինչպես է Մանվելը Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակի համար թոնրի խորոված պատրաստել (ինչ-որ մեկի ծննդյան օրն էր), նա ժպտալով թղթի վրա գրեց տնային հեռախոսի համարը, որն սկսվում էր ՙ4՚ թվանշանով։ Երևանից ես մի քանի անգամ փորձեցի կապվել Մանվելի տան հետ։ Խոսակցություն պատվիրեցի, բայց որոշ ժամանակ անց հեռախոսավարուհին ասաց, որ Էջմիածնում ՙ4՚-ը չի հավաքվում։ Անցավ ևս երկու օր։ Ես ինձ զգում էի շատ անհարմար վիճակում։ Խոսք եմ տվել և չեմ կատարում։ Զանգեցի շրջանի ղեկավարությանը։ Պարզվեց, որ մահացել է Մանվելի եղբայրը՝ Սամվել Գրիգորյանը, և որ վաղը թաղումն է։ Իսկ ես հաջորդ օրն արդեն պետք է Ղարաբաղ վերադառնայի։ Նստեցի մեքենա և գնացի Արշալույս։

Դեպի հանգուցյալի տուն տանող փողոցը լի էր մարդկանցով։ Դաշտային համազգեստով, ավտոմատավոր երիտասարդ տղաներ։ Ծխում էին գլխահակ։ Ես երկար կանգնեցի գեղեցկատես ֆիդայու դագաղի մոտ։ Այնպիսի տպավորություն էր, թե քնած է։ Հնգամյա որդին, թեքված հոր վրա, շոյում էր նրա մազերը։ Թվում էր, Սամվելն ուր որ է կբացի աչքերը։ Մայրը վշտալի եղերերգ էր երգում, որով ասես հայտնում էր որդուն, որ նրա մոտ եկել են Ղարաբաղից, որտեղ գտնվում է իր երկրորդ որդին, բրիգադային հրամանատար Մանվել Գրիգորյանը։

Արդեն մեքենայում, Երևան վերադառնալիս, ես գրի առա մոր վշտալի երգի բառերը։ Վախենում էի, թե հիշողությունս պահպանած չլինի մանրամասները.

-Սամվել, որդիս, հույս ունեմ, հասկանում ես եղբորդ, որը չեկավ հոգեհանգստիդ, չի գալու և թաղմանդ։ Միայն երկու պատճառ կարող էին խանգարել նրան, որ գար հրաժեշտ տալու քեզ։ Իր մահը և հայրենիքի առաջ պարտքի զգացումը։ Սամվել ջան, ով-ով, բայց դու հո գիտես, որ եթե շղթաներով էլ կապեին Մանվելին, նա կկրծեր երկաթն ու կգար քեզ մոտ։ Նշանակում է՝ գիտի, որ դու կհասկանաս իրեն։ Նա գիտի, որ իր բացակայությունն այս տագնապալի ժամանակում կարող է փորձանք դառնալ, կարող են զոհվել մեր տղաները։ Եվ այդ ժամանակ դու ինքդ հանգիստ չես առնի, հավասարվելով հողին։

Արցունքի լճացած աղի թաղանթի միջով տեսնում էի, թե ինչպես է Սամվելի փոքրիկ որդին շոյում հոր սևաթույր մազերը։

* * *

Կարծում եմ, ծայրագույն անհրաժեշտություն կա այստեղ մեջբերել դարձյալ թեմային առնչվող մի քանի պարբերություն Վիկտոր Կրիվոպուսկովի ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ գրքից.

Խցից հարցաքննության բերեցին Նազիկ Ամիրյանին (Մանվելի կինը)։ Բժիշկը տեղն էր գցել նրա թևը։ Եվ այժմ նրա ուսերն արդեն նույն մակարդակի վրա էին։ Բայց ցավը, հոգնածությունը, անզորությունն ու անհանգստությունը ծեծված և խեղված ընկերների համար, արտացոլված էին աղջկա տխուր աչքերում և նույնիսկ նրա փոքրիկ անշարժ կերպարանքում…

…Հարցաքննության համար առաջինը ներս բերեցին բարձրահասակ և լայնաթիկունք երիտասարդ տղամարդուն։ Հենց նրան, որի մասին պատմել էր փոխգնդապետ Ցվետկովը։ Մանվել Գրիգորյանը, ինչպես գրի էր առնված անձնագրում, Նազիկ Ամիրյանի համագյուղացին էր, Հայկական ԽՍՀ Արշալույս գյուղից։ Անձնագրի լուսանկարից նայում էր խոշոր և ուրախ աչքերով գեղեցկատես երիտասարդը։ Իսկ իմ առջև սեղանի մոտ նստած էր տանջված, տարիք չունեցող մի տղամարդ, որի դեմքի կեսը ծածկված էր չորացած արյան կեղևով, քիթը ծռված էր, հիվանդ աչքերը տենդագին փայլում էին, շնչառությունը ծանր էր և ընդհատուն։ Երևում էր, որ Մանվելին ծեծել էին ոչ միայն ձեռքերով։ Երևում էր նաև, որ նստած է դժվարությամբ, ուսերը կախված են, աջ ձեռքը չի շարժվում, և ցանկացած շարժում տրվում է դժվարությամբ։ Թվում էր, թե ահա ուր որ է կկորցնի գիտակցությունը, թեև փորձում էր պահել իրեն ուժերի ողջ լարումով։

Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ապահոված սպայի զեկույցից հետևում էր, որ նա ցուցաբերել է ուժային դիմադրություն։ Փորձել է փախուստի դիմել այն տնից, որտեղ մինչ այդ քնած էր։ Դուրս թռչելիս կոտրել էր պատուհանի շրջանակը։ Հրաժարվել էր կամովին ցուցմունքներ տալ զենքի առկայության, մարտական խմբում իր մասնակցության և այդ խմբի անդամների մասին։ Գնդապետ Բորովսկու և իմ հարցերին Մանվել Գրիգորյանը որոշ դժվարությամբ պատասխանում էր ռուսերեն։ Տեսնելով կապիտան Մավրիկ Գրիգորյանին, անցավ հայերենի։ Ես խնդրեցի իմ աշխատակիցներին արագ ավարտել արձանագրության ձևակերպումը և Մանվել Գրիգորյանին տանել բժիշկ Վալերի Մարությանի մոտ, իսկ հետո, մինչև հիվանդանոց ուղարկելը՝ նորից զտակետի խուց։ Միևնույն է, այդ վիճակում դժվար թե հնարավոր էր նրանից ըմբռնելի պատասխաններ ստանալ։ Երեսուն օրով վարչական ձերբակալման համար զեկույցն էլ առավել քան բավարար էր։

Այն մասին, թե ինչպես Արցախի ռազմադաշտային վիրաբուժության և ռազմաբժշկական ծառայության հիմնադիր Վալերի Մարությանի հետ մեզ հաջողվեց փրկել Մանվելին և Նազիկին, կարելի է կարդալ Վիկտոր Կրիվոպուսկովի վերը հիշատակված ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ գրքում։

Դեռ վաղուց է ասված. ՙՊատմությունը զրպարտանք չի հանդուրժում՚։

Զորի Բալայան