Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ…ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ

ՙԱզատ Արցախ՚ թերթի հարցերին պատասխանում է ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

 - Թեման, կարծում ենք, հրատապ է, քանզի որքան մեզ հայտնի է` ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերը Արցախում նույնպես շատացել են, ինչը մտահոգիչ է: Նախ, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք հանցագործություն է համարվում ինքնասպանությունը, և ի՞նչ  պատասխանատվություն է նախատեսվում դրա համար:

-Ինքնասպանություն` սուիցիդ տերմինը ծագել է լատիներեն sui- ՙինքն իրեն՚ և caedare-ՙսպանել՚ բառերից, իբրև երևույթ, իբրև անձի ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ։ 

Ինքնասպանությունը ինքնին քրեաիրավական խնդիր չէ, այն ավելի շուտ վերաբերում է բարոյականության, հոգեբանության և բժշկության (մասնավորապես հոգեբուժության) ոլորտներին: Բայց երբ ինքնասպանությունը մեկ այլ անձի՝ քրեական օրենքով արգելված որոշակի վարքագծի արդյունք է, հարցն անմիջապես տեղափոխվում է քրեաիրավական հարթություն: Այսինքն` խոսքը վերաբերում է ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու հանցակազմերին, որոնք ամրագրված  են ԼՂՀ քրեական օրենսգրքի 109-րդ և 110-րդ հոդվածներով: Այս հանցագործությունները ներառված են  ՙՄարդու դեմ ուղղված հանցագործություններ՚ բաժնի  ՙԿյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ՚ գլխում: Ինչպես տեսնում ենք, ինքնասպանության հասցնելն ու  ինքնասպանության հակելը օրենսդիրի կողմից նախատեսվել են որպես կյանքի դեմ ուղղված  հանցագործություններ: Մարդու կյանքը կարևորագույն, ի վերուստ տրված բարիք է, հիմնարար սոցիալական արժեք, և կյանքի դեմ ուղղված հանցագործությունների հետևանքները ենթակա չեն վերականգնման կամ հատուցման, մարդու կյանքն անգնահատելի է, իսկ դրա կորուստը՝ անդառնալի, ինչով էլ հենց պայմանավորված է հիշյալ բնույթի հանցագործությունների հանրային մեծ վտանգավորությունը:

ԼՂՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված նույն արարքը հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ կատարելու համար: Որպես պատժատեսակ է նախատեսված ազատազրկումը որոշակի ժամկետով: Հանցագործության օբյեկտիվ կողմը, որպես կանոն, բնութագրվում է ակտիվ գործողություններով: Միևնույն ժամանակ, հանցանքը հնարավոր է կատարել նաև անգործությամբ, որը, իհարկե, պետք է պատճառական կապի մեջ գտնվի մեկ ուրիշի ինքնասպանության կամ դրա փորձի հետ: Հիշյալ հանցակազմը նյութական է, այսինքն՝ հանցագործությունն ավարտված է համարվում, երբ հանցավորի գործողությունների (անգործության) հետևանքով տեղի է ունենում ինքնասպանություն կամ դրա փորձ: Սուբյեկտ կարող է հանդիսանալ 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ:

ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է  նախատեսում հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելու համար, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության  փորձ է կատարել: Հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ակտիվ գործողություններով: Հիշյալ հանցակազմը նույնպես նյութական է,  այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում, երբ հանցավորի նշված գործողությունների արդյունքում  անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տալիս կամ ինքնասպանության  փորձ է կատարում: Ընդ որում, անհրաժեշտ է նաև պատճառական կապի առկայությունը հանցավորի նշված գործողությունների և տուժողի ինքնասպանության կամ դրա փորձի միջև: Սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ: Որպես պատիժ է նախատեսված առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկումը:

-Ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել  ԼՂՀ-ում վերջին երեք տարիներին ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու հանցատեսակների վերաբերյալ:

-Հանրապետության տարածքում  վերջին 3 տարում գրանցված հանցագործությունների վիճակագրական վերլուծությունից դիտվում է, որ ԼՂՀ-ում 2013թ. գրանցվել է ինքնասպանության հասցնելու 2 դեպք, որոնց քննարկման արդյունքներով հարուցված քրեական գործերից 1-ը վարույթում հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է, իսկ մյուս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և կայացվել է մեղադրական դատավճիռ: 2014թ. գրանցվել է ինքնասպանության հասցնելու 3 դեպք, որոնց քննարկման արդյունքներով հարուցված քրեական գործերից 2-ը վարույթում հանցագործության դեպքի  բացակայության հիմքով կարճվել է, 1-ը ուղարկվել է ըստ ենթակայության: 2013 և 2014 թվականներին ինքնասպանության հակելու, 2015թ. ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու դեպքեր չեն արձանագրվել: 

-Իսկ ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել ԼՂՀ-ում վերջին երեք տարիներին ինքնասպանության և ինքնասպանության փորձերի վերաբերյալ: Ինչպիսի՞ դատավարական  որոշումներ են կայացվել 2015թ. ԼՂՀ-ում գրանցված ինքնասպանության և ինքնասպանության փորձի վերաբերյալ հաղորդումների քննարկման արդյունքներով:

- 2015թ. ԼՂՀ-ում  արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 38 դեպք: Նշված 38-ից 13-ը ինքնասպանության դեպքեր են` 1 իգական և 12 արական սեռի ներկայացուցիչների կողմից, իսկ 25-ը ինքնասպանության փորձի դեպքեր են` 13 իգական և 12 արական սեռի ներկայացուցիչների կողմից: 2015թ.արձանագրված դեպքերի, 2014թ. և 2013թ. ցուցանիշների համեմատական վերլուծությունից նկատվում է, որ 2015թ. ընդհանուր ցուցանիշը 2014թ. համեմատությամբ նվազել է։  2014թ. գրանցվել է 42 դեպք, սակայն ինքնասպանության դեպքերի քանակական ցուցանիշը նույն տարվա համեմատությամբ աճել է. 2015թ.՝ 13 դեպք, 2014թ.՝  9 դեպք (1 իգական և 8 արական սեռի ներկայացուցիչներ): 

2015թ. ԼՂՀ-ում գրանցված ինքնասպանության և ինքնասպանության փորձի վերաբերյալ բոլոր հաղորդումների քննարկման արդյունքներով քրեական գործի հարուցումը մերժվել է ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով:

-Ասացեք, խնդրեմ, 2015թ. ըստ վարչատարածքային միավորների ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքեր որտե՞ղ են ավելի շատ գրանցվել: Կա՞ն շրջաններ, որտեղ առհասարակ չեն եղել նման դեպքեր:

- 2015թ. քանակական  ցուցանիշը բարձր է եղել Ստեփանակերտ քաղաքում. գրանցվել է ինքնասպանության 5 և ինքնասպանության փորձի  11 դեպք:  Ինքնասպանության դեպք չի արձանագրվել Հադրութի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում, ինքնասպանության փորձի դեպք չի արձանագրվել Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում:

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, ինքնասպանության և ինքնասպանության փորձ առաջացնելու պատճառները:

- Դրանք  տարբեր են լինում: Այսպես. 

1) անձնային, ընտանեկան կոնֆլիկտները` ընտանիքի բաժանում, հարազատի հիվանդություն, մենակություն, անհաջող սեր, վիրավորված ինքնասիրություն.

2) առողջական վիճակ` տգեղություն, հոգեկան և սոմատիկ հիվանդություններ.

3) կոնֆլիկտներ, որոնք  կապված  են հակասոցիալական վարքի հետ` վախ քրեական պատասխանատվությունից, վախ պատժից, ամոթի զգացում.

4) կոնֆլիկտներ, որոնք կապված են աշխատանքի կամ ուսման հետ`ընդհարումներ աշխատանքում, անհաջողություններ ուսման մեջ.

5) նյութական, կենցաղային դժվարություններ:

Թվարկված պատճառներից մի քանիսը ԼՂՀ-ում արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու պատճառ կամ շարժառիթ են հանդիսացել: Այդպիսիք են, օրինակ, հոգեկան հիվանդությունը, անբուժելի հիվանդությունը, սերը, խանդը և այլն: 

-Կրոնական շարժառիթներով ինքնասպանությունները ի՞նչ դրսևորում ունեն ընդհանուր համապատկերում:

-Բարեբախտաբար, մեզ մոտ չեն արձանագրվել կրոնական նկատառումներով կատարված ինքնասպանության դեպքեր:

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել ինքնասպանության կատարումը:

-Կանխարգելման շատ ուղիներ կան: Հաշվի առնելով, որ ինքնասպանության հիմնական պատճառ է հանդիսանում մեզ շրջապատող հանրության` միմյանց օգտակար լինելու պատրաստակամության պակասը, որը մարդու մոտ միայնության և լքվածության զգացում է առաջացնում, ապա մարդկային հարաբերությունների ելակետ պիտի ընդունել մարդուն անշահախնդրորեն օգնելու մղումը, իրար օգտակար լինելու պատրաստակամությունը, միմյանց նկատմամբ մշտական ուշադրությունը, մարդու կյանքի նկատմամբ անտարբերության իսպառ վերացումը:  

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ