Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԻ ԹԵ՜ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԹԵ՜ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Հունիսի 7-ին Շուշիում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպեց քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը ճանաչողական նպատակ ուներ. օմբուդսմենը նախ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գործունեության առաջնահերթությունները, ապա ծանոթացավ հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու նրանց ծրագրերի հետ։ Հանդիպմանը փորձ արվեց մշակել համագործակցության որոշակի ձևաչափ, հնչեցին առաջարկություններ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համատեղ քայլերի շուրջ։ 

Ռ. Մելիքյանի խոսքով՝ ցանկացած օմբուդսմեն պետք է սերտ կապեր ունենա քաղաքացիական հասարակության հետ այն պարզ պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանն ինքնուրույն լիազորություններ՝ որպես այդպիսին, չունի, այսինքն՝ նա կարող է ուժեղ լինել, եթե կա ուժեղ քաղաքացիական հասարակություն, հանրության ամուր վստահություն։ Իսկ վերջին օրերի դեպքերը որոշակի փոփոխություններ մտցրին Ռ. Մելիքյանի ծրագրերում։ Հունիսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտող հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնարարքի առնչությամբ՝ ակնկալելով, որ իրավապահ մարմինները կգործեն արդյունավետ, կաշխատեն թափանցիկ։ Միաժամանակ ընդգծվել է, որ հենց նույն օրը երեկոյան ԼՂՀ ոստիկանության կողմից տարածվել է մամուլի հաղորդագրություն այն մասին, որ փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց կողմից բռնության գործադրումով և մարդու առևանգման հոդվածներով։ Կատարված ծանր հանցագործության քննության ընթացքի վերաբերյալ օմբուդսմենի հավաստմամբ՝ հասարակությունը պարբերաբար կիրազեկվի, և հարկ եղած դեպքում Ռ. Մելիքյանն իր լիազորությունների շրջանակներում կարձագանքի։ Կատարվածը լուրջ հարված հասցրեց Արցախի Հանրապետությանը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով կարվի ամեն ինչ՝ պետականության ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար։ Այդ առումով նա խիստ անհրաժեշտ համարեց Արցախում միջազգային կազմակերպությունների առկայությունը, ինչը կխոչընդոտի երկրի բացասական զարգացումներին։ Իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հերթին պետք է ուշադրության արժանացնեն Արցախը, որտեղ ապրողներն օգտվում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված բոլոր իրավունքներից։ Նա ակնկալում է միջազգային հանրության և Արցախի բնակչության համատեղ աջակցությունը՝ օմբուդսմենի գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Անդրադառնալով հայաստանյան իր գործընկերներին՝ նա հույս հայտնեց, որ վերջիններս պատրաստ կլինեն աջակցել Արցախին տարբեր իրավիճակներում։ 

Խոսելով իր գործունեության առաջնահերթություններից, Ռ. Մելիքյանը վստահեցրեց, որ հետևողական կլինի խնդրահարույց թե՜ ներքին և թե՜ արտաքին հարցերում։ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները, որոնք սկսվել են դեռևս Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպանի կողմից հրապարակված միջանկյալ զեկույցով։ 21-րդ դարում Եվրոպայում տեղի ունեցած գլխատումները, խոշտանգումները, զենքի գործադրումը պետք է սկզբունքայնորեն անընդունելի համարել, ինչն առաջին հերթին կունենա կանխարգելիչ նշանակություն։ ՙԲոլոր պետություններում էլ լինում են հանցագործություններ, բայց երկիրը երկու մասի չի բաժանվում, պետությունը կպառակտվի  այն դեպքում, երբ  երկիրը, քաղաքացիական հասարակությունը կատարված հանցագործություններին ինչպես հարկն է՝ իրավական հիմքով չեն արձագանքում։ Այս տեսանկյունից մենք հստակ տարբերվում ենք արևելյան մեր հարևանից։ Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձություններին, մենք շարունակում ենք հրապարակված զեկույցն ամբողջացնել՝ օգտագործելով բացառապես բաց աղբյուրներ, փաստեր, իրավապահ մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության վերլուծություններ՚,- ասաց Ռ. Մելիքյանը։ Օմբուդսմենը կարևորեց իրենց հետևողական աշխատանքը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելը, նրանց Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում ներգրավելու անհրաժեշտությունը։ 

Այնուհետև հակիրճ անդրադարձ եղավ ոլորտի մյուս անելիքներին։ Նշվեց, որ փորձ կարվի աշխատել ժամանակակից ձևերով. ներկայումս ՀՀ գործընկերների հետ ակտիվորեն աշխատում են նոր կայքէջի ձևավորման, կառույցի խորհրդանիշի պատրաստման, կազմակերպական այլ հարցերի շուրջ։ Մտադիր են համալրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, նրա գործունեությունը դարձնել ավելի դինամիկ։ 

Ռ. Մելիքյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այդ աշխատանքներին աջակցողներին և պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին։ Դրանք վերաբերում էին զորակոչվածներին, տարհանվածներին, տվյալ իրավիճակում բնակչությանը հուզող այլ թեմաների։ ՀԿ ներկայացուցիչներն իրենց հերթին ակնկալեցին համատեղ իրականացնել ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դրական արձագանքելով հնչեցված առաջարկություններին, Ռ. Մելիքյանը խոստացավ ՄԻՊ աշխատակազմում ունենալ թեժ գիծ և քաղաքացիական հասարակության հետ հանդիպումները դարձնել պարբերական։ 

Հանդիպումը փորձնական կարգով հեռարձակվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ