ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԼՂՀ ոստիկանությունում օրերս տեղի ունեցած խորհրդակցությունը, որ վարում էր ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, նվիրված էր համակարգի ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։
Ներկա էին քրեակատարողական և պետական պահպանության վարչությունների, ինչպես նաև՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերը։
2016թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 203 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 110-ի դիմաց։ Չնայած հանցագործությունների թիվն աճել է 93-ով, սակայն հարկ է նշել, որ դա հիմնականում պայմանավորված է ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում լատենտային բնույթ կրող հանցագործությունների բացահայտման ակտիվ աշխատանքներով։
Նշված ժամանակահատվածում 8 անչափահասի կողմից կատարվել է գողության 10 դեպք։ Բոլոր հանցատեսակներով ապահովվել է 100-տոկոսանոց բացահայտում։
Հաշվետու եռամսյակում 3 դեպքով (14-ից 11) նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 1-ով (3-ից՝ 2)՝ զոհերի և 8-ով (20-ից՝ 12)՝ վիրավորների թիվը։
ԼՂՀ ոստիկանապետը համապատասխան հանձնարարականներ տվեց համակարգի առանցքային ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։ Կան ուղղություններ, որտեղ անհրաժեշտ են բեկումնային փոփոխություններ, ասաց նա։ Ըստ Կ. Աղաջանյանի, անհրաժեշտ է ուժեղացնել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Իսկ դրա համար, ինչպես նշվեց, ոստիկաններն առաջին հերթին պարտավոր են հայտնաբերել հակաօրինական արարք կատարելու հակում ունեցող անձանց և անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց գործողությունները կանխելու և հանցագործությանը նպաստող հնարավոր պատճառները վերացնելու ուղղությամբ։
Համակարգի ղեկավարը կարևորեց նաև անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքները, հատկապես ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց ուժեղացված ծառայության միջոցով բացառել անչափահասների կողմից իրավախախտումների՝ այդ թվում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցները վարելու հնարավոր դեպքերը։
Լաուրա Գրիգորյան