Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է

Արդեն մեկ տարի է, ինչ Կարեն Թովմասյանը ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում է։

Ստացվել է այնպես, որ այդ ժամանակաշրջանն Արցախի համար բավականին բարդ էր. անցյալ տարի արձանագրվեց օգոստոսյան լարվածությունը սահմանին, այս տարվա ապրիլին՝ պատերազմը։ Ինչպե՞ս են նոր մարտահրավերներն ընդունել մարտունեցիները, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն և ինչպե՞ս են փորձում լուծել դրանք։ Մեր հարցազրույցը Կարեն ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ։ 

- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս կգնահատեիք Ձեր պաշտոնավարման մեկ տարին։ 

- Տարին հագեցած էր։ Դժբախտաբար, տեղի ունեցան նաև տխուր իրադարձություններ, որոնք, անշուշտ, փոխեցին մեր գործունեության բնականոն ընթացքը։ Հայտնի դեպքերն ստիպեցին  ավելացնել պատասխանատվությունը։ Բնական է, որ սկզբնական շրջանը ճանաչողական է, փորձ է արվում վերհանել խնդիրները, մշակել առաջիկա անելիքները։

- Ինչպե՞ս է ապրում  այսօր մարտունեցին, ի՞նչ առաջնահերթություններ ունի նա։

- Այսօրվա դրությամբ բոլորիս համար առաջնայինը աշնանացան բերքահավաքի անկորուստ կազմակերպումն է։ Գարու բերքահավաքն արդեն սկսված է, մի քանի օրից կսկսենք ցորենինը։ Աննախադեպ բերք կա, պետք է ձգտենք կորուստներ չտալ։ Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են. շուրջ մեկ-մեկուկես ամիս առաջ հակահրդեհային միջոցներ են ձեռնարկվել, դաշտերում ստեղծվել են բաժանարար գծեր՝ հրդեհի դեպքում դրա տարածումից խուսափելու համար, լուծվել է տեխնիկայի հարցը։ Այս պահի դրությամբ 75 հացահատիկահավաք կոմբայն, 316 տրանսպորտային միջոցներ պատրաստ են դաշտ մտնելու։ Տարին առանձնանում է նրանով, որ շրջանում ստեղծվել է ընդունման կետ՝ հացահատիկի մթերումը հեշտացնելու համար։

- Իսկ ունե՞նք բերքահավաքի ենթակա տարածքներ, որոնք  գտնվում են ոչ այնքան  անվտանգ վայրերում, և հակառակորդը կարող է խոչընդոտել աշխատանքներին։

- Նման տարածքներ կան։ Փորձում ենք հարցը լուծել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք այդ գոտիներում աշխատանքները կատարել ԿԽՄԿ աշխատակիցների ներկայությամբ։ 

- Ի՞նչ  ազդեցություն են ունեցել ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմանները բերքի վրա։ 

- Անձրևները որոշակիորեն ազդել են  գարու բերքի վրա։ Գարու ցանքատարածություններում մոտ 20-25% կորուստ կա։ Ինչ վերաբերում է ցորենին, այն նորմալ է, և եթե բնությունը նոր անակնկալ չմատուցի, ինչպես նշել եմ, ռեկորդային բերք կունենանք։ 

- Ապրիլյան դեպքերը խաթարեցին մեր կյանքի բնականոն ընթացքը։ Հիմա էլ, չնայած փորձում ենք անցնել առօրյա կյանքին, կա ներքին վախ, լարվածություն, նոր ագրեսիայի սպասում։ Ի՞նչ  տրամադրություններ են Մարտունու շրջանում։

- Անշուշտ, բնականոն կյանքը խաթարված է. այդ իրադարձությունները չէին կարող ազդեցություն չթողնել, մանավանդ որ զոհեր եղան նաև Մարտունու շրջանից։ Կան բնակավայրեր, որոնք բավականին մոտ են թշնամու դիրքերին, և քանի որ հակառակորդն անկանխատեսելի է, լարվածությունը բնական է։  Այն աշխատանքները, որ հնարավոր է իրականացնել բնակչության անվտանգությունն պահովելու համար, իրականացվում են քաղպաշտպանության շտաբի հետ։

Իհարկե, բոլորս էլ գիտակցում էինք, որ խաղաղությունը մեզ մոտ պայմանական է, և 25 տարիների ընթացքում մեր կենսագործունեությունը կազմակերպել ենք այդ պայմաններին համապատասխան։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ որոշ տեղեր պետք է շտկումներ մտցնել, ինչն արվեց արագ, բնակչության և իշխանությունների կողմից պատասխանատվության մեծ զգացումով։ 

Մարդկանց հոգեբանության վրա այդ դեպքերն, անշուշտ, ազդել են, բայց տրամադրությունն ընդհանուր առմամբ նորմալ է։ Մարդիկ լավատես են, յուրաքանչյուրն զբաղված է իր գործով։ 

- Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ շրջանը Ձեր պաշտոնավարման անցած մեկ տարում։ 

- Զգալի աշխատանք է տարվել բոլոր ոլորտներում։ Կառավարության՝ շրջանին վերաբերող ծրագրերը՝ բնակարանաշինություն, ճանապարհների բարեկարգում, ջրամատակարարում և այլն, կատարվել են ըստ նախատեսվածի։ Աջակցություն է ցուցաբերվել սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ։ Ձեռքբերում եմ համարում այն, որ տարեցտարի ավելանում են ոռոգովի հողատարածքները, քանի որ դրանք ապահովում են գյուղատնտեսական տարբեր ուղղությունների զարգացումը։ 

Վերջին տարում ուշադրություն է դարձվում  ծխախոտի զարգացմանը. բացվել է ծխախոտի հումքի մթերման կետ՝ չորանոց։ Այս ամենը նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարելավման հիմք կհանդիսանան։

- Մարտունին Արցախի այն եզակի շրջաններից է, որտեղ գործում են գինու, նաև՝ ձեթի գործարաններ։ Քանի՞  աշխատատեղ են ապահովում դրանք։ 

- Այդ գործարաններում կարող են աշխատել 50-60 հոգի, բայց խնդիրն այն է, որ աշխատատեղերի թիվը Ղարաբաղում, հաշվի առնելով նրա ագրարային երկիր լինելը, պետք է ապահովվի ինքնազբաղվածության հաշվին։ Պետք է շահագրգռել մարդկանց, աշխատանք տանել հենց գյուղատնտեսության ճյուղերի զարգացման ուղղությամբ։ 

Ճիշտ է, այսօր մենք խնդիրներ ունենք, բայց դրանք հաղթահարելի են։ Լուծումը տեսնում եմ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մեջ, ինչում շահագրգռված է պետությունը, և որոշ ծրագրեր արդեն իսկ կենսագործվում են (ասենք, ջրախնայողության համակարգերի ներդրումը)։  

- Ի՞նչ խնդիրներ կան այսօր Մարտունու շրջանում, որոնց լուծումը հրատապ է և կարող է բարելավել բնակչության կենսամակարդակը։ 

- Հիմնախնդիրները շատ են։ Դրանց մեջ կառանձնացնեի որոշ համայնքների՝ Ճարտար, Զարդանաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ, ջրամատակարարման բարելավման, շրջկենտրոնի ջրահեռացման համակարգի ընդլայնման, ընդհանուր օգտագործման, միջգյուղական ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը։ Մարտունի քաղաքի փողոցներն էլ վերանորոգման կարիք ունեն։ Խնդիրների մի մասի լուծումը նախատեսվում է արդեն մոտ ապագայում։ Փորվում են արտեզյան ջրհորեր, բարելավվում է ոռոգման համակարգը, ինչը թույլ կտա լուծել մի շարք կարևորագույն խնդիրներ։ 

Գյուղատնտեսության զարգացման համար կարևոր է նաև մեքենատրակտորային պարկի թարմացումը։ Հողագործության զարգացման ընթացքը, կարելի է ասել, նորմալ է։ Ճիշտ է, պարբերաբար ծագում են  իրացման կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչին փորձում ենք աջակցել։ Իմ կարծիքով, պետք է զարկ տալ պտղաբուծությանը, կազմակերպել չրի արտադրություն և իրացում արտասահմանյան շուկայում։ Խնդիրներ կան  անասնապահության ոլորտում։ Հարկ է ուշադրություն դարձնել հատկապես անասունների  հիվանդությունների կանխարգելման միջոցառումներին, քանի որ հենց դրանց պատճառով են ֆերմերները վնասներ կրում, ինչը հանգեցնում է ճյուղի թերզարգացմանը։ Այսօր առաջնայինը  երկրի համար, կարծում եմ, անվտանգության ապահովումն է, և մեր ողջ ներուժը պետք է նպատակաուղղենք դրան։

- Պարոն Թովմասյան, հաճախ է խոսվում համայնքների զարգացման անհրաժեշտության մասին։ Առաջարկներ են արվում, որոնք գործնականում այդպես էլ չեն կիրառվում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը։

- Համայնքների սեփական եկամուտները, ինչպես գիտեք, չեն բավարարում։ Բնականաբար և լուրջ առաջընթաց արձանագրել անհնար է։ Համայնքների պահպանման ծախսերի մեծ մասը պետական դոտացիայի հաշվին է կատարվում։ Գյուղատնտեսության զարգացումը թույլ կտա փոխել իրավիճակը։ 

- Վերադառնանք անվտանգությանը։ Օրվա հրամայականն արցախցու համար մնում է երկրի սահմանների պաշտպանությունն ու ամուր թիկունք ձևավորելը։

- Համաձայն եմ, թշնամին անկանխատեսելի է։ Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի. այս խոսքերն արդիական են բոլոր ժամանակներում։ Մենք զգոն պետք է լինենք և՜  դիրքերում, և՜ թիկունքում՝ ճիշտ օգտագործելով առկա ռեսուրսները։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ