ՆՐԱՆՔ ՉԴԱՐՁԱՆ ՏՈՒՆ...
Երկրորդ հարկ տանող աստիճաններով բարձրանալիս հայացքդ ակամայից կանգ է առնում աջակողմյան պատին գրված բառերի վրա. ՙՀունիսի 29. ԼՂՀ և ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր՚։
Հիրավի, այցելուները շատ են հուզվում, տխրում ու թախծում, երբ ոտք են դնում այստեղ, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարան։
Ուշի¬ուշով դիտում եմ խիզախ ու անվեհեր տղաների անձնական իրերը, ինքնաշեն զենքերը, զգուշորեն բացում ալբոմները, նորից ու նորից նայում պատի երկայնքով փակցված՝ հուշ ու հիշատակ դարձած լուսանկարներին ու նզովում թուրքին, որ այնքան արյուն հեղեց Արցախ աշխարհում։ Պարզապես չես կարող առանց հուզվելու անցնել սրահից սրահ, շրջել, նայել ամբողջ ցուցադրությունը։ Մոտենում և լուռ ու մտախոհ կարդում ենք տխուր մի ճակատագրի մասին գրված ժլատ տողերը.
¬ Դանիելյան Նարեկ Կոմիտասի։ Անձնական գործ թիվ 29, 24. 03. 1973թ.։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության և օտար լեզուների բաժինը։ Տասներորդ վաշտի զինվոր էր։ 1992թ. օգոստոսի 6-ից համարվում է անհայտ կորած։ Ընդամենը երկու բառ, բայց ինչքա՛ն մեծ ցավ, ինչքա՛ն¬ինչքան սեր ու երազ, կարոտ ու ափսոսանք...։ Իսկ այսպիսի սեղմ ու հակիրճ կենսագրությունները հարյուրներով են հաշվվում։ Աբրահամյան Գառնիկ, Բաբայան Վարուժան, Ալուխանյան Գրիգորի, Պողոսյան Էդիկ, Հայրապետյան Հենրիխ, Սարգսյան Սլավիկ... Քաջ ու անվեհեր հայորդիներ, շեն ու արդար օջախների ամուր սյուներ, հայրերի ու մայրերի սիրասուն զավակներ, ովքեր ամիսներ, երկար ու ձիգ տարիներ մարտնչեցին, գյուղեր ու քաղաքներ ազատագրեցին, բայց տուն չդարձան։
Ցավալի է... Առավել ցավալի է, որ առանձին գյուղերում առանձին օջախներ կորցրել են երկու և ավելի հարազատներ։ Հիշենք Սեյրանյաններին (Անդրանիկ, Կարեն, Ռաշիդ, Գրիգորի), որ Վաղուհասի հողից ու ջրից են սերել և այն մղձավանջային օրերին ազերիների ձեռքն ընկել, աղբուլաղցի հայր ու որդի Սարդարյաններին հիշենք (Արթուր, Ստանիսլավ), հիշենք բոլորին, ովքեր մարտական երկար ուղի են անցել ու հայրենի եզերքի կարոտը սրտում՝ թուրքի հրին ու սրին զոհ դարձել կամ ահեղ մի կռվում, ինչ-ինչ հանգամանքներում... անհետացել։
Նրանք չդարձան տուն... չտեսան տունդարձի ճամփան։ Ու թեև շատ տարիներ են անցել, շատ բան է մոռացվել, բայց մայրերը դեռ սպասում են, սպասում են հարազատները, քույրերը, եղբայրները, տակավին ջահել կանայք ու ծերունական տարիքի հասած տատիկներն ու պապիկները։
ՙՀանուն հայրենյաց՚, ՙՍպասում՚, ՙԱղոթող մայր՚ խորագրերի տակ զետեղված՝ ճաշակով ձևավորված նյութերը, վառ ու գունեղ ցուցանմուշները այս մասին են խոսում։
Արդարև ցնցող, հույսեր ու հուշեր արթնացնող են թանգարանի յուրօրինակ ստենդները, ասույթները, ՙՏպավորությունների գրքում՚ արված գրառումները, հանրապետության ղեկավար այրերի, անվանի զորահրամանատարների գեղեցիկ, խորիմաստ տողերը, ամեն, ամեն ինչ... Ահա երկու օրինակ, երկու նմուշ։ ՙԱնհայտ է ճակատագիրը մեր, տատասկոտ՝ տունդարձի ճամփան՚, ՙԴեռ սպասում ենք...՚։
Բա ՙԱղոթքի անկյուն՚ փոքրիկ ստե՞նդը, խաչքա՞րը, ռազմահայրենասիրական կաբինե՞տը, գրքերով լի գրադարա՞նը, բա հինգ տարիներն (2009-2013) իր մեջ առնող նկարազարդ օրացո՞ւյցը, որ ստացվել է Երևանից, ինչպես նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ¬ից, Սիրիայից, աշխարհի բոլոր ծագերից ժամանած հյուրերի, զբոսաշրջիկների ուշագրավ, սրտառուչ մտքերը, բա ՙՀայրենյաց դասե՞րը...՚
Ամեն ինչի մասին գրել չի լինի։ Բայց կան անուններ, թվեր ու փաստեր, որոնք, կարծում եմ, արժե անպայման հիշատակել։
Թանգարանը բացվել է 2002-ի հունիսի 29-ին։ Մեր անհայտ կորածների թիվը հասնում է 710-ի, որից 239-ը ազատամարտիկներ են, ջահել-ջիվան տղաներ։
Տարիների ընթացքում հուշաթանգարանը, ուր ամեն օր ոտք են դնում զինվորներ, աշակերտական կոլեկտիվներ, թոշակառուներ, պետական պաշտոնյաներ, շատ ու շատ մարդիկ, ձևավորվել, նոր ու ավելի գեղեցիկ տեսք է ստացել։ Այո, գնահատելի ու անուրանալի գործ է արվել։ Ու այս ամենի ետևում պիտի տեսնել նրան՝ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանին, սովորական մի հայ կնոջ, գորովագութ մի մոր, որի պրպտուն մտքի, անհողդողդ կամքի, ջանքերի ու նվիրումի շնորհիվ բազմաթիվ սուրբ մասունքներ են հայտնաբերվել և խնամքով իրենց տեղը դրվել։ Ի դեպ, Սպարտակ անունով իր որդին ևս, որ կոփվել, թրծվել էր Անկախության համար մղված մարտերում (ոստիկանական հանդերձանքը և անձնական որոշ իրեր դրված են հատուկ մի անկյունում), իր անբաժան ընկերոջ՝ Գառնիկ Ավթանդիլյանի հետ մնացել է հեռուներում, Ֆիզուլիի մոտերքում։ Դա եղել է 1994¬ի հունվարի 15-ի ցրտաշունչ գիշերը։ Տիկին Վերան դեռ սպասում է։ Ու ամեն անգամ, երբ նայում ու մտովի զրուցում է 20-ամյա որդու ու նրա բախտակիցների պատկերների հետ, նրան այնպես է թվում, թե մի մութ աշխարհից լսում է նրանց հարազատ ու այնքան սրտամոտ ձայները. ՙՎշտացեք, բայց միշտ հիշեք, որ մեր սրտերը, մեր հոգիները ձեզ հետ են, այդտեղ, մեր հողում, մեր լեռնաշխարհում...՚։ Ու երբ սթափվում է, ամեն ինչ ասես նոր է հասկանում։
Չմոռանանք նշել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեսանելիորեն ընդլայնվել են Վ. Գրիգորյանի գործունեության շրջանակները։ Վերջին երկու ամիսներին նա բազմիցս եղել է տարբեր զորամասերում և իր ոգևորիչ խոսքով քաջալերել սահմանին կանգնած մեր զինվորներին՝ նրանց մղելով նոր սխրանքների, հայրենասիրական նոր արարքների։
Միքայել ԲԱԼՅԱՆ