Logo
Print this page

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՏԱՐՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրը, որը գտնվում է Դրմբոն և Մեհմանա գյուղերի հարևանությամբ, Արցախյան պատերազմի տարիներին եղել է որպես զինվորական հոսպիտալ։

Մինչ այդ, խորհրդային ժամանակաշրջանում, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու կլիմայական բարեխառն պայմանների, Ալաշանը որպես առողջարան է ծառայել։

Շուտով Ալաշանը կդառնա ապրիլյան պատերազմի հետևանքով տարհանված թալիշցիների բնակավայրը։ Ներկայում այնտեղ ակտիվ շինարարական-վերականգնողական աշխատանքներ են տարվում. 27 ընտանիքների համար որպես ժամանակավոր կացարաններ վերանորոգվում են տարածքում առկա շենքերը, շինություններն ու առանձնատները՝ բոլոր ենթակառուցվածքներով։ 

Տարածքը հարթավայրային է։ Հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար այստեղ հիանալի պայմաններ կան։ Գտնվելով Սարսանգի ջրամբարին հարակից տարածքում՝ Ալաշանը նաև ջրային հարուստ պաշարներ ունի։ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ շինարարությունն իրականացվում է պետբյուջեի հաշվին. ընթացքում օգտագործվում են նաև բարեգործական հիմունքներով Հայաստանից և Ռուսաստանի հայկական համայնքներից Արցախ հասցված շինանյութերը։

Պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն՝ ՙԱԻՄ՚ ՍՊԸ-ն։ 

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Արցախի մի շարք համայնքներում ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված առանձնատների կառուցումը, սակայն կառավարությունը պատրաստվում է դրանք ևս տրամադրել Թալիշից տարհանվածներին։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.