[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ՄԻԱՅՆ ՄԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՉՈՒՄ՝ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Շահեն Մկրտչյանը 80 տարեկան է

 Ծնվել է 1936թ. հունիսի 22-ին Արցախի  Դիզակ-Հադրութի շրջանի Արփագետիկ, կամ ինչպես մեր հոբելյարն է անվանում՝ Քարինգ գյուղում։ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ է։ Լեռնային Ղարաբաղի պետական պատմաերկրագիտական թանգարանի հիմնադիր տնօրենն էր, ապա՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, հետո՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի վարիչ, որտեղ աշխատում էր մինչև վերջերս։ 

Շահեն Մակիչի Մկրտչյանն այն մեծ հայրենասերների պլեադային է պատկանում, ովքեր, արհամարհելով բոլոր վտանգները, համարձակորեն հնչեցրել են ցեղասպան Թուրքիայի սվինների օգնությամբ և Լենին-Ստալին տանդեմի անիծյալ օրհնանքով 1918թ. ոչ բարով լույս աշխարհ բերված և արհեստածին Ադրբեջանին բռնակցված Արցախի ազատագրական պայքարի զանգերը։ Նա բազմիցս անցել է Լաչինի տարածքով և գաղտնի զենք-զինամթերք հասցրել Խծաբերդի ենթաշրջանի պաշտպաններին։ Մեր վաստակաշատ հոբելյարն ավելի քան կես դար աշխատում է հայկական մշակույթի բնագավառում։ Իր  սուր և  բեղուն գրչով, ինչպես երկրագործը՝ փայլուն խոփով, նա հերկել է Արցախ-Ղարաբաղի պատմամշակութային ամբողջ դաշտը՝ աշխարհին ի ցույց դնելով հազարամյա  ինքնատիպ մշակույթի դարսդարսված ոսկյա շերտերը։ Շ. Մկրտչյանի հեղինակությամբ հրատարակվել են երեք տասնյակի հասնող հայագիտական-արցախագիտական աշխատություններ։ ՙԼեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները՚ ծանրակշիռ աշխատությունը 10 տարվա ընթացքում ունեցել է լրացված չորս հրատարակություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, 100 հազար տպաքանակով։ Հեղինակի աշխատություններից հարկ է առանձնացնել ՙՎանդալիզմ՚ փաստավավերագրական գիրքը՝ հայատյաց Ադրբեջանում ավերված հայկական-քրիստոնեական  մշակութային արժեքների մասին, որի համար նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դոկտորի կոչման։ ՙՇուշի. ողբերգական ճակատագրի քաղաք՚ գիրքը (համահեղինակ՝ Շչորս Դավթյան), որը լույս է տեսել երեք լեզուներով, անողոք ճշմարտությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին էր հայաոճ, շքեղ Շուշին, և նրանից ինչ է մնացել, երբ թուրք-ադրբեջանցիներն ավերեցին այն և կոտորեցին քաղաքը կառուցած հայերին։ Շ. Մկրտչյանի ստեղծագործությունների գլուխգործոցը, անշուշտ, ՙԱրցախի գանձերը՚ պատկերագիրք-ալբոմն է՝ շքեղ ձևավորմամբ, չորս լեզուներով։ Մեր հոբելյարը երկու անգամ արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի, պարգևատրվել ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանով։ Հայաստանի նկարիչների և գրողների միությունների, ռուս-հայկական հետազոտությունների կենտրոնի (Մոսկվա) գիտխորհրդի անդամ է։ 

Տպավորությունս այնպիսին է, թե Շահեն Մկրտչյանը  Ավարայրից է գալիս, Դավիթ Բեկի զորականներից է, Մեծ ու Փոքր Սյունիքների ազատագրական պայքարը Գանձասարի վանքում նախապատրաստած գաղտնի ժողովների մասնակից։ Մեր Դիզակի զորեղ և իմաստուն Մելիք Եգանի խմորից է հունցված։ Ղարաբաղյան ազգային-ազատագրական հզոր շարժումը նախապատրաստած գաղափարախոսներից մեկն է՝ Բագրատ Ուլուբաբյանի, Լեոնիդ Հուրունցի, Ժան Անդրյանի, Զորի Բալայանի, Բոգդան Ջանյանի, Իգոր Մուրադյանի և մյուս նվիրյալների հետ։ Շահեն Մկրտչյանի կրակված սրտում մի մեծ և անմարելի սեր կա՝ հայրենի Արցախ-Ղարաբաղը։ Ֆանատիկորեն հայրենապաշտ է։ Եվ հանուն Հայրենիքի նա իր երկաթյա տրամաբանությամբ, լեռնաշխարհի պատմության ՙ5 ու խաչ՚ իմացությամբ, իր հրեղեն խոսքի երկսայրի սրով դավիթավարի գետնին է տապալում ոչ միայն մեր հողին աչք տնկած թուրք-ադրբեջանցի կեղծարար պատմաբաններին։ Այդ մեծ հայրենասերը չի խնայում նույնիսկ ակամայից վրիպումներ թույլ տվող մեր որոշ մտավորականների։ Շահեն Մկրտչյանի համար մի սրբություն կա միայն և մի հավերժական մեծություն՝ Հայրենիքը։

Երբ Թուրքիայի ցեղասպանական ծրագրերի հարավկովկասյան մասնաճյուղի  թուրք-ադրբեջանական խավարը գալարահողմի պես մի նոր կատաղությամբ արշավեց արցախական լույսի դեմ, պատմաբան-արցախագետ-արվեստաբան Շահեն Մկրտչյանը կենաց-մահու այդ ճակատամարտին մասնակցեց...հայոց Անմահների իր զորագնդով։ Ոգեղեն այդ գնդի բոլոր զինվորներն ու սպաներն Արցախ աշխարհի զավակներն են՝ Ամարասն ու Կատարո վանքը, Գտչավանքն ու Դադիվանքը, Երիցմանկունքը, Ղազանչեցոց ու մյուս եկեղեցիները, մեր պատմական լեռնաշխարհի տարածքներում սփռված ճարտարապետական բոլոր հուշարձանախմբերը՝ հանճարակերտ Գանձասարի վեհափառությամբ։ Դարերի հողմերին դիմացած այս մեծ ղարաբաղցիները Շահեն Մկրտչյանի ազնվատոհմիկ հարազատներն են, հայոց Արցախի պատմությանն ու ճարտարապետությանը նվիրված նրա մեծարժեք աշխատությունների  երկարամյա հետազոտությունների արդյունք ստվարածավալ գրքերի, վերլուծական ակնարկների գլխավոր գործող անձերը։Ուխտյալ հայրենասերը նրանցից յուրաքանչյուրի խաչքարերն ու խոյակ-ճակատները ձեռքի ափով շոյել-համբուրել է՝ ինչպես իր հարազատ պապի ճակատը կհամբուրեր որդիական խոնարհությամբ։ Տարիներ շարունակ, իր կյանքը մահացու վտանգի ենթարկելով, նա, որպես մարզային երկրագիտական թանգարանի տնօրեն, շրջել է հայոց Արցախի պատմական տարածքներում և մոռացության փոշու տակից հանել-հայտնաբերել կիսավեր կամ կործանված վանքեր ու եկեղեցիներ, հայկական բնակավայրերի անժխտելի հետքեր, հին գերեզմանատեղիներ՝ եղծված ու հազիվ ընթեռնելի մահարձաններով։ Եվ ամեն անգամ, երբ գտնում էր հողի մեջ թաղված կամ վիրավոր մի խաչքար, նա և տխրում, և հրճվում էր։ Եվ նշանավոր արցախագետի յուրաքանչյուր այդպիսի հայտնագործություն գալիս էր կրկին հաստատելու-ապացուցելու, որ այդ տարածքը պատմական հայկական հող է։ Ահա թե ինչու, երբ վրա հասավ մեր պատմական հողերը ետ նվաճելու, ազատագրելու ճակատագրական ժամը, Շահեն Մկրտչյանը ոգեկոչեց նրանց, և վանքերի ու խաչքարերի աստվածային լույսով զինված նրա գունդը թուրք-ադրբեջանական խավարի դեմ ելավ ու մռնչաց հազարամյա հայոց բարբառով. ՙՄենք կանք, կլինենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ՚։ Եվ ոգեղեն այդ գունդը մարտի դաշտ մտավ կենաց-մահու կռվի ելած հայ աշխարհազորայիններին, ապա և մեր կանոնավոր բանակի զինվորներին ու սպաներին ոգեպնդելու, գոտեպնդելու։ Ու նաև ապացուցելու այն ժամանակ դեռ խիղճը քնած աշխարհին, որ դա հայոց հող է, հայոց վաղնջական Հայրենիք։ Իսկ երբ հայի մի ձեռքին սուրն է, մյուսին՝ խաչը, նա անպարտելի է։ Եվ արցախյան լեռների նահապետ Քիրսի ու նրա եղբայրներ Դիզափայտի  ու Մռավի լանջերին բախվեցին հայոց լույսն ու թուրքական խավարը։ Եվ ինձ այնպես է թվում, որ ինքը՝ Շահենը, այդ ճակատամարտին մասնակից զինվոր-խաչքարերից մեկն է, Գանձասարի տաճարի սրբատաշ պատից իջած, դարերի խոհերից իմաստնացած -մամռակալած, եզակիորեն զարդանախշ մի խաչքար, որ մեր վանքերի բոլոր խոյակների և խաչքարերի խորհուրդն ունի իր մեջ ու նրանց լույսը։ Հայրենասերը Արցախում մի ուրիշ պատերազմ տեսավ ու սրտի արյունով գրեց այդ մասին։  Խավարի հետ դաժան գոտեմարտում մեր լույսն այնքան էր հզոր, հայրենյաց զինվորների բազկի ուժն ու հարվածն այնքան էին թափով ու անկասելի, որ խավարը խուճապահար նահանջեց։ Ցավոք, չսպանվեց, բայց սողեսող ետ գնաց ու  մակաղեց այնտեղ, որտեղից եկել էր՝ իր մոծակաշատ ճահիճներում։ Այդպես էլ պետք է լինի, նրան՝ իր տոթ արանը, մեզ՝ մեր բարձրագնա սարերը։ Որովհետև մենք առանց լույսի չենք կարող, լեռներին ենք սովոր։ Ինչպես որ Շահեն Մկրտչյանը չի կարող առանց խաչերով ու վանքերով զարդարված, ազգի լավագույն որդիների արյան գնով ազատություն վերստացած հայրենի Արցախի՝ մայր Հայաստանի և հայկական սփյուռքի աջակցությամբ իր պետականությունը կառուցող, զարգացող- հզորացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որն իր կյանքն է, իր անցյալը ու նաև իր ապագան։ Այսինքն՝ իր անմահությունը։

                                                                      

Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրագրող