[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ ԲՌՆԱԾ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մհեր ԴԱՆԻԵԼՅԱՆԸ կդառնար 45 տարեկան

 Հուլիսի 1-ին ՍԵտեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 դպրոցում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից կազմակերպված հիշատակի միջոցառումը նվիրված էր Արցախյան պատերազմի նահատակ,  ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր Մհեր Դանիելյանին։ Ներկա էին ՊԲ պատասխանատուներ, զինվորներ, Մհերի մայրը, քույրերը, հարազատները, մարտական ընկերները, նույն դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ։ 

Հիշատակի միջոցառումը բացեցին զինվորները՝ արտասանելով սպարապետ Վազգեն Սարգսյանի այն խոսքը, որ Արցախ աշխարհը բառերով սիրվող կամ էլ հեռադիտակով դիտվող երկիր չէ։ Մեր սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով, իսկ միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում։ Ու պատմության մեջ հիշվում են այն մարդիկ, ովքեր ընտրում են անանձնական սիրո ճանապարհը, հատկապես ճակատագրական այն պահերին, երբ հայրենիքը վտանգված է։ Այս անձանց շարքին է դասվում նաև Սհեր Դանիելյանը, ով առաջնային համարեց հայրենիքի պաշտպանության գործը և ՙիմացյալ մահ անմահություն է՚ գաղափարի գիտակցումով նետվեց պայքարի։  

Մհերի կյանքի ու մարտական ուղու մասին պատմեց ՊԲ ռազմահայրենասիրական բաժնի պետ  փոխգնդապետ Բարեղամ Մուրադյանը։ Նրա  խոսքով՝ Մ. Դանիելյանն այն հերոսներից է, ովքեր ժողովրդի հիշողության մեջ հավերժ կմնան որպես հայրենիքի անձնուրաց և նվիրյալ զինվորականներ։ Մհերը ծնվել է 1971թ. հունիսի 21-ին, Ստեփանակերտում։ Սովորել է մայրաքաղաքի հ. 7 միջնակարգ դպրոցում, այնուհետև Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում ստացել ներկարարի մասնագիտություն, իսկ 1988թ. ավարտել ավտոդպրոցը։ 1989թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Թբիլիսի և Էջմիածին քաղաքների զորամասերում։ Զորացրվելուց անմիջապես հետո վերադարձել է հայրենիք և կամավորագրվել Արցախի ազատագրության պայքարին։ 1991-1992թթ. մասնակցել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Նույն ժամանակահատվածում Մհերը դարձել է Ստեփանակերտում գտնվող խորհրդային զորամասերից վերցված հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ-2) մեխանիկ¬վարորդը։ 1992թ. մարտի 9-ին, երբ ազերիներն Աղդամի կողմից հարձակվում են Ասկերանի վրա, Մհերը ՀՄՄ-2-ով օգնության է հասնում ասկերանցիներին։ Տեղի  ունեցած թեժ մարտում ոչնչացվում են թշնամու մեծաքանակ ուժեր և զրահատեխնիկա։ Մհերն իր մարտական ընկերոջ՝ Գառնիկ Դանիելյանի հետ  բազում սխրանքներ է գործում նաև Շուշի-Լաչին ճանապարհի մերձակա տարածքներում՝ խուճապի մատնելով հակառակորդին։ Ապրիլ ամսին նրանց միանում է հերթական անբաժան ընկերը՝ Ալբերտ Մաղաքելյանը, ում հրամանատարությամբ նրանք հետևակի զրահամեքենայով հերոսաբար մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում։ Երեք հոգուց բաղկացած անձնակազմը հրաշքներ էր գործում։ 1992թ. ապրիլի 22-ին ազերիները լայնածավալ հարձակում են կազմակերպում Մարտունու շրջանի հարավային ուղղությամբ։ Հրետակոծում են Խազազի բարձունքի հայկական դիրքերը, ապա հարձակվում տանկերով և ՙԿոբրա՚ ուղղաթիռներով։ Թեժ ճակատամարտ է սկսվում։ Այստեղ, ինչպես միշտ, Ալբերտը, Մհերն ու Գառնիկը գործում են անվրեպ. խփում և ոչնչացնում են թշնամու մեկ հրանոթ, երկու ուղղաթիռ, մեկ զրահամեքենա։ ՀՄՄ¬2¬ի անձնակազմը գրավում է բարձունքներից մեկը և փակում Ֆիզուլիից եկող օգնության ճանապարհը։

Մհերն իր ընկերների հետ եղել է Ազատամարտի գրեթե բոլոր ճակատներում։ Մարտերից մեկում նա գլխից վիրավորվում է, սակայն շուտափույթ վերադառնում է ընկերների մոտ և հաջորդ օրը մեկնում Շռլան, որտեղ համատեղ ոչնչացնում են մեծ թվով ադրբեջանցիների։ Աձնակազմի անօրինակ գործողությունները նոր իմաստ են ստանում հատկապես 1993-ին՝ Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերում։ Մասնակցում են Հարությունագոմերի, Վերին Հոռաթաղի, Կոճողոտի, Վաղուհասնի, Գետավանի, Չափարի, Հաթերքի, Զագլիկի և մյուս գյուղերի համար մղվող ազատագրական մարտերին։ Հակառակորդից առգրավում են մեծ թվով ռազմատեխնիկա, զինամթերք։ Իրենց անօրինակ սխրագործությունների համար ՀՄՄ¬2-ի անձնակազմն ստանում է շնորհակալագրեր, պատվոգրեր, այլ պարգևներ։ 1993թ. մարտի 28-ին նրանք մեկնում են Մոխրաթաղ, որտեղ թշնամին ՙՖագոտ՚-ով խոցում է տղաների զրահամեքենան։ Եվ այստեղ մահացու վիրավորվում է Մհեր Դանիելյանը։ 

Մհերի սխրանքը գնահատվեց ըստ արժանվույն. ԼՂՀ իշխանությունների կողմից հետմահու նա արժանացավ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանի։ Բ. Մուրադյանը, պատմելով հավերժի ճամփան բռնած Մհեր Դանիելյանի մասին, անդրադարձավ նաև միջոցառմանը ներկա ՀՄՄ-2-ի անձնակազմի մյուս անդամներին՝ Ալբերտ Մաղաքելյանին ու Գառնիկ Դանիելյանին, ովքեր այսօր էլ, քաղաքացիական կյանքում շարունակում են ակտիվ կենսադիրքը պահպանել։ Հուզմունքը մի կերպ զսպելով՝ Գառնիկը պատմեց, թե ինչպես է ծանոթացել Մհերի հետ։ 

Բանաստեղծ Սոկրատ Խանյանը մի առանձին ջերմությամբ խոսեց Մհերի մասին, քանի որ նրանք հարևաններ էին, ընտանիքներով մտերմացած։ Բանաստեղծը պոեմ էր գրել հերոսի հիշատակին, իսկ վերջերս նաև մեկ այլ բանաստեղծություն, որից հատվածներ  ընթերցեցին թիվ 7դպրոցի Մ.Դանիելյանի անունը կրող 6-րդ ՙդ՚ դասարանի աշակերտները։ Ս. Խանյանը հիշեց Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեին, ով 1500-անոց զորաբանակով մեկ տարվա մեջ 28 անգամ ջախջախիչ հարվածներ հասցրեց  արաբական 200-հազարանոց զորքին, որը գլխավորում էր ծագումով թուրք Բուղան։ Թշնամին ավերել էր Հայաստանը ու հասել Արցախ, սակայն, ինչպես միշտ, արցախցին հետ մղեց հակառակորդին։  Բանաստեղծն անդրադարձավ հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներին, 1988թ. զարթոնքին և կոչ արեց միաբանվել, պաշտպանել հայրենիքի սահմանները, պահպանել մեր ազգային արժանապատվությունը։ Հանձին Մհերի՝ նա հիշեց  բոլոր նահատակներին և իր ժողովածուներից մի քանիսը նվիրեց Պաշտպանության բանակին։ 

Հիշատակի միջոցառմանը հանդես եկավ Մհերի ուսումնառության տարիների դպրոցի տնօրեն Օնիկ Ասրյանը, ով հերոսին ճանաչում էր մանկուց, որովհետև նրա պապիկն ու տատիկը ապրում էին հարևանությամբ, իսկ այդ գեղեցիկ ու շարժուն տղան հաճախակի էր լինում այնտեղ։ Նա կարգապահ ու դաստիարակված տղա էր, սովորում էր միջակ, բայց դա նրան չխանգարեց դառնալ մեր երկրի օրինակելի պաշտպան։ 

Զինվորականները խոնարհումի և սփոփանքի խոսք ասացին այն ծնողներին, ովքեր հերոս կտրիճներ են դաստիարակել, իսկ ՊԲ ՙԱսպետ՚ համույթի մենակատարները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով։ Մհերի մայրը՝ Ամալյա Դանիելյանը, պատմեց, թե ինչպես էր թախանձագին խնդրում Աստծուն, որ արու զավակ ունենա՝ թեկուզ վնասվածքով։ Եվ Մհերը ծնվում է կոտրած ձեռքով։ Ընդամենը մեկ ամսում նրան բուժում են, և տղան մեծանում է առողջ ու աշխույժ, ուժեղ՝ ինչպես Սասնա Մհերը։ Հունիսի 21-ին Մհերը կդառնար 45 տարեկան։ 

ՙԵս այն մայրն եմ, որ ուժ ունեցա 25 տարի հեռակա նշել Մհերի ծնունդը։ Խնդրում եմ չմոռանալ մեր հերոսներին, ովքեր իրենց արյամբ ազատագրել են հող հայրենին։ Կոչ եմ անում մայրերին, որ լաց չլինեն, բարձր պահեն իրենց գլուխը. չէ՞ որ նրանք ծնել են հերոս մարտիկներ՚,¬ ասաց տիկին Ամալյան՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին։ Մհերի մասին հիշողություններով հանդես եկավ նաև քույրը՝ Էլմիրա Դանիելյանը։ Բարեմաղթանքի և օրհնանքի խոսքով ներկաներին ոգեկոչեց Տեր Մաթևոս քահանան, ով Մհերի հետ միասին էր ավարտել դպրոցը։ Նա հիշեց հատվածներ Աստվածաշնչից և փաստեց, որ հայ ժողովուրդը՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, դարեր ի վեր հետևում է քրիստոնեական պատգամներին՝ չուրանալով հավատքն ու հայրենիքը։ ՙՎախկոտը մեռնում է ամեն օր, իսկ հերոսը՝ մեկ անգամ։ Մենք ապրելու ենք և ունենք նաև հարության հույս։ Մեր ազգը միշտ պետք է միաբան լինի, հետևի Քրիստոսի պատվիրաններին և վստահ լինի, որ յուրաքանչյուր մարդ կստանա իր գործի արժանի հատուցումը։ Սեր հերոս տղաներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց ընկերների։ Եվ սա Աստծո կամքն է։ Այսօր էլ մեր զինվորները դիրքերում ունեն մատուռներ և հավատքով պաշտպանում են ազգի անվտանգությունը՚,-հավելեց Տեր Մաթևոս քահանան։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ