[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ վերահսկիչ պալատը (ՎՊ)  վերահսկողություն է իրականացրել որոշ ծրագրերի իրականացման համար Հադրութի շրջվարչակազմին և քաղաքաշինության նախարարությանը հատկացված գումարների արդյունավետ ու նպատակային օգտագործման ուղղությամբ:

Հուլիսի 12-ին Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը նվիրված էր այդ ստուգումների արդյունքների ամփոփմանը:

Ըստ ՎՊ 3-րդ բաժնի պետ Մարատ Օհանյանի զեկուցման` Հադրութի շրջվարչակազմում վերահսկողություն է իրականացվել ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ` 2014թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ընդգրկմամբ: Վերահսկողությունն ընդգրկել է գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման (շուրջ 266մլն 114 հազ. դրամ), կապիտալ ներդրումների պետական պատվերի ( 59մլն 500 հազ.), այլ   (30 մլն 865 հազ.) ծրագրեր:

Ստուգումներից պարզվել է, որ ջեռուցման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման նորմացույցերով նախատեսված սահմանաչափերը գերազանցվել են ընդհանուր առմամբ 1 մլն 533 հազ. դրամով, երկուական ավտոմեքենաների պահպանման ծախսը` 1մլն 213 հազ. դրամով: Բացակայում են շուրջ 5մլն 400 հազ. դրամ գումարի սահմաններում կատարված ներկայացուցչական ծախսերը հիմնավորող, սոցիալապես անապահով խավերին բնեղեն  տեսքով շուրջ 3 մլն 370 հազ. դրամ արժեքով  տրված նյութական օգնության ստացման, ինչպես նաև տոնական օրերի միջոցառումների ուղղությամբ կատարված շուրջ 1 մլն 230 հազ. դրամի ծախսերը  հավաստող փաստաթղթերը, կատարվել են 920 հազ. դրամի ոչ նպատակային ծախսեր:  ՙԳնումների մասին՚ օրենքի խախտմամբ` շուրջ 18 մլն 800 հազ դրամ արժեքով շինանյութերը ձեռք են բերվել ոչ թե շրջանակային համաձայնագրերով, այլ բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: 

Պետական գրանցում չեն ստացել 247 հա գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության պայմանագրերից ծագած իրավունքները: Իսկ անբարեխիղճ հողօգտագործողների դեմ հայցադիմումը շրջվարչակազմը դատարան է ներկայացրել ուշացումով, ինչի արդյունքում ԼՂՀ  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շրջվարչակազմի կողմից ներկայացված շուրջ 2 մլն 350 հազ. դրամ գումարի հայցային դիմումները մերժել է:  

Նիստին ներկա Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վ. Գևորգյանը, պարզաբանումներ ներկայացնելով, նշեց այն խոչընդոտները, որոնք առաջանում են գործընթացում:

 Վերահսկիչ պալատի խորհրդի նախագահ Է. Ավանեսյանն անձնակազմի պատրաստակամությունը հայտնեց  խախտումները, թերությունները շտկելու ուղղությամբ անհրաժեշտ խորհրդատվական և մեթոդական աջակցություն ցույց տալու գործում: Հարցեր առաջանում են այն օբյեկտներում, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերը կա՜մ կազմված չեն, կա՜մ էլ այդ հաշվարկները չեն անցնում համապատասխան փորձաքննություն: Միևնույն ժամանակ նշվեց, որ կապիտալ ներդրումների ուղղությամբ թերություններն առկա են բոլոր շրջաններում, որոնք հիմնականում  առաջանում են ոլորտը կարգավորված չլինելու պատճառով, և կառավարությունը պետք է   համապատասխան կարգ մշակի: 

 Վերահսկիչ պալատը հունվար-մայիս ամիսներին ուսումնասիրել է կապիտալ ներդրումների պետական պատվերի շրջանակներում Ստեփանակերտ  քաղաքում իրականացվող կառուցման, վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ծրագրով  Քաղաքաշինության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների օգտագործմանն ուղղված գործառույթները և ընթացակարգերը: Նպատակն էր պարզել կապիտալ ներդրումների պետական պատվերի շրջանակներում  Քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունն ու համապատասխանությունը ԼՂՀ իրավական ակտերին։ 

Վերահսկիչ պալատի 4-րդ բաժնի պետ Դավիթ Խաչատրյանի տված եզրակացությամբ` հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով վերահսկողություն է իրականացվել 5 օբյեկտների շինարարական աշխատանքների գործընթացի նկատմամբ` 503 մլն 932  հազ. դրամ արժեքով: Վերահսկիչ չափագրման են ենթարկվել շուրջ 233 մլն շինարարական աշխատանքներ: Դրանց մոտ 2 տոկոսում`10մլն 218 հազ. դրամ  (ինչը ենթակա է վերականգնման) հավելագրումներ են արձանագրվել: Խախտումների 68 տոկոսը հայտնաբերվել է այն օբյեկտներում, որոնց մասով չեն կազմվել պատշաճ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Մի շարք օբյեկտներ շահագործման են հանձնվել ժամկետների խախտմամբ, որոշ դեպքերում չկան ապամոնտաժման ակտեր կամ քանդված նյութերի պիտանիության մասին տեղեկություններ: Մի շարք դեպքերում շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց թույլտվության: 

Վերահսկողության ընթացքում ի հայտ եկած խախտումները, թերությունները, բացթողումները վերացնելու և հետագայում դրանք բացառելու նպատակով Վերահսկիչ պալատն առաջարկություններ է ներկայացրել Քաղաքաշինության նախարարությանը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ