Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արցախի ժուռնալիստների միությունը մեկ անգամ չէ, որ արձագանքել է շրջանային թերթերի հիմնախնդիրներին։ Հուլիսի 12-ին կազմակերպության նորաբաց գրասենյակում լրագրողների հետ անդրանիկ հանդիպումը՝ շրջանային թերթերի խմբագիրների մասնակցությամբ, առկա հրատապ խնդիրների լուծմանն էր վերաբերում։ 

 Ողջունելով գործընկերներին՝ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշեց, որ շրջաններում լույս ընծայվող տպագիր մամուլին վերաբերող տարբեր խնդիրներով քննարկումներ մի քանի անգամ արդեն եղել են (նախորդն Ասկերանում էր)։ Դրանց վերաբերյալ որոշ առաջարկություններով անգամ դիմել են կառավարությանը. եղել են խոստումներ, բայց հարցերի մեծ մասը մնացել է չլուծված։ Այսօր անհրաժեշտություն է առաջացել կրկին անդրադառնալ դրանց, հատկապես որ՝ փոխվել են խմբագիրներից մի քանիսը։ Ներկայում, ըստ Կ. Գաբրիելյանի, տպագիր մամուլի համար առաջնահերթ խնդիրն էլեկտրոնային տարբերակ ունենալն է։ Շրջանային թերթերը լավագույն դեպքում լույս են տեսնում ամիսը երկու անգամ և երբ հասնում են ընթերցողին,  տեղեկատվությունն այլևս կորցրած է լինում օպերատիվությունը։ Իսկ էլեկտրոնային տարբերակը, հակառակը, ցանկացած ինֆորմացիա կարող է թարմ մատուցել ընթերցողին։ Բացի այդ, կայքէջի հնարավորությունները մեծ են, և լուսանկարների տեղադրման առումով էլ խնդիր չունեն։ ՙՏեղեկատվությունը եղել է, կա ու կլինի ամենակարևոր ու թանկ ապրանքը, ինչը, ցավոք, մեզ մոտ միշտ չի ընդունվում։ Որպես տեղեկատվական դաշտի զինվորներ՝ մենք մեր աշխատանքը պետք է կատարենք լավագույնս՚,- ասաց Կ. Գաբրիելյանը։

Անշուշտ, յուրաքանչյուր շրջան իր հնարավորություններն ունի՝ մեկը մի քիչ շատ, մեկը՝ փոքր-ինչ պակաս… Այսօրվա դրությամբ շրջանային թերթերից միայն Ասկերանի շրջանի ՙԲերդ՚ թերթն է, որը երեք տարուց ավելի է՝ կայքէջ ունի (berd.am)։ Շրջվարչակազմի ղեկավարությունն աջակցում է այդ ծրագրին, ինչը ողջունելի է։ Արձանագրված շուրջ 400.000 ընթերցողի այցելությունը կայքէջ խոսում է այն մասին, որ թերթի էլեկտրոնային տարբերակը պահանջված է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում հազարավոր արցախցիներ ապրում են երկրի սահմաններից դուրս, և շատերը ծարավ են ծննդավայրի մասին տեղեկատվության, էլեկտրոնային տարբերակի անհրաժեշտությունն էլ ավելի է կարևորվում։ Բայց թե ինչպես և ինչ միջոցներով պետք է ցանկալին իրականություն դարձվի՝ առայժմ ուղիներ են որոնվում։ Պետությունը դոտացիա է տալիս շրջանային թերթերին, ինչը հատկացվում է միայն աշխատավարձին։ Տպագրական ծախսերը հոգում է խմբագրությունը՝ բաժանորդավճարի հաշվին։ 

ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանի կարծիքով՝ տպագրական քանակը կրճատելու հաշվին կարելի է զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային տարբերակը։ ՙԿան խնդիրներ, որ լրատվամիջոցների պատասխանատուների համատեղ ջանքերով պետք է լուծում ստանան։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում մենք դեռևս բավականին հետ ենք մնում։ Ըստ իս՝ որքան էլ ակտիվ գործեն հանրապետական լրատվամիջոցները, միևնույն է, չեն կարող ամեն ինչի մասին օպերատիվ տեղեկատվություն ապահովել։ Ունենք նվիրված խմբագիրներ, լրագրողներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ կանեն այդ գործը, ինչո՞ւ չանել, չստեղծել դա՚,- ասաց Վ. Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է սոցցանցերին՝ ֆեյսբուքյան էջ կամ այլ կարգի միջոցներին, որոնց մասին խոսք եղավ քննարկումների ընթացքում, դրանք չեն կարող կատարել այն դերը, ինչ անում է տպագիր մամուլի էլեկտրոնային տարբերակը, համոզված են թերթերի խմբագիրները։ 

ՙՍտեփանակերտ՚ թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանի խոսքով՝ խմբագրություններն ինքնուրույն գործելու հնարավորություն չունեն և չեն կարող տպաքանակը կրճատել՝ ֆինանսական միջոցներից հատկացնել այդ նպատակին։ Բացի այդ, հաստիք տրամադրելու խնդիր ևս կծագի։  

Մարտակերտի շրջանի ՙՋրաբերդ՚ թերթը 1500 տպաքանակ ունի, ինչը մյուս թերթերի համեմատ լավ ցուցանիշ է։ Թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանի խոսքով՝ էլեկտրոնային տարբերակն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում՝ դրսում ապրող մարտակերտցիներին թարմ և հարուստ տեղեկատվություն մատուցելու։ ՙԱյս տարբերակով կարող ենք նաև աջակիցներ գտնել՝ ոչ միայն էլեկտրոնային թերթի լույսընծայումն ապահովելու, այլև շրջանում առկա խնդիրների լուծմանը  նպաստելու համար՚,- ասաց Լ. Զաքարյանը։

ՙՄենք չենք նսեմացնում տպագիր մամուլի դերը, այն շատ կարևոր է,- ասաց Կիմ Գաբրիելյանը։- Որքան էլ էլեկտրոնային լրատվամիջոցը լավ գործի, միևնույն է, տպագրական մամուլն իր առանձահատուկ նշանակությունն ունի։ Բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ամենաթարմ և օպերատիվ ինֆորմացիան կարող ենք ստանալ միայն համացանցի միջոցով՚։ 

Էլեկտրոնային թերթը կարելի է օգտագործել նաև կոմերցիոն նպատակներով։ Կ. Գաբրիելյանի խոսքով՝ դա նաև որոշակի եկամուտ ստանալու հնարավորություն է։ ՙԲոլորս էլ գիտենք, որ լրագրողի աշխատավարձը ցածր է, հոնորարային ֆոնդը՝ չնչին, ուստի կարելի է այդ հարթակն օգտագործել նաև սոցիալական խնդիրների լուծման համար. տեղադրել գովազդներ, հայտարարություններ, ընդունել պատվերներ, ինչը կարծում եմ, լրացուցիչ եկամտի աղբյուր կլինի՚,- ասաց նա։

Իրականում շրջանային թերթերի պատասխանատուները բոլորն էլ կողմ էին թերթի էլեկտորնային տարբերակին, բայց թե ինչպես և ինչ միջոցներով պետք է գործը գլուխ բերվի՝ առայժմ պարզ չէ։ Եղան կոնկրետ առաջարկություններ, որոնք կներկայացվեն կառավարությանը։  

Իսկ Արցախի ժուռնալիստների միությունն էլ պատրաստ է աջակցել՝ իր վրա վերցնելով բոլոր տեսակի համակարգման աշխատանքները։ ՙՄենք կարող ենք դասընթացներ կազմակերպել կայքէջի վրա  աշխատողների համար։ Այս ամենն անում ենք մեր երկրի, Արցախի լրատվադաշտի զարգացման համար։ Խնդիրն այն է, որ թերթը հնարավորինս ընթերցողների ավելի լայն շրջանակ ընդգրկի, որպեսզի կարողանա օգնել, նպաստել մեր հասարակությանը, մեր երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանը, ինչու չէ՝ նաև քաղաքական խնդիրների լուծմանը՚,- եզրափակեց ԱԺՄ նախագահը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ